Գազի գինը

Գազի գինը

Տեղեկություն կա, որ գազի գինը հունվարից կարող է դառնալ 205 դոլար` սահմանի վրա, տեղյա՞կ եք նման քննարկումներից՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանին։ «Գիտեք, նախկինում եւս այդպիսի խոսակցություն կար. արդյունքում սահմանում եւ բուն սպառողի համար այդ գներն այլ եղան, ասել է` իմ եւ ձեր համար գազի գնի որոշակի թանկացում չեղավ, արդյունավետ լուծում գտնվեց։ Ըստ մեթոդաբանության եւ էներգետիկայի օրենքի` 6 ամիսը մեկ գազի գինը վերանայվում է։ Անկեղծ ասած` Ձեր նշած թվից տեղյակ չեմ, բայց եթե սահմանին գազի գինը փոփոխվի, դա ավտոմատ բերելու է գազի գնի վերանայման»:

Հնարավոր կլինի՞ այս անգամ եւս սուբսիդավորմամբ հարցը լուծել։ «Դուք խոսում եք դեռեւս չկայացած փաստի մասին. կարող եմ ասել, որ գազի համակարգում արդյունավետության բարձրացման բավականաչափ տեղեր կան, եւ դրա շնորհիվ էր, որ կարողացանք հարցը կարգավորել»: Հարցը հիմնականում կարգավորվեց համակարգում կրճատումների, ՀայՌուսգազարդի շահույթների հաշվին, ոչ թե մոբիլ կառավարման։ «Կարող եք նայել ՀայՌուսգազարդի 2018-ի հաշվետվությունները եւ նկատել, որ տարին խիստ շահութաբեր է եղել։ Մենք, ընդհանուր առմամբ, շահագրգիռ ենք, որ հավասարակշռված մոտեցումներ լինեն այդ հարցում»: