Համահայկականի մասին

Համահայկականի մասին

Մի կուսակցություն կարո՞ղ է լինել համահայկական: Անկասկած՝ ոչ: Որովհետեւ «կուսակցություն»  բառն արդեն իսկ նշանակում է մեկուսի, առանձին, մյուսներից տարբերվող: Այսինքն՝ գաղափարախոսություն, որ շատերից մեկն է: Եթե մենք ունենք հայրենիք եւ սփյուռք, եւ մի կուսակցություն ներկայացված է Հայաստանում եւ աշխարհի եւս տասնյակ երկրներում, դրանից ինքնին չի հետեւում, որ նա համահայկական է եւ բյուրեղացնում է հայ ժողովրդի քաղաքական պատկերացումները կամ համոզմունքները: Դաշնակցության մասին է խոսքը, մի կուսակցության, որ ստեղծվել է ռուսական իրականության մեջ, բայց առաջադրել թուրքական Հայաստանի ազատագրման գերնպատակ:

Այդ երկվությունը հենց կուսակցության ներսում նկատվել է անցյալ դարասկզբին, երբ երիտդաշնակցականների մի խմբակ օրակարգ բերեց արեւելյան եւ արեւմտյան Բյուրոյի տարանջատման հարց: Իմաստն այն էր, որ արեւմտյան Բյուրոն թող զբաղվի թուրքական Հայաստանի, արեւելյանը՝ կովկասահայության խնդիրներով: Երիտդաշնակցականները, կարելի է ասել, բավական սթափ էին գնահատում իրավիճակը եւ առաջ էին քաշում ՀՅԴ-ն համառուսական սոցիալ-դեմոկրատական շարժմանն ինտեգրելու անհրաժեշտությունը: Կուսակցության ընդհանուր ժողովը, սակայն, մերժեց այդ «անջատողականությունը»: Ի հակակշիռ՝ Դաշնակցության մի այլ թեւ էլ պնդում էր, որ կուսակցության բոլոր միջոցներն ու հնարավորությունները պետք է ծառայեն միայն թուրքական Հայաստանի հարցի լուծմանը: Գաղափարական այդ տարաձայնություններն օրինաչա՞փ էին, թե՞՝ ռուս-թուրքական գաղտնի համաձայնությամբ սադրված՝ լուրջ ուսումնասիրության թեմա է:

Ակնհայտը հակասությունները փոխադարձ ահաբեկչություններով լուծելու մոլորությունն է, որին զոհ գնացին կուսակցության ոչ ամենեւին երկրորդական դեմքեր, իսկ գաղափարական խզումն այդպես էլ չհաղթահարվեց: Երկրում «պարտիզանական պայքար» սկսելու հրահանգ Դաշնակցությունը տվե՞լ է շարքերին: ՆԱՈՒՄ-ի երեք անդամ պնդում է, որ՝ այո: Կուսակցության առաջնորդները հերքում եւ իշխանություններին մեղադրում են «երիտասարդներին լրտեսության մղելու» մեջ: Ոմանք հիշեցնում են ՀՅԴ ոչ հեռավոր անցյալի՝ 1990-ականների, վարքը եւ շատ հեռու գնացող պահանջներ դնում: Իսկ երիտասարդ հայ հրապարակախոսը Դաշնակցությունն անվանում է «քաղցկեղ»:

Ի՞նչ է տեղի ունենում: Գործ ունենք արժեքների վերագնահատման անհրաժեշտությա՞ն, թե ՀՅԴ դեմ «խարդավանքի՞» հետ: Ըստ երեւույթին, պատասխան եւ լուծումներ գտնելու ծանրությունն առաջին հերթին Դաշնակցության ուսերին է: Եւ հարցն սկզբունքորեն հանգում է հետեւյալին՝ մնալ համահայկականության տիրույթու՞մ, թե վերափոխվել զուտ հայաստանյան քաղաքական ուժի՞: Հայաստանի՝ որպես պետության, խնդիրներն առանձնացնե՞լ, թե շարունակել դրանք դիտարկել Հայ դատի համատեքստում:

Անկախության Հռչակագրով Հայաստանն ստանձնել է ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու հանձնառություն: Դաշնակցության ծրագրում խնդիրը դիտարկվում է ճանաչման եւ հատուցման փոխկապակցվածությամբ՝ Միացյալ Հայաստանի կերտման տեսլականով: Թվում է՝ Դաշնակցությունն ինքն էլ խորապես համոզված է, որ դա մի անլուծելի նպատակ է: Գոնե՝ այս փուլում: Անշուշտ, չափազանց ծանր, գրեթե անհնար է նման խոստովանություն անել: Մանավանդ երբ նաեւ ոչ դաշնակցական որոշ շրջանակներ են ակտուալացնում Սեւրի պայմանագրի կամ ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի կենսագործման հնարավորությունը: Բայց Դաշնակցությունն, ի տարբերություն վերջինների, լուրջ  քաղաքական ուժ է: Եւ, երեւի, պետք է վճռական քայլ անի՝ տարանջատելու Հայաստանի՝ որպես պետության, ապագան Հայ դատից: Իսկ եթե դա շատ ցավոտ է հնչում, ապա ինչու՞ չորդեգրել Հայաստանի զորացմամբ Հայ դատն սպասարկելու ուղեգիծ: Միացյալ Հայաստանի տեսլայանը եթե պրոյեկտվի Արցախի հարցի հայանպաստ կարգավորման նպատակի վրա, եւ Դաշնակցությունն իր ցանցային կառույցների ներուժը կենտրոնացնի բացառապես այդ ուղղությամբ, ապա ինչո՞վ դա չի լինի համազգային իղձի իրականացում: Իսկ  Արեւմտյան Հայաստանը, հատուցումը կմնան ապագային: