Եթե փակ ձևաչափով էլ է անցնում այն, ինչ մենք տեսանք, դա սարսափելի է

Եթե փակ ձևաչափով էլ է անցնում այն, ինչ մենք տեսանք, դա սարսափելի է

Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիեւ բաց ֆորմատով հանդիպումը բացառիկ էր իր տեսակի մեջ: Նախկինում երբեւէ երկու երկրների ղեկավարներն իրար հետ նման ձեւաչափով չէին հանդիպել ու զրուցել հանրության առջեւ: Փաշինյանի պահվածքն ու պատասխանները նրա թիմակիցների մոտ հրճվանք առաջացրին, թե տեսա՞ք ոնց Ալիեւի պորտը տեղը դրեց, իսկ հակառակ ճամբարը սկսեց քննադատել ու հանդիպումը համարել անպտուղ: Քննադատողներից էր նաեւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, որը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնական խնդիրը հենց ձեւաչափն էր:

«Որովհետեւ բովանդակային դիսկուրս էդտեղ անհնար էր ստանալ, էդտեղ ամեն կողմը կարծես թե պետք է ներկայացներ իր մոտեցումներն ու դիրքորոշումը, բայց գնացին պատմական էքսկուրսի, իրար ստի մեջ մեղադրելու ոչ բովանդակային քննարկումների, եւ բովանդակայինը շատ փոքր տեղ կազմեց: Երկրորդ․ ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչու էր ֆորմատը Փաշինյան-Ալիեւ, այլ ոչ թե Բակո Սահակյան-Ալիեւ, որովհետեւ մյունխենյան կոնֆերանսի շրջանակներում կա հնարավորություն Կոսովոյի եւ Սերբիայի օրինակով անցկացնել նույն ձեւի քննարկում ԼՂՀ եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ»,- նկատեց տիկին Էլիբեգովան:

- Բայց Ալիեւն ի սկզբանե մերժում է Արցախը բանակցային սեղանի շուրջ տեսնելու մեր ցանկությունը:

- Իհարկե, մերժում է, ինքը միշտ առաջարկել է հետեւյալ տարբերակը, որ եթե նստում են, ապա նստում են երկու համայնքներ, ինչը մեզ համար անընդունելի մոտեցում է: Բայց եթե մենք մեզ վրա վերցրել ենք պարտավորություն եւ բարձրաձայնել ենք դա տարիուկես առաջ, որ պետք է ջանքեր գործադրենք Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցում, ես համարում եմ, որ Ալիեւին պետք է պարտադրվեր կա՛մ խոսելու ուղիղ Ստեփանակերտի հետ, կա՛մ հրաժարվեր, առհասարակ, իր հետ այդ ֆորմատով հանդիպելուց: Երրորդը, որ կուզեի նշել, այն է, որ հանդիպման ընթացքում խոսվեց, օրինակ, այն մասին, թե ինչ տարբերակով են տեսնում կողմերը լուծումը: Ալիեւը բավականին հստակ խոսեց այն մասին, որ Ադրբեջանը, ինչպեսեւ միշտ, կողմնակից է փուլային տարբերակով լուծմանը: Եվ Արցախի կարգավիճակը մնում է անհայտ, ու պարզ չէ, թե ինչպես է լուծվում: Դա հայկական կողմի համար եղել է անընդունելի, մենք միշտ ասել ենք՝ փաթեթային տարբերակին ենք կողմ, երբ հարցը միանգամից է լուծվում կամ չի լուծվում: Հիմա Փաշինյանն իր պատասխանի մեջ ասում է, որ մենք միկրոհեղափոխությունների շարքով ենք գնալու, եւ էստեղ պարզ չէ, թե ինչ ենք հասկանում դրա տակ: Արդյոք դա փուլ առ փուլ առաջ գնալու տարբերա՞կն է, որի մասին խոսում է Ալիեւը, թե՞ ոնց: Եթե փաթեթայինն է,  ապա դա պետք է ֆիքսվի, եթե չֆիքսվեց Մյունխենում, ապա դա պետք է հետո ֆիքսվեր գոնե այն 6 սկզբունքներում, որը նա հրապարակեց Ֆեյսբուքում:

- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը որեւէ հստակ դիրքորոշում չհայտնե՞ց այս հարցով:

- Այո, եւ դա ինձ մոտ մնում է բաց հարց, թե մենք որ տարբերակով ենք գնում: Եթե փուլայինն է, եթե այդ միկրոհեղափոխությունները մենք ճիշտ ենք հասկանում, որ ինչ-որ պուճուր քայլերով առաջ ենք գնում, ապա արդյոք դա փուլայի՞ն տարբերակի շրջանակներում է, թե՞, այնուամենայնիվ, մենք մնում ենք փաթեթայինի կողմնակից:

- Բաց ֆորմատով այդ հանդիպումից հետո շատերի մոտ հարց առաջացավ՝ արդյոք նրանք փակ հանդիպումներում է՞լ են նույնկերպ խոսում։ Տեսակետ հնչեց, որ հասկանալի է, թե ինչու այսքան տարի սայլը տեղից չի շարժվել:

