Ինչ կպատահի, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացնի

Ինչ կպատահի, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացնի

Մաս 2

Նախորդ հոդվածում խոսվեց տնտեսության, դատական համակարգի, օրինականության շրջանակներում նախկին կոռումպացված պաշտոնյաների ունեզրկման վերաբերյալ: Շարունակենք արժեհամակարգի հարցով. նախկինների օրոք ամենից կաղ համակարգերից մեկը հենց արժեհամակարգայինն էր, եւ հենց այդ պատճառով, որպես ժամանակի պահանջ, Շանթ Հարությունյանը փորձեց արժեհամակարգային հեղափոխություն կատարել, սակայն անհաջողության մատնվեց: 2018-ի ապրիլյան շարժումը նոր հույսեր առաջացրեց, որ, ի վերջո, այդ հարցի լուծումը կտեղափոխվի գործնական հարթություն:

Սակայն Փաշինյանի ավելի քան երկամյա իշխանությունը բացահայտեց կեղծիքը՝ արժեհամակարգային փոփոխությունների փոխարեն, թեեւ դրա անվան տակ հանրությանը մատուցվեց գլոբալիստական ինչ-որ հիբրիդ՝ միանձնյա կառավարման ցեմենտմամբ: Ի դեպ, այդ հիբրիդում հայրենասիրության փոխարեն մատուցվեց մեր դարավոր թշնամու նկատմամբ «հիշում եմ, բայց ներում եմ» անհասկանալի ձեւակերպմամբ վերաբերմունքը: «Սիրո եւ հանդուրժողականության» անվան ներքո իշխանության եկած քաղաքական ուժն անմիջապես նախաձեռնեց հասարակությունը սեւերի ու սպիտակների բաժանելու գործընթացը: Հետեւանքները երկար սպասեցնել չտվեցին՝ հանրությունը բաժանվեց իրար մերժող ճամբարների, որն իր դրսեւորումը գտավ թե՛ սոցիալական ցանցերում եւ թե՛ նույնիսկ փողոցում, ինչն ավելի վառ արտահայտվեց արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ կապիտուլյացիայից հետո: Դրա ածանցյալ դրսեւորումը տեղ գտավ կադրերի ընտրության հարցում, երբ առաջ էին քաշվում միայն յուրայիններ՝ թեկուզ լինեին անտաղանդ կամ ապաշնորհ:

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ոստիկանների կողմից անդիմակ կամ սխալ ձեւով դիմակ դրած, ինչպես նաեւ ճիշտ ձեւով դիմակ դրած, սակայն անձնագիր չունեցող քաղաքացիներին «ասֆալտին փռելու» բազմաթիվ դրվագները վկայեցին, որ իշխանությունն անհանգստանում է ոչ թե քաղաքացիների առողջությամբ, այլ հետապնդում է անկարգապահ քաղաքացիներին վախի մեջ պահելու նպատակ: Դրանից հետո ընդամենը մեկ քայլ է մնում, որպեսզի նույն վերաբերմունքին արժանանան մյուս բոլոր քաղաքացիները՝ ամենաբազմազան պատճառաբանությամբ, եւ այդ մեկ քայլը վաղուց է կատարվել: Եթե նախկինները մեղադրվում էին իշխանությունը բիրտ ուժով պահելու մեջ, ապա հեղափոխական կառավարությունը նրանց գերազանցեց բոլոր չափանիշներով, ինչի վկայությունն առկա է այսօր փողոցում, էլ չեմ խոսում համացանցում սփռված բազմաթիվ նյութերի մասին:
Անցնենք «թավշյա հեղափոխության» հիմնական նպատակի՝ Հայաստանում օրինականության եւ արդարության վրա հիմնված ժողովրդավարության հաստատման գործընթացին:

Ժողովրդավարությունը ենթադրում է պարբերաբար ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխություն կամ հաստատում, բայց ժողովրդավարությունը ենթադրում է նաեւ թափանցիկության եւ քաղաքացիների մասնակցության ապահովում երկրի կառավարման գործընթացում: Թե ինչպիսի թափանցիկություն ապահովվեց պատերազմի ընթացքում եւ ինչպիսի թափանցիկություն ու մասնակցություն՝ պատերազմի ավարտի առումով, տեսանք բոլորս: Տեսանք նաեւ, որ պատերազմի ավարտից 10 օր անց էլ շարունակվում է ռազմական դրության ռեժիմը, չնայած դրա անհրաժեշտության որեւէ հիմնավորում չի բերվում: Չի բերվում, որովհետեւ այն բացարձակ չկա, եթե, իհարկե, չհաշվենք քաղաքացիական ազատությունների սահմանափակումը՝ հանուն իշխանության պահպանման: 

Շարունակելի

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