«Հրապարակ»․ ԿԳՄՍՆ-ն Իշխան Սաղաթելյանի բարեկամի ընտրությունը միտումնավոր տապալում է

«Հրապարակ»․ ԿԳՄՍՆ-ն Իշխան Սաղաթելյանի բարեկամի ընտրությունը միտումնավոր տապալում է

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը 2023 թվականի դեկտեմբերի 21-ին մրցույթ էր հայտարարել Գեղարքունիքի մարզի «Սեւանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար: Մեր տեղեկություններով, նախարարության կողմից միտումնավոր տապալվում է Սեւանի քոլեջի տնօրենի ընտրությունը։ Թեկնածուն մեկն է՝ գործող տնօրեն Գեղամ Խաչատրյանը։ Նախարարությունում նրան չեն ուզում, քանի որ նա Իշխան Սաղաթելյանի քրոջ ամուսինն է։ Ըստ մեզ հասած լուրերի՝ ուզում են տնօրեն կարգել Վարդան Պետրոսյանին, ով երկար տարիներ աշխատում է քոլեջում։ Եղբայրը՝ Ռուբիկ Պետրոսյանը, ՔՊ-ի մոլի հետեւորդ է՝ Սեւանում շինանյութի խանութ ունի։ 

Սեւանի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Գեղամ Խաչատրյանին հարցրինք՝ մասնակցե՞լ է տնօրենի թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթին։ «Առաջին մրցույթը դեկտեմբերի 21-ին էր, հետաձգվեց, նշանակվեց դեկտեմբերի 26-ին, էլի չկայացավ: 2-րդ մրցույթը տեղի ունեցավ փետրվարի 15-ին, կրկին չկայացավ, քանի որ երկու դեպքում էլ նախարարությունից լիազոր մարմնի ներկայացուցիչը չեկավ»:

- Ի՞նչն է պատճառը, որ նախարարության կողմից մրցույթները տապալվում են:

- Ես չգիտեմ, ոչ մի պատճառաբանություն չեմ կարող ասել: 

- Գուցե Ձեզ չե՞ն ուզում այդ պաշտոնին տեսնել, տապալում են, մինչեւ տեսնեն՝ ում են առաջադրում: 

- Չեմ կարող ասել, ինձ ոչինչ չեն ասել: 

- Գուցե Իշխան Սաղաթելյանի քրոջ ամուսինն եք, դա՞ է պատճառը, որ նախարարությունում Ձեզ չեն ուզում տեսնել այդ պաշտոնում: 

- Չեմ բացառում, հնարավոր է: 

- Որքա՞ն ժամանակ կարող է նախարարությունը մրցույթը տապալել: 

- Դե, կարգի մեջ հստակ բան չկա գրված: Օրենքն ասում է, որ մրցույթը չի կայանում երկու դեպքում՝ լիազոր մարմնի ներկայացուցիչը չի գալիս, եւ խորհրդի անդամների 2/3-ը, որի դեպքում քվորում չի լինում: Ունեմ պայմանագիր` կնքված 5 տարի ժամկետով, որը լրանում է մարտի 25-ին: Եթե պայմանագիրն ավարտվի, նախարարի կողմից պետք է նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար: 

- Նոր մրցույթ հայտարարելու դեպքում մասնակցելո՞ւ եք: 

- Իհարկե՝ մասնակցելու եմ, հստակ որոշել եմ, կընտրվեմ՝ կաշխատեմ, չեմ ընտրվի՝ չեմ աշխատի: 

- Մտավախություն չունե՞ք, որ այդ դեպքում էլ նախարարությունը կխոչընդոտի: 

- Ի՞նչ իմանամ, ամեն բան հնարավոր է, բայց կփորձեմ: 

Մենք հարցում արեցինք ԿԳՄՍՆ. «Ինչո՞ւ նախարարության կողմից լիազոր մարմնի ներկայացուցիչը չի ներկայանում տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, գուցե նախարարությունում չե՞ն ցանկանում ներկայիս տնօրենին այդ պաշտոնում տեսնել եւ միտումնավոր տապալում են մրցույթները»:
ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարար Արաքսիա Սվաջյանը մեզ պատասխանել է.

«2023 թվականի դեկտեմբերի 21-ին եւ 26-ին, ինչպես նաեւ 2024 թվականի փետրվարի 15-ին Սեւանի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի մրցույթներին նախարարության լիազոր ներկայացուցիչների ներկայությունը հնարավոր չի եղել ապահովել՝ պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության եւ թափուր տեղի համալրման կարգը հաստատելու մասին» թիվ 1494 որոշման 11-րդ կետի՝ հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ հավաստագիր: Ուստի, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, որն ունի հավաստագիր, կարող է դիմել եւ մասնակցել հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին»:

Այսինքն, եթե նախարարության ներկայացուցիչն այդքան «զբաղված» է, որ շուրջ 3 անգամ բացակայել է մրցույթից` չկատարելով դպրոցի խորհրդի անդամի իր պարտականությունները, ինչո՞ւ տվյալ անձին չեն փոխում: Եվ սա արդյոք չի՞ նշանակում, որ նախարարությունը միտումնավոր տապալում է հիմնարկի ղեկավարի ընտրությունը եւ ըստ այդմ` կրթօջախի աշխատանքը: Մի կողմից դասագրքեր ու բովանդակություն են փոխում, մյուս կողմից` տարբեր հաստատություններ միավորում եւ ամեն ինչ անում, որ ընդդիմության հետ առնչվող անձը չընտրվի ու չաշխատի: