Անջատել և թռել են

Անջատել և թռել են

Այսօր Ադրբեջանը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա համայնքների ուղղությամբ ինտեսիվ մարտական գործողություններ է իրականացրել, որի հետևանքով ՀՀ զինված ուժերը այս պահին, պաշտոնական տվյալներով, ունեն 3 զոհ և 3 վիրավոր։

Տելեգրամյան ալիքներում արդեն տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ հակառակորդը ունի տարածքային առաջխաղացում, և զոհերի թիվը իրականում 3-ը չէ, այլ 5-ն է, և այս պատասխանատու պահին ողջամիտ տրամաբանությամբ գերատեսչությունների մամուլի պատասխանատուները պետք է քիթ սրբելու ժամանակ չունենային, անդադար պատասխանեին ԶԼՄ-ների հարցերին, որպեսզի հանրությունն էլ ստանար արժանահավատ և օպերատիվ տեղեկատվություն, սակայն գերատեսչությունների խոսնակները, ձևավորված ավանդույթի համաձայն, գտել են հեշտ տարբերակը, պարզապես անջատել են հեռախոսները և կորել։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը զանգերին չի պատասխանում, ՊՆ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանը զանգերին չի պատասխանում, ԳՇ մամուլի խոսնակ Սամվել Ասատրյանը զանգերին չի պատասխանում, ԱԳՆ-ում ո՛չ նախարար կա, ո՛չ էլ մամուլի խոսնակ։ Փոխարենը կրկին ակտիվացել է Արծրուն Հովհաննիսյանը, որը ՊՆ-ն չի ներկայացնում և ոչ էլ վստահություն է ներշնչում։