Համերգ՝ Արմեն Սարգսյանի, Արարատ Միրզոյանի ներկայությամբ

Համերգ՝ Արմեն Սարգսյանի, Արարատ Միրզոյանի ներկայությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում դեկտեմբերի 6-ի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գյումրիին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա էին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հրավիրյալներ հանրապետության մարզերից:
Համերգի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Համերգի ընթացքում Գյումրիի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների կատարմամբ հնչել են դասական, գուսանական ու ժողովրդական ստեղծագործություններ:

Համերգի ավարտին նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով բոլորին, իր խոսքում նշեց, որ երկրաշարժի տարելիցի նախօրեին Գյումրիի երաժշտարվեստը ներկայացնելուց զատ համերգը նաև հարգանքի տուրք էր 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին. «Գլուխ եմ խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առաջ, որ սրանից 31 տարի առաջ իրենց կյանքն ավարտեցին Կիրովականում, Սպիտակում և Լենինականում ու նաև այն բոլոր մայրերի, հայրերի, եղբայրների և քույրերի առաջ, որոնք չվհատվեցին և հավատացին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը, և իրենց նվիրումը բերեցին իրենց զավակներին, թոռներին, որպեսզի կրկին ապացուցեն, որ Վանաձորը, Սպիտակն ու Գյումրին ընդմիշտ են»,-ընդգծել է նախագահը:

Նախագահական նստավայրում ցուցադրության էր ներկայացված գյումրեցի արվեստագետների ստեղծագործությունները: Համերգի կազմակերպչական հարցերում իր աջակցությունն էր ունեցել մշակույթի վաստակավոր գործիչ, քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: