Փաշինյանի ելույթը լսելուց հետո Ալիեւն ի՞նչ է անելու. ոգեւորվելու է, հոխորտալու է, ծաղրելու է

Հաճախ մեզ թվում է, թե այն անհեթեթ տեքստերը, որոնք արտասանվում են Հայաստանում` միայն ներքին լսարանի համար են: Ասենք, խաղաղության, սահմանազատման, փայլուն ապագայի, կոմունիկացիաների ապաշրջափակման մասին ելույթներով ՔՊ-ական իշխանավորները փորձում են փափուկ բարձ դնել ՀՀ քաղաքացիների գլխի տակ, բթացնել նրանց զգոնությունը, համոզել, որ ոչ մի բան չեն հանձնել, չեն հանձնելու, ոչ մի անվտանգային խնդիր մենք չունենք:
Բայց ինչո՞ւ են այդ նույն տեքստերը արտասանում նաեւ դրսում` Վաշինգտոնում, Փարիզում ու Մոսկվայում: Ում են ուզում համոզել, որ մեր տարածաշրջանը խաղաղ է, մենք Արցախը հետ չենք ուզում, որ հրաշալի հարաբերություններ ունենք մեր հարեւան երկրի հետ, որի ղեկավարն ամբողջ օրը խոսում է Հայաստանը գրավելու եւ ադրբեջանական հորդաներով վերաբնակեցնելու մասին:
Օրինակ, այսօր Մոսկվայում Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է նման ելույթ ունեցել` ո՞վ կարող է բացատրել: Որ Ալիեւի սիրտը շարժի՞, որ Պուտինին համոզի` մի կողմ քաշվիր, մենք մեր հարցերն իրար հետ կլուծե՞նք, որ ՀԱՊԿ-ին համոզի, որ քո օգնության կարիքը չունե՞նք, որ Եւրոպային ցույց տա, որ եթե անգամ Հայաստանի կեսն էլ գրավեն` ռուսական զորքն ու ՀԱՊԿ-ն այլեւս Հայաստանում տեղ չունե՞ն:
Ի՞նչ իմաստ ունի Ալիեւի կողքը կանգնել ու հայտարարել. «Այս տարի մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում, և մասնավորապես, Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի երեք հատվածներում իրականացվել է սահմանազատում, և այդ հատվածներում խորհրդային ժամանակաշրջանի միջհանրապետական վարչական սահմանն արդեն վերարտադրվել է որպես սահմանազատված միջպետական սահման։ Սա, անկասկած, հաջողության օրինակ է։ Մեկ այլ կարևոր իրադարձություն տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 30-ին, երբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը...»։
Նման նվաստացուցիչ, ստորաքարշ տեքստ, խեղճի, խնդրողի, ստրուկի խոսք լսելուց հետո Ալիեւն ի՞նչ է անելու: Պարզ չէ՞, որ ոգեւորվելու է, ավելին է պահանջելու Հայաստանից, ծաղրելու է ՀՀ ղեկավարին, հոխորտալու է, թե հայերին մինչեւ վերջ կոտրեցի:
Կարծիքներ