Մեհրիբան Ալիեւան հաղթու՞մ է

Մեհրիբան Ալիեւան հաղթու՞մ է

Ադրբեջանում պաշտպանության նախարարի փոփոխության մասին խոսակցություններն սկսվեցին 2016թ. ապրիլյան քառօրյայից հետո: Չնայած քարոզչական աղմուկին, նույնիսկ ադրբեջանցիներն են համոզված, որ մարտական գործողությունները ձախողված էին, եւ պատասխանատուն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է: Մինչեւ վերջերս տարածված տեսակետ կար, որ Հասանովին կփոխիրնի Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովը: Բայց, երեւում է, այդ թեկնածությունը չի քննարկվում: Այն բանից հետո, երբ Իլհամ Ալիեւը բարձրագույն զինվորական՝ գեներալ-գնդապետի կոչում շնորհեց Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաեւին, փորձագետները ենթադրեցին, որ հենց նա էլ կփոխարինի Զաքիր Հասանովին:

Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները, սակայն, համոզված պնդում են, որ պաշտպանության հաջորդ նախարար կնշանակվի Մադաթ Գուլիեւը, քանի որ նրա թեկնածությունն առաջ է մղում առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան: Երեկ Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել, որով Մեհման Բախիշովը նշանակվել է ռազմական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւի տեղակալ: Մամուլը լայնորեն լուսաբանում է Բախիշովի կենսագրությունը, ինչից պարզ է դառնում, որ նա, երկար տարիներ զբաղեցնելով պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետի պաշտոնը, 2019թ. նախագահի հրամանագրով արձակվել է զինվորական ծառայությունից եւ նշանակվել ռազմական արդյունաբերության նախարարի խորհրդական: Այս կենսագրությամբ մարդուն վերստին պետական ծառայության կոչել՝ նշանակում է նրա համար նախատեսել հետագա առաջխաղացում: Իսկ դա կարող է լինել ռազմական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Կարելի է ենթադրել, որ ներիշխանական մրցակցության մեջ Մեհրիբան Ալիեւան հաղթել է, եւ պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակվի նրա թեկնածուն՝ Մադաթ Գուլիեւը:

Վերջինս երկար տարիներ զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը, եղել է արդարադատության, ապա՝ Ազգային անվտանգության փոխնախարար: Կարճ ժամանակահատված գլխավորել է պետական անվտանգության ծառայությունը: Ունի գեներալ-գնդապետի զինվորական կոչում, Ադրբեջանի ազգային հերոս է: Այդ կոչմանն արժանացել է 1995թ.՝ Հեյդար Ալիեւի դեմ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի կազմակերպած զինված հեղաշրջման փորձը ճնշելիս ցուցաբերած առնձնահատուկ ծառայությունների համար: Վերջնական ի՞նչ որոշում կընդունի Իլհամ Ալիեւը՝ բարդ է ասել: Ընդհանուր տպավորություն է, որ Ադրբեջանում իշխող էլիտայի փոփոխություն է նախատեսվում: