«Արյունոտ ծաղրածու» նախագիծ. Գյումրիում առավոտյան 11-ից շրջայց կսկսի

«Արյունոտ ծաղրածու» նախագիծ. Գյումրիում առավոտյան 11-ից շրջայց կսկսի

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում առավոտյան ժամը 11-ից մեկնարկում է քայլերթ-շրջայց «Արյունոտ ծաղրածու» նախագծի շրջանակներում։ Նախագիծը Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու մասին է։

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավաբան Կարապետ Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Մեր նախորդ տեսանյութով գիտես, որ ուսապարկից [ՆՓ-ի ուսապարկն է խորհրդանշում 2018-ի իշխանափոխության օրերին] հանել էինք իրեր, որոնց խորհուրդը բացատրել էինք։ Եվ նոր իրերի հետ հին իրերը տեղափոխել էինք ճամպրուկի մեջ»։ 

Պողոսյանը նշեց, որ տարբեր մարդիկ են ֆլեշմոբին միացել և իրենց վերաբերմունքն իրերի սիմվոլով փոխանցել, որպեսզի տեղափոխեն ճամպրուկի մեջ։ Առավոտյան արդեն նախագծի մասնակիցներն այդ ճամպրուկը վերցնելու են ու շարժվելու Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ին անցած ճանապարհով։ «Ճանապարհով, որը Գյումրիից անցել է, հասել է Երևան, այդ նույն ճանապարհով, նույն բնակավայրերում լինելու ենք, մարդկանց հետ հանդիպելու ենք։ Նաև փորձելու ենք մարդկանց կարծիքը, դիրքորոշումը հասկանալ։ Եվ, ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - մանրամասնեց ընդդիմադիր գործիչը։

Նա նաև ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում երևում է ծաղրածուի դիմակ, որը նույնպես իմքայլական վարչապետին խորհրդանշող իրերից մեկն է։

Սիմվոլիկ իրերի մեջ է մտնում նաև 2020 թվականին իմքայլականների կողմից նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը՝ «Հպարտ քաղաքացու անձնագիրը»։

Գյումրեցի գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանն իր տեսաուղերձում ասել էր, որ փոխանցում է «Հպարտ քաղաքացու անձնագիրը», ինչպես նաև՝ մի քարտեզ։ «Ուզում եմ նաև կապիտուլյանտի ուսապարկի մեջ տեղադրել իր կողմից նկարված էսօրվա Արցախի քարտեզը։ Եվ ինձ պահել այն Արցախի քարտեզը, որ ունեցանք 30 տարի շարունակ՝ մինչև կորուստը», - ասում է հրապարակախոսը։

«Կապիտուլյանտը պիտի հեռանա, իսկ ճամպրուկը սկսում ենք տեղափոխել վաղվանից, միացեք մեզ և ձեր սրտի նվերը փոխանցեք», - իր ՖԲ էջում գրել է Կարապետ Պողոսյանը։