«Բարկանո՞ւմ ես, աղա»

«Բարկանո՞ւմ ես, աղա»

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Եվ երբ ասվեց, որ խմբակցությունը գտնում է հարմար հենց  Ղազինյանի թեկնածությունը, և այն կդրվի 40 անգամ, նիկոլական «ուսապարկերից» Վիլեն Գաբրիելյանը (նախկին «նավակ ճոճողը») հայտարարեց, որ ինքը պատրաստ է 400 անգամ մերժել Ղազինյանի թեկնածությունը: Կարծում եմ, որ Վիլենը ստիպված է լինելու կատարել իր խոստումը և 400 անգամ մերժել Ղազինյանի թեկնածությունը: Իսկ եթե դա ուսապարկերին դուր չի գալիս, ապա իրենք կարող են մեկ օրում փոխել սահմանադրական այն դրույթը, որ ընդդիմադիր խմբակցությունը (կամ խմբակցությունները) պետք է ներկայացուցիչներ ունենան ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավար կազմում: Կյանքը ցույց է տվել, որ իրենք դա անելուց իրենց վատ չեն զգում: Ուրիշ հարց, որ դրա հետևանքով կարող է խնդիր ունենան արևմուտքում, բայց դա արդեն իրենց լուծելիք հարցն է:

Դե իսկ «Հայաստան» խմբակցությունն էլ, բնականաբար, պետք է անընդհատ ներկայացնի Արթուր Ղազինյանի թեկնածությունը: ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, ինչպես նշել է ինքը՝ Ղազինյանը, որևէ լուրջ լիազորություն չունի: Ինչը նշանակում է, որ խորհրդարանական այդ պաշտոնը ոչինչ չի տալու ընդդիմադիր խմբակցությանը: Այնպես որ, այլ թեկնածություն ներկայացնելու որևէ անհրաժեշտություն չկա: 

Ինչ մնում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ապա նա արդեն սկսել բարկանալ, ինչը վնաս է հենց իր առողջությանը (հիշում եք, չէ՞, Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը): Իսկ մեկ-երկու ամիս առաջ, երբ նոր էր առաջարկվում Արթուր Ղազինյանի թեկնածությունը, Քոչարյանը հաճույք էր ստանում Փաշինյան Նիկոլի առումով վերջինիս «ապակառուցողականությունը» ցուցադրելուց: Այնպես որ, Քոչարյանը կարող է անընդհատ բարկանալ, իսկ ընդդիմությանը մնում է  անընդհատ դրա հիմքերը մատուցել ուսապարկային նախագահին: Իհարկե, մեծ հաշվով, դա ոչինչ չի տալու ընդդիմությանը, սակայն, ինչպես մեծ լոռեցին է նկատել, «աղայի բարկանալը» վնաս է հենց իրեն:  Սա ճիշտ է նաև 8-րդ գումարման խորհրդարանի առումով՝ ինչը վատ է ուսապարկերի համար, դա չի կարող լավ չլինել ընդդիմության համար:

Ի դեպ, հանձնաժողովի այդ նիստում Արթուր Ղազինյանն առաջարկել է օրակարգում նախագահի տեղակալի ընտրության հարցից զատ ներառել նաև սահմանային իրավիճակն ուսումնասիրելու վերաբերյալ աշխատանքային խումբ ձևավորելու հարց, ինչը մերժվել է նիկոլական ուսապարկերի կողմից: Ինչով հեթական անգամ փաստվել է, որ նիկոլական ուսապարկերն Ազգային ժողովում են հայտնվել ոչ թե երկրի բարդագույն խնդիրները քննարկելու և լուծելու նպատակով, այլ ապահովելու պարտության խորհրդանիշ Փաշինյան Նիկոլի վարչապետությունը: