«Հրապարակ». Անփոխարինելի մարդիկ չկան, այդ թվում՝ նաեւ ես

«Հրապարակ». Անփոխարինելի մարդիկ չկան, այդ թվում՝ նաեւ ես

«Հրապարակի» զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

- «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը եւ Ելենա Կիրակոսյանը, հայտարարեցին մանդատները վայր դնելու մասին։ Կարծիքներ կան, որ ձեր խմբակցությունը փլուզվում է, խորհրդարանական ընդդիմությունը քայքայվում է։ Հիմնավո՞ր է դա։

- Խորհրդարանական մանդատները վերցնելու առաջին օրվանից լուրեր են տարածվել դաշինքի պառակտման վերաբերյալ, ինչ-որ մեկնաբանություններ են եղել։ Մինչեւ այս պահը մենք նման որեւէ բան չենք տեսնում։ Հիմա տարածվել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունը, որտեղ նաեւ նշված են մանրամասները, որ կուսակցության ներկայացուցիչներն այս պահին դադարեցնում են իրենց խորհրդարանական գործունեությունը։ Իմ գործընկերները մեկնաբանելու են իրենց որոշման պատճառները։ Ես նաեւ պետք է ասեմ, որ քննարկում այդ մասին եղել է, տեղեկացված եղել ենք։ Վերաբերվում եմ մեծ հարգանքով, ընկալումով, որովհետեւ իրենք հիմնավոր բացատրել են իրենց որոշման հիմքերը։ Նշեմ նաեւ, որ բոլոր գնահատականները եւ գործունեության ուղղությունը մնում են նույնը։ Ես ամենակարեւորն այս ընթացքում ե՛ւ ինձ համար, ե՛ւ իմ թիմակիցների համար համարել եմ բուն նպատակից չշեղվելը՝ նպատակն է, որ պիտի լինի անփոփոխ։ Դեպի նպատակ գնալու ճանապարհին մարտավարության փոփոխությունը, գործիքակազմերի փոփոխությունն ինձ համար որեւէ խնդիր երբեք չի եղել։

- Արդյոք դա չի՞ սասանի խմբակցության հիմքերը։

- Խմբակցությունը հիմնված է գնահատականների վրա, եւ երեք ուժերն ու մարդիկ հավաքվել են այդ գնահատականների շուրջ՝ ստանձնելով, հանձնառելով՝ պայքարել այս իրավիճակը փոխելու համար։ Խմբակցության հիմքերը կարող են սասանել միայն հրաժարումն այդ սկզբունքներից եւ հրաժարումը պայքարից։ Ես նման որեւէ տեղեկություն ոչ միայն չունեմ, այլ նաեւ որեւէ նախանշան չեմ տեսնում։ Եթե Դուք նկատի ունեք՝ արդյոք թուլանո՞ւմ է խմբակցությունը, թե ոչ, իմ գործընկերներն արդեն ասել են, որ անփոխարինելի մարդիկ չկան, այդ թվում՝ նաեւ ես։ «Հայաստան» դաշինքն ունի ցանկ, եւ եթե մեզնից որեւէ մեկը որոշում է մանդատը վայր դնել, որոշում է այլ տեսակի գործունեությամբ զբաղվել՝ իրեն փոխարինելու է գալիս հաջորդը։ Սա առաջին դեպքը չէ խմբակցության պարագայում, մենք իսկապես ապրում ենք ծանր ժամանակաշրջան, եւ այս ընթացքում էլի են նման դեպքեր եղել, իրենց փոխարինել են նոր պատգամավորներ եւ այս դեպքում էլ կփոխարինեն նոր պատգամավորներ, ու արդեն գործունեությունը կկարողանանք գնահատել, երբ այդ պատգամավորները կսկսեն գործունեություն ծավալել։

- Խմբակցության կազմում գտնվող քաղաքական ուժերի հարաբերությունները լա՞վ են, պարբերաբար տեղեկություններ են պտտվում, թե լուրջ տարաձայնություններ կան։

- Աշխատանքային հարաբերություններ են, աշխատանքային քննարկումներ եւ գործնական հարաբերություններ։ Եթե նկատի ունեք սկզբունքային տարաձայնություններ, միանշանակ կարող եմ ասել, որ ոչ։ Տարբեր հայացքների շուրջ տարբեր տեսակետներ, բնականաբար, կան, որովհետեւ, ի տարբերություն իշխանական թեւի ներկայացուցիչների, այստեղ հավաքված են կարծիք, տեսակետներ, սկզբունքներ ունեցող ու դրանք պաշտպանող, կարմիր գծեր ունեցող մարդիկ։ Հետեւապես, տարբեր հարցերի նկատմամբ կան տարբեր կարծիքներ։ Սկզբունքային տարաձայնություններ՝ այս իշխանության նկատմամբ գնահատականի փոփոխություն չկա։