Կուսակցական գործիչ լինելը չի ազդում ԲԴԽ նախագահ աշխատելու վրա, իսկ դատավորի ազգականի կուսակցական լինելը կազդի՞
Արդարադատության նախարարությունը հիմա էլ փորձում է վերահսկողության ներքո պահել դատավորների մերձավորներին՝ պարզելով, թե նրանցից որն ինչ կուսակցական պատկանելություն ունի։ Նախարարությունն օրենսդրական նախաձեռնություն է պատրաստել, որը մեկնաբանում է հետեւյալ կերպ․ «Նախագծերով առաջարկվում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում պարտադիր լրացման տվյալների շարքում ներառել անձի (թեկնածուի) եւ նրա ընտանիքի անդամների կենսագրական տվյալները՝ սահմանելով պահանջ նաեւ վերջին 5 տարվա ընթացքում կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ:
Անձի (թեկնածուի) կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկությունների ներառումը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ուղղված է շահերի բախման հնարավոր դեպքերը վեր հանելուն, անձի անհրաժեշտ անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելուն: Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներ են անձի ընտանիքի անդամների գույքային դրության՝ գույքի եւ եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:
Առաջարկվում է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն տալ անձի՝ կարգապահական, քրեական եւ վարչական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տվյալներից բացի, նաեւ պահանջելու տեղեկություններ այն մասին, թե արդյո՞ք անձի մասնակցությամբ առկա է քաղաքացիական գործ կամ օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելիս անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին եւ ստանալու տեղեկություններ»։
Դիմեցինք արդարադատության նախարարություն, թե ինչպես կարող է դատավորի բարեվարքության վրա ազդել նրա ազգականի կուսակցական լինելը, եւ ինչ է նշանակում «քրեական ենթամշակույթին» հարել։ Այսինքն՝ ցանկանում են դատավորներին օրենքով արգելե՞լ «գողական գնալը», թե՞ այլ բան է ենթադրում դա։ Նախարարությունից պատասխանեցին․
««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքի 26.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներն են՝ … քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ բարեվարքության ուսումնասիրության գործընթացում անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին եւ ստանալու տեղեկություններ։
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերի վերլուծության եւ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացների շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմումի հիման վրա ստուգել հայցվող տեղեկատվությունը՝ հանձնաժողով փոխանցելով իրենց հայտնի դարձած տվյալները։
Նշված կարգավորումներից բխում է, որ ԿԿՀ-ն բարեվարքության ուսումնասիրության շրջանակներում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ստուգումն իրականացնելիս կարող է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին եւ ստանալ տեղեկատվություն:
Միաժամանակ, քրեական ենթամշակույթին հարելու ստուգումն իրականացվում է նույն հոդվածի 5.1-րդ մասով նշված շրջանակներում, մասնավորապես՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքի 26.1-րդ հոդվածի 5.1-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի իմաստով՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը ներառում է թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձի հետ (օրինակ՝ օրենքով գող, քրեական հեղինակություն) ազգակցական կամ ընկերական կապի առկայության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որեւէ այլ հարցով դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպման կամ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն:
Միաժամանակ, ներկայումս գործող օրենսդրական կարգավորումներով չկա պահանջ՝ բարեվարքության ուսումնասիրության շրջանակներում ստուգելու պաշտոնատար անձանց, այդ թվում՝ դատավորների ազգականների կամ փոխկապակցված անձանց կուսակցական պատկանելությունը: Միաժամանակ, արդարադատության նախարարության կողմից շրջանառվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է նաեւ ստուգել թեկնածուի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների կենսագրական տվյալները, այդ թվում՝ կրթության, աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ վերջին հինգ տարում կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկությունները»։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք դատավոր Դավիթ Հարությունյանի հետ։ Մեզ հետ զրույցում դատավորը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է ազգականների կուսակցական պատկանելությունն ազդում դատավորի բարեվարքության վրա, ասաց․ «Քանի որ նախագիծն ամբողջությամբ չեմ ուսումնասիրել ու համադրել, ընդհանուր առմամբ, միայն դատավորների մասով կասեմ, որ ցանկացած տեսակի ստուգում, այն էլ՝ պարբերական ստուգում, այլ պետական, գործադիր մարմինների կողմից, չի կարող վկայել անկախության երաշխավորման մասին: Առավել ցայտուն մտահոգություն է առաջացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին դիմելու եւ տեղեկություն ստանալու դրույթը: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ստացվում է, թե դատավորի նկատմամբ ուղղակի անառիթ ՕՀՄ պետք է իրականացվեն, սահմանադրական իրավունքներ սահմանափակվեն, ինչը բնավ անկախության երաշխավորման կամ օրենքի գերակայության մասին չի խոսում: Այլ հարց է, եթե զուտ տեղեկատվությունը վերաբերում է դեռեւս սովետական ժամանակներից կիրառվող մասնագիտական շրջանակներին հայտնի «օբյեկտիվկաներին»: Այսինքն՝ զուտ համահասանելի աղբյուրներից կամ, օրինակ, բակի արեւածաղիկ վայելող բարի տատիներից, կամ թաղային տեսուչից կարծիքներ կամ խարդավանահյուսություններ լսելը, օրինակ, պարզելը, թե արդյոք պաշտոնյա դառնալ ցանկացողը բակային կրթություն ստացե՞լ է՝ street smart, թե՞ ոչ, ինչն ինքնին չի ենթադրի անկախ պաշտոնյայի սահմանադրական իրավունքի միջամտություն կամ սահմանափակում:
Ինչ վերաբերում է ընդհանրապես բարեվարքության ինստիտուտին, ապա կարծում եմ՝ այն չի արտացոլում դրա ընդունման նպատակը, պրակտիկայում կարծես թե այն ստորադասվում է: Օրինակ, մեր լավագույն գործընկերները, ում նաեւ բարեվարքությունը գերազանց էր գնահատվել, առանց հստակ պատճառաբանության, առաջխաղացման ցուցակներից հանվեցին, իսկ եթե դիտենք, օրինակ, եթե փոփոխություններով ոչ թե դատավորի, այլ նրա ազգականի, չգիտեմ՝ քեռու կամ հորեղբոր տղու կուսակցական լինելն արդեն էական է ու կարող է որեւէ կերպ ազդել նրա բարեվարքության վրա, ապա ինչպե՞ս է, օրինակ, որ հենց պաշտոնյայի, այլ ոչ թե ազգականի՝ կուսակցական գործիչ լինելը չի ազդում ԲԴԽ-ում աշխատելու վրա, որը մյուս անդամների հետ պիտի գնահատեն նաեւ դատավորների բարեվարքությունը»։
Կարծիքներ