Ի՞նչ նախապայման է դրել Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պրոցեսում

Ի՞նչ նախապայման է դրել Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պրոցեսում

«Պրն Միրզոյան, երբ 2021 թվականին Էրդողանը թռնում էր ՄԱԿ-ի վեհաժողովին մասնակցելու, օդանավակայանում, հիշում եք, հայտարարեց նախապայմանների մասին։ Նա շատ կոպիտ խոսեց դրա մասին։ Դրանից հետո արդեն թուրքական նախապայմաններ ներկայացվեցին՝ տարածքային ճանաչում, ցեղասպանության խնդիր և այլն։ Օրինակ երկու օր առաջ Զարեհ Սինանյանը հայտարարեց, որ ցեղասպանության մասով աշխատանքները դադարեցվել են, քանի որ հաջողության չենք հասել։ Նախ ես չեմ հասկանում՝ ինչ գործ ունի Սփյուռքի հանձնակատարը ցեղասպանության աշխատանքների հետ։ Այսինքն՝ կարելի է ասել, որ այս պահի դրությամբ թուրքական բոլոր նախապայմանները բավարարվել են։ Ձեր կառավարությունը ասում էր, որ որևէ նախապայման էլ չկա, առանց դրանց գնում եք հարաբերությունների նորմալացման, սակայն, ինչպես տեսնում եք, ոչ մի նորմալացում էլ չկա։ Փակ սահմաններն էլ դրա ապացույցն են»,- դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին այս մասին քիչ առաջ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Այսօր՝ հունիսի 5-ին, հիշեցնենք, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

«Թուրքիայի կողմից նախապայմաններ Հայաստան-Թուրքիա կարգավորման պրոցեսի համար չեն առաջադրվել երբևէ։ Երկու կողմերն էլ բազմիցս ընդգծել են, որ նախապայմաններ չկան, իսկ նպատակը հարաբերությունների վերջնական կարգավորումն է։ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման պրոցեսի վերաբերյալ տարբեր իշխանությունների կողմից հնչել են տարբեր տեսակետներ։ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման պրոցեսը երբևէ այս քննարկումների մաս չի հանդիսացել ու այսօր էլ է այդպես»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը։