Ադրբեջանցի պատմաբանների «զինանոցը» դատարկվել է

Ադրբեջանցի պատմաբանների «զինանոցը» դատարկվել է

BBC-ին վարչապետ Փաշինյանի հարցազրույցին անդրադարձել է տեխնիկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ Քյամրան Ռուստամովը: Ադրբեջանցի պատմաբանների «զինանոցը»՝ դատելով իրողությունից, որ «բանավեճ» մղելու առաջնահերթությունն անցել է տեխնոկրատի, հիմնովին դատարկվել է:

Անկեղծ ասած, Ռուստամովն էլ որեւէ նոր բան չի ասում: Միայն ակնարկում է, թե վարչապետ «Փաշինյանը պետք է իմանա, թե հայերն ինչպես են հայտնվել Ղարաբաղում»:  Ոչ միայն Փաշինյանը, ակադեմիական պատմագիտության բոլոր աղբյուրները, հանրագիտարանները վկայում են, որ Արցախը Մեծ Հայքի թագավորության կազմում է գտնվել, իսկ հետագա դարերում՝ որպես հայկական իշխանապետություն, պահպանել ազգային ինքնությունը: Այդ իրողությունն, ի դեպ, շատ հստակ ընդգծված է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի հռչակման մասին Ադր. ԽՍՀ Կենտգործկոմի 1923թ. հուլիսի 7-ի Դեկրետում՝ «Ղարաբաղի հայկական մասից կազմավորել ինքնավար մարզ»: Սա արդեն պատմական եզրահանգում, կռահում, վարկած կամ փաստի արձանագրում չէ, այլ՝ պետական-իրավական ակտ: Ընդ որում, փաստաթղթում որեւէ հիշատակում չկա ադրբեջանցիների՝ որպես ազգի կամ ժողովրդի մասին: Այնտեղ խոսվում է, որ ինքնավար մարզը հռչակվում է, որպեսզի ապահովվի հայերի եւ մուսուլմանների միությունը մեկ պետական կազմավորման մեջ, եւ Ինքնավար Լեռնային Ղարաբաղն այդ պետության «բաղկացուցիչ մասն է»: ․

Ոչ թե՝ «անբաժանելի»՝ ինչպես ադրբեջանական քարոզչությունն է նենգափոխում, այլ՝ «բաղկացուցիչ մաս»/ составная часть: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամին, կարծում ենք, պետք է հասկանալի լինի, որ այդ ձեւակերպմամբ Ադրբեջանը ճանաչվում է ոչ թե ունիտար, այլ՝ դաշնային պետություն, որի «բաղկացուցիչ մաս Ինքնավար Լեռնային Ղարաբաղում բոլոր արոտավայրերի, անտառների, այգիների եւ հողի ու ջրի փաստացի տիրապետումը պահպանվում են ներկայիս տիրապետողների կողմից»: Պարզ եւ սպառիչ ձեւակերպում՝ ինքնավարությունը հայկական է, հողի, ջրի, անտառների, արոտավայրերի եւ ամենայն ինչի փաստացի տիրապետումը պահպանվում է տիրապետողների, այսինքն՝ հայերի, կողմից: Եթե «առավել լուսավորված» Ռուստամովին այսքանը հասկանալի չէ, ապա ձեւակերպենք ավելի պարզ՝ Ինքնավար Լեռնային Ղարաբաղում մուսուլմանները/ադրբեջանցիները սեփականության իրավունք չունեն, այն պատկանում է հայերին: Դաշնային պետությունները կազմավորվում եւ ժամանակի ընթացքում լուծարվում են: Օրինակներ՝ որքան Ռուստամովը կցանկանա: Այդպես էլ դաշնային Ադր. ԽՍՀ-ն է լուծարվել, նրա բաղկացուցիչ մաս Լեռնային Ղարաբաղը հռչակել է անկախություն՝ ինչպես որ՝ մյուս բաղկացուցիչ՝ մուսուլմանական, մասը: Մի՞թե այս պարզ իրողությունը հասկանալու համար նույնիսկ ակադեմիկոսի ուղեղն է անզոր: Եթե՝ այո, ապա ադրբեջանական հանրությանը պետք է միայն խղճալ: