ՔՊ-ական 29 պատգամավոր Թագուհի Թովմասյանի դեմ ստորագրություն է տվել

ՔՊ-ական 29 պատգամավոր Թագուհի Թովմասյանի դեմ ստորագրություն է տվել

Իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ստորագրահավաք է նախաձեռնել, որպեսզի Թագուհի Թովմասյանին հետ կանչեն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից։ «Խմբակցությունը պետք է քննարկի և խմբակցությունը եթե որոշում կայացնի, էդ հարցին տալ օրենքով նախատեսված ընթացք», - լրագրողներին ասել էր իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ընթացքում է Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը, քանի՞ պատգամավոր է միացել իր նախաձեռնած ստորագրահավաքին և ո՞րն է լինելու հաջորդ քայլը, պատգամավորն ասաց. «Հավաքել եմ 29 ստորագրություն և այդ փաստաթուղթը տվել եմ խմբակցության ղեկավարությանը, մնացածն արդեն իրենց հետ»: 

Հարցին, թե ինչո՞ւ 29 ստորագրություն, չէ՞ որ ՔՊ-ականներն ավելի շատ են, պատգամավորն ասաց. «Էդ փաստաթուղթը, որ ես պատրաստել էի, էդքանը տեղավորվեց»: 

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են այդ 29 պատգամավորները, որոնք միացել են ստորագրահավաքին, Հովիկ Աղազարյանը նշեց. «Չեմ կարող անուններ ասել: Ես հո բոլորին չեմ դիմել, որ ասեմ` ով միացավ, ով` չէ: Դիմել եմ 35 հոգու, որից 29-ը ստորագրել է, 2-ը հրաժարվել են, մնացածներն ասել են, որ կմտածեն»: Պատգամավորն ասում է, որ անուններ տալն այս պարագայում սխալ է, հակառակ դեպքում անպայման կասեր իրեն մերժած պատգամավորների անունները: 

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է երբեմնի ամենաժողովրդավար խմբակցությունը Թագուհի Թովմասյանին իր ընդդիմադիր հայացքների համար փորձում պաշտոնանկ անել, արդյոք սա չի՞ նշանակում, որ ՔՊ-ն իր սկզբունքներին դավաճանում է, Աղազարյանն ասաց. «Ես այդ ստորագրահավաքը սկսել եմ երկու շաբաթ առաջ, այն ոչ մի կապ չունի Թագուհի Թովմասյանի ակցիայի հետ: Ես գտնում եմ, որ Թագուհի Թովմասյանը, լինելով մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, պարտավոր էր ապրիլի 4-ի հայտնի նիստի ժամանակ այնպես անել, որ նիստը նորմալ ընթացք ստանար: Դա է եղել առիթը: Ուրիշ հանգամանքներ էլ կան, սակայն առիթը եղել է դա»,- նշեց պատգամավորը: 

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ընթացքով է ընթանալու Թովմասյանին պաշտոնանկ անելու պրոցեսը, վերջինս նշեց, որ այժմ այդ մասին չի կարող խոսել: