Նվերների համար merci beaucoup
Գայլն ի՞նչ կուզի՝ մութ գիշեր։ Այսօր այդ վիճակն է։ Ամեն ինչ ընթանում է այնպես, որ իշխանության վերարտադրման համար նպաստավոր լինի։ Երկիրը իրար է խառնվել այնպես, ինչպես իրար չէր կարող խառնել ամենաահեղ փոթորիկը։ Իսկը որսի ժամանակն է։ Արտահերթ ընտրության հոտ է փչում։ ՔՊ-ն ընտրությունից առաջ նոր փոփոխություններ է կատարում ՀՀ ընտրական օրենսգրքում՝ ապահովագրելով իրեն։ Իշխանությունը հնարավորություն է ստեղծում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու միջոցով չեղարկելու ընտրության արդյունքները և նոր ընտրություն նշանակելու քվեարկության նախնական արդյունքների պահին, եթե ստացված արդյունքներն իրեն չգոհացնի։ Եվրոպան չի խանգարի։ Արտահերթ ընտրության հոտը թունդ է։ Դրան ընդառաջ Որսորդը հեծանիվով «աշխարհն է չափում» , իբր իր հետ կապ չունի կատարվածը, ինքը կնոջ ու երեխաների հետ տուրիստական «խաղաղարար շրջագայություններ է կատարում» , հեծանվային «չլոցիներ է անում»։ Ֆեյսբուքյան իր էջում սելֆիներ է տեղադրում, թե ոնց է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, փոխադարձաբար իրար մեջք շոյում։ Ասել է թե՝ տեսեք ի՜նչ կարգի մտերմություն ունեմ։ Հետո Էստոնիայի վարչապետի հետ է հանդիպում, ձեռքը բռնում ու սկսում անկանոն ու երկար թափահարել։ Ասել է թե՝ տեսեք ի՜նչ կարգի մտերմությամբ եմ բռնել ձեռքը, կարող եմ նաև բաց չթողնել։ Հետո Բուլղարիայի նախագահի հետ մի այնպիսի ժպիտով է հանդիպում, ասել է թե՝ եղբայր, ուշ- ուշ ենք հանդիպում։ Հանդիպում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ, ձեռքսեղմումից հետո այնպիսի դիրք է ընդունում, ասել է թե՝ դե խոսա՜, լսում եմ։ Ես տեր, դու ծառա։
Ֆեյսբուքյան նման սելֆիներ անում են այն աղջնակները, որոնք ճանաչման անսահման պահանջ ունեն։ Որոնք ոչի՜նչ չեն տեսել ու իրենց նոր շորը ցուցադրելու համար վառվու՜մ են։ Ո՞րն է Փաշինյանի հանդիպումների արդյունքը։ Ի՞նչ է դա տալիս պետությանը․ ոչի՜նչ։ Ու այդ ոչինչը ամփոփվում է եվրոպական գրկախառնությունների մեջ , թուրքական զննողական հայացքի ներքո։ Այո՜, Հայաստանը պատրաստ է վիրահատվելու, իր կարևոր օրգանները հանձնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Շրջագայում ու ամենուր դա է թմբկահարում։ Տարբեր երկրների ղեկավարների հայացքներում միայն ցնծություն և ուրախություն է, չէ՞ որ առողջ օրգաններ են ստանում․․․ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը ոնց որ չկար նվիրատուի ֆեյսբուքյան էջում։ Ամենացանկալին գաղտնի է պահում։ Բայց մամուլում հանդիպեցի, որ նրանք զրուցել են։ Թուրքիային նախագահը գրկախառնությունների ֆոնին կարծես զննում է նրան՝ իրո՞ք հանձնում է երկրի կարևոր օրգանները։ Նա չի պատկերացնում և րոպե առաջ իրագործված է ուզում տեսնել պայմանագիրը, որն ունի խաղաղություն անունը, բայց իրականում նշանակում է ՝ խաղաղություն ձեր հոգուն։ Ո՞վ կարող է պատկերացնել, որ հանուն աթոռի՝ մարդը կարող է հանձնել իր երկրի կենսական օրգանները։ Այդ գրկախառնությունը մի անուն ունի՝ նվերների համար «merci beaucoup»։
Կարծիքներ