Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել․ վաղը տեղի կունենա քննությունը

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել․ վաղը տեղի կունենա քննությունը

Վաղը՝ հունիսի 4-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննվելու է երկու դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Մեզ հայտնի դարձավ, որ դատավորներից մեկը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանն է, մյուսը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։ Երկուսի դեպքում էլ միջնորդությունը ԲԴԽ ներկայացվել է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից։ Կուրեխյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ  է հանդիսացել  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի կողմից ԲԴԽ նախագահին ներկայացված հաղորդումը, որը վերահասցեագրվել է հանձնաժողովին։  Գայանե Խաչատրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը ոմն Արմեն Հակոբյանի կողմից հանձնաժողովին ներկայացրած հաղորդումն է։ 2 դատավորների դեպքում էլ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Գայանե Խաչատրյանի կողմից միջնորդություն է ներկայացվել՝ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, Կուրեխյանի պարագայում՝ նման միջնորդություն դեռևս չի ներկայացվել ԲԴԽ։ ԲԴԽ-ից մեր հացմանն ի պատասխան, թե ի՞նչ արարքների համար են հարուցվել կարգապահական վարույթները, ասացին, որ վարույթները հարուցվում են գաղտնի և դրա մասին կարող են իմանալ միայն վարույթի քննությունը սկսելուց հետո։

Նշենք, որ Դատավոր Արման Կուրեխյանի վարկանիշը, որը ձևավորվում է փաստաբանների քվեարկությամբ, ըստ helpcourt.am-ի, 7 միավոր է, իսկ Գայանե Խաչատրյանինը՝ 15։ Համեմատության համար նշենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարկանիշը այս պահին 76 է։