ՊՎԾ ԺՊ-ն աշխատակիցներին բաժանել է «սիրելիների» ու «չսիրելիների»․ վարորդին նշանակե՞լ է իրավախորհրդատու

ՊՎԾ ԺՊ-ն աշխատակիցներին բաժանել է «սիրելիների» ու «չսիրելիների»․ վարորդին նշանակե՞լ է իրավախորհրդատու

Պետական վերահսկողության ծառայությունում գրեթե ամեն օր անցկացվում են քաղաքացիական ծառայության մրցույթներ, որոնք, մեր տեղեկություններով, անցնում են երկակի ստանդարտների կիրառմամբ եւ խտրականության սկզբունքով։ 

Մասնավորապես՝ այն անձանց, որոնց պետի պարտականությունները կատարող Ռաֆայել Զաքարյանը ցանկանում է «պահել», նշանակում է ներքին մրցույթ, իսկ այն աշխատակիցներից, որոնցից ցանկանում է ազատվել, նշանակում է արտաքին մրցույթ։ 

Ավելին, երբ իր սիրելիները չեն հաղթահարում մրցույթները, նա վերջիններիս տեղափոխում է այլ ստորաբաժանում, որտեղ դեռ մրցույթներ չեն եղել։ Օրինակ՝ տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության պետ Ա․ Կարապետյանին, որը չհաղթահարեց ներքին մրցույթի թեստավորման փուլը Զաքարյանը «տեղավորեց» մոնիթորինգի ու վերլուծության վարչություն՝ աշխատանքի։ 

Բացի դրանից, ԺՊ-ն իր վարորդին նշանակել է կարգապահական եւ ներքին հսկողության բաժնում՝ որպես իրավախորհրդատու, որպեսզի ավելի բարձր աշխատավարձ ստանա։ 

Զարմանալի է, որ այս ամենը տեղի է ունենում մի մարմնում, որն իրականացնում է վերահսկողություն այլ մարմիններում օրինականության նկատմամբ։ 

Մենք հարցում էինք ուղարկել ՊՎԾ։ Առաջին հարցով խնդրել էինք մեկնաբանել տեղեկությունը սիրելի մարդկանց պահելու հետ կապված, ինչին պատասխանել են․ «Առաջին հարցադրման հետ կապված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում իրականացվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մրցույթներ: Հայտարարված մեծ թվով արտաքին մրցույթներին մասնակցության հայտ են ներկայացրել նաև ՀՀ ՊՎԾ աշխատակիցները և որոշ դեպքերում  նրանք հաղթող են ճանաչվել: Մասնավորապես, ՊՎԾ-ում անցկացվել  են թվով  29 մրցույթներ, որից 20-ը՝ արտաքին, իսկ 9-ը՝ ներքին: 

Անցկացված արտաքին 20 մրցույթներից 11-ը հաղթահարել են ՊՎԾ աշխատակիցներ: Տեղեկացնում ենք, որ մրցույթների բոլոր հայտարարությունները հրապարակվում են ծառայության պաշտոնական կայքում։ Նշենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում բոլոր մրցույթները անցկացվում եմ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան»:

Երկրորդ հարցով էլ մեկնաբանություն էինք խնդրել Ա․ Կարապետյանի տեղափոխման եւ վարորդին իրավախորհրդատու նշանակելու վերաբերյալ, այս մասով էլ հայտնել են․ «Տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնի համար 2020 թվականի ընթացքում առհասարակ մրցույթ չի հայտարարվել: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կառուցվածքին,  ինչպես նաև թափուր հաստիքների մասին ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ծառայության պաշտոնական կայքում: 

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում առկա է 7 իրավախորհրդատուի և 3 վարորդի հաստիք: Տվյալ պաշտոններում նշանակված անձինք, այդ թվում նաև կարգապահական և ներքին հսկողության բաժնի իրավախորհրդատուն, կատարում են աշխատանքային պայմանագրով իրենց վերապահված պարտականությունները»:

Այսպիսի «լղոզված» պատասխանից այդպես էլ, օրինակ, չհասկացանք ՝ վարորդը իրավախորհրդատու նշանակվե՞լ է, թե՞ ոչ։ ՊՎԾ մամուլի խոսնակը մեր այս հարցադրմանն ի պատասխան ասաց․ «Ունենք գրանցված մեկ վարորդ, որը չի փոխվել, իր վարորդի հաստիքում աշխատում է»։