Էրդողանը մեծ սպասումներ ունի Թրամփից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը կայցելի Անկարա։
Anadolu-ի փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին լրագրողներին ասել է Բուդապեշտից վերադառնալուն պես, որտեղ հինգշաբթի օրը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Թրամփը դրական հայտարարություններ է արել Թուրքիայի վերաբերյալ։ Հուսով եմ՝ նա կընդունի Թուրքիա այցելելու մեր հրավերը»,- ասել է նա։
Էրդողանը հույս է հայտնել, որ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում տարածաշրջանում կայուն խաղաղություն կհաստատվի։
«Դոնալդ Թրամփի ընտրվելն ԱՄՆ նախագահի պաշտոնում մեծ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքում քաղաքական և ռազմական հավասարակշռության վրա», - ասել է նա:
Բացի այդ, Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարայի և Վաշինգտոնի համագործակցության միջոցով կարելի է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում՝ Պաղեստինի հարցը և ռուս-ուկրաինական ճգնաժամը։
Կարծիքներ