- Եթե փակ ձեւաչափով էլ է անցնում այն, ինչ մենք տեսանք, դա սարսափելի է, ուրեմն: Նշանակում է՝ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի, առհասարակ: Բայց ես չեմ կարծում, որ այդպես է փակ դռների հետեւում, որովհետեւ, եթե նկատեք, մյունխենյան հանդիպման ընթացքում բանակցային սեղանի շուրջ դրված որեւէ հարց չբարձրաձայնվեց գրեթե: Այսինքն՝ այն ամենը, ինչի մասին Մինսկի խմբի համանախագահներն իրենց ռելիզներում խոսում են, դրա մասին փաբլիք դիսկուրսում խոսք չեղավ: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Ժնեւի հանդիպումից հետո Մինսկի խումբը նկատողություն է արել, որ պետք է պահպանվի կոնֆիդենցիալությունը:

- Հիմա, ի վերջո, ի՞նչ է լինելու մյունխենյան հանդիպումից հետո, ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը:

- Քանի որ արդեն պաշտոնական ռելիզով ֆիքսված է, որ կողմերն ունեն հստակ օրակարգ եւ ժամանակացույց, ես կարծում եմ, որ Ադրբեջանն այս հետընտրական իր աֆթըր-շոկերից դուրս կգա, Արցախում ընտրություններն էլ կանցնեն, մեզ մոտ էլ մի քիչ ավելի կհստակեցվի իրավիճակը, եւ արդեն կանցնենք ավելի ինտենսիվ փուլի, որի շրջանակներում մշակելու են, ըստ երեւույթին, նոր փաստաթղթեր, նոր մոտեցումներ: Այստեղ հատկանշական է, որ Ալիեւը փաստացի խոստովանեց, որ նախկինում Հայաստանի ղեկավարները գալիս էին ինչ-որ պայմանավորվածություններից 5 պակաս՝ ամեն ինչ հօդս էր ցնդում, քանի որ հայկական կողմը, իրականում, ստատուս քվոն էր ուզում ձգձգել, այլ ոչ թե լուծում գտնել: Այսինքն՝ բավականին նեղսրտեց Ալիեւը, որ իրականում իրեն անընդհատ խաբում էին նախկին ղեկավարներն ու պրոգրես չէին ապահովում:

- Իսկ դա բանակցային գործընթացում լա՞վ էր, թե՞ վատ:

- Բանակցային գործընթացում մեր տեսանկյունից ստատուս քվոյի հնարավորինս ձգձգելը, որպեսզի բանակը պատրաստվի ռազմական գործողություններին, դա, իհարկե, լավ է:

- Այս հանդիպումից հետո իշխանական ճամբարից սկսեցին տարածել Սերժ Սարգսյանի՝ Կիսելյովին տված հարցազրույցից մի հատված, որտեղ նա, իբրեւ թե, ասում է՝ ինքը պատրաստ էր 7 շրջանները հանձնել ու դուրս գալ այդ տարածքից: Ու սկսեցին անմիջապես նրան պիտակավորել որպես «հող հանձնող»: Ըստ Ձեզ՝ ո՞վ էր «հող հանձնողը», եւ իսկապե՞ս Սերժ Սարգսյանը պատրաստվում էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանին:

- Տեսեք, ես խորին վստահություն ունեմ, որ Հայաստանի որեւէ ղեկավար երբեւէ հող հանձնելու իրական մտադրություն չի ունեցել, եւ որեւէ մեկը չի կարող դա ունենալ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ․ դա Սերժ Սարգսյանի հարցազրույցի մոնտաժված տարբերակն է, որովհետեւ, եթե օրիգինալը նայում եք, այնտեղ կոնտեքստից կտրված մի քանի հատված է իրար կպցրած, եւ իմաստային լրիվ խեղված է: Ի՞նչ է ասում նա, ասում է՝ մենք Կազանում մոտ ենք եղել լուծմանը, Ադրբեջանը, սակայն, այդ նյարդերի խաղում չի դիմացել եւ առաջինն է փորձել իրավիճակից նոր առաջարկներով դուրս գալ: Արդյունքում ամբողջ պրոցեսը խախտել է: Ինքը չի ասում, որ մենք պատրաստ էինք, ինքն ասում է՝ ենթադրվում էր, որ պիտի հանձնվի այդ լուծման դեպքում, բայց Ադրբեջանը այդ նյարդերի խաղին չդիմացավ, քանի որ ինքն էլ էր հասկանում, որ իրեն արդյունքում հայկական կողմը ոչինչ չի հանձնելու: Նույն բանը, փաստացի, Իլհամ Ալիեւը Մյունխենում է ասում, որ որեւէ ղեկավար, իրեն ինչքան էլ բան է խոստացել, ինքը հասկանում էր, որ, իրականում, իրեն ոչ ոք ոչինչ չէր հանձնելու։ Եվ ես վստահ եմ, որ ինքը հիմա էլ է դա հասկանում, որ իրեն ոչինչ չեն հանձնելու, դրա համար չի բացառում որեւէ պարագայում ռազմական լուծումը։ Ուղղակի խնդիրն այն է, որ մենք բացարձակ գաղափար չունենք, թե բանակցային գործընթացն ուր է գնում։