Նիկոլ Փաշինյանն իրոք որ աննախադեպ էր․ բարի գալուստ, 37 թվական

Նիկոլ Փաշինյանն իրոք որ աննախադեպ էր․ բարի գալուստ, 37 թվական

Հիմա Նիկոլ Փաշինյանն արդեն մահապարտ է․ ամեն ինչ անում է՝ իշխանությունը պահպանելու համար։ ԳՇ պետի եւ բանակի կորպուսի հրամանատարների հայտարարությունից ու իր արձանագրումից հետո, որ սա հեղաշրջում է (բացի Նիկոլը, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն եւս ԳՇ հայտարարությունը որակեց ռազմական հեղաշրջում), նա իր կողմնակիցներին կոչ արեց իջնել հրապարակ։ Լուր տարածվեց, որ պարետային ժամ մտցնելու ծրագիր են մշակում։ Դե ինչ, 7-8 ամիս ձգվող ու երկարացվող արտակարգ դրություն, կարանտին, ռազմական դրություն, հիմա էլ՝ պարետային ժամ։ Շատ չէ՞ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման եռամյակի համար։ Հա, նաեւ 44-օրյա պատերազմ, կորոնա՝ 4 հազարին մոտ զոհով, 5-6 բալանոց երկրաշարժ, ռազմական հեղաշրջման փորձ եւ քաղաքացիական պատերազմի վտանգ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը վերադառնում է 2008 թ․ «հին ու բարի ժամանակներին», երբ կոչ էր անում զինվել ձողերով ու քարերով եւ պայքարել իշխանության դեմ։

Հիմա էլ կողմնակիցներին հրավիրում է հրապարակ՝ քաջ գիտակցելով, որ իր կողմնակիցների ու ժողովրդի մյուս հատվածների միջեւ քաղաքացիական բախումներ կարող են լինել։ Նման պատային իրավիճակ ստեղծվեց երեկ կեսօրին, երբ հայ ժողովրդի երկու հակադիր տրամադրված խումբը հայտնվեց փողոցներում՝ դեմ-հանդիման, եւ անգամ մի տեղում բախում եղավ՝ իրար աքացիներ էին տալիս ու հայհոյում։ 

Դե, ինչ, աննախադեպության բարդույթով տառապող Նիկոլ Փաշինյանին իրոք որ հաջողվում է աննախադեպության ամեն տեսակի դրակոնյան օրենքներ ընդունել։ 

Ինչ է պարետային ժամը։ Սա (արգելված ժամանակ) արգելք է այն անձանց համար, ովքեր չունեն համապատասխան թույլտվություն օրվա որոշակի ժամի (որպես կանոն՝ գիշերը) գտնվելու փողոցում, հասարակական վայրերում: «Նպատակ է հետապնդում՝ պահպանել կարգը, արտակարգ իրավիճակներում նվազեցնել զոհերի թիվը: Արգելքի պահպանմանը հետեւում են հատուկ այդ նպատակով առանձնացված զորքեր կամ ոստիկաններ»: Ոչ միշտ, բայց կարող է ուղեկցվել նաեւ տպագրության արգելքով։ Մի խոսքով՝ վազքով դեպի բռնապետություն գնացող ու գործունեության 3 տարվա ընթացքում դրակոնյան օրենքների փաթեթներ ընդունող իշխանությունների համար ամենաբարենպաստ միջավայրը կստեղծվի՝ հանրային ընդվզումը բնում խեղդելու համար։

Հայաստանում պարետային ժամ եղել է միայն մեկ անգամ՝ 1991 թ․՝ Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ եւ փետրվարյան ցույցերից հետո երկիշխանության ու «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալման շրջանում։ Բայց պարետային ժամը հայտարարեց ոչ թե հայաստանյան, այլ օտար՝ ԽՍՀՄ ղեկավարությունը, փորձելով ճնշել ղարաբաղյան շարժումը։ Պարետային ժամերով հայտնի են մի քանի երկրներ․ Ռուսաստան, Տաջիկստան, Չիլի՝ Պինոչետի օրոք (Ֆրանսիայում նախագահ Օլանդը մտցրեց պարետային ժամ՝ ահաբեկչությունների շարքից հետո) եւ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի Հայաստան։ Այս Հայաստանում արդեն իսկ աննախադեպ թվով հակաժողովրդական օրենքներ են ընդունվել․ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք, նախապատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում գույքահարկի շեշտակի ավելացում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ վիրավորանքի քրեականացում, որը Եվրոպայի խորհրդի ճնշմամբ տարիներ առաջ ապաքրեականացվել է, ՍԴ դատավորներին ստիպողաբար կենսաթոշակի ուղարկելու մասին օրենք եւ այլն։

Ասենք, օրինակ, յուրաքանչյուր ոք, ով կհամարձակվի քննադատել Հայկ Մարությանին՝ կոռուպցիոն գործարքներ անելու մեջ, Աննա Հակոբյանին՝ բունկեր գնալու, Արարատ Միրզոյանին՝ «Օմեգա» լինելու, Անդրանիկ Քոչարյանին՝ «կրակելու լեգիտիմ իրավունքի» արտահայտության համար, կհիշի իշխանականների մականուններն ու թերությունները, կարող է երկու տարով հայտնվել ճաղերի հետեւում։ Բարի գալուստ, նոր Հայաստանի 37 թվական։

ՀԳ․ Եթե նման օրենքներ գործեին այն տարիներին, երբ Նիկոլ Փաշինյանը խմբագիր էր, ինքը ցկյանս կարող էր հայտնվել բերդում, իսկ իր խմբագրած թերթի հրատարակումը՝ արգելվեր։