«Free News» հեռուստաընկերությունը կդառնա Civic.am

«Free News» հեռուստաընկերությունը կդառնա Civic.am

Օրերս yerkir.am կայքը մի հրապարակում էր արել, որը նաեւ վերահրապարակել էին այլ կայքեր՝ «Free News» կայքի մասին։ Հրապարակման մեջ բազմաթիվ անճշտություններ կային, որոնք կարող են ընթերցողներին թյուրիմացության մեջ գցել։ Մասնավորապես գրված էր, որ ««Free News» նորաբաց կայքը, որը պատկանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին, այս տարի հեռահաղորդակցության արտոնագրերի մրցույթում շահել է Երևան քաղաքում հեռարձակվելու իրավունք»։

Իրականում՝ կայքի սեփականատերը հայտնի է՝ նա Էդգար Ավագյանն է՝ «Արմենիա», ապա «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունների սեփականատեր Սարգսյանների ազգականը, որը տարանջատվելով վերջիններից, մոտ մեկ տարի առաջ հիմնադրեց «Free News» կայքը եւ մասնակցեց հեռահաղորդակցության հաճախականությունների սլոթների համար հայտարարված մրցույթին ու շահեց մրցույթում։ Հավանաբար՝ մեր գործընկերներին շփոթության մեջ է գցել այն, որ Ալեն Սիմոնյանի կինը՝ «Free News» կայքի աշխատակից Մարիամ Մարգարյանն է ՀՌՀ-ում մրցույթի ժամանակ ներկայացրել իրենց առաջարկը։ Ի դեպ, Մարիամ Մարգարյանն օրերս ծննդաբերել է եւ այժմ ծննդաբերության արձակուրդում է՝ որեւէ կերպ չի մասնակցում կայքի եւ հեռուստաընկերության աշխատանքներին։

Հաջորդիվ հոդվածում գրել են․ «Հայտարարել էին, որ լուրջ ֆինանսական ներդրում են անելու, որպեսզի կայքը դառնա հեռուստաալիք։ Սակայն չանցած 5 ամիս, հեռուստաալիքի բոլոր իրավունքները, մեզ հասած տեղեկությունով, Ալեն Սիմոնյանը վաճառել է Արա Աբրահամյանին։ Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը և ազդեցությունը, իր կնոջ անունով ստանալով հեռարձակման արտոնագիր, ընդամենը ամիսներ անց այն վաճառում է՝ ստանալով շահույթ։ Մեզ հասած տեղեկության համաձայն` այդ շահույթը օգտագործվելու է ՔՊ նախընտրական ծախսերի համար։ Մի կողմից` սա ակնհայտ կոռուպցիոն գործողությունների է նման, մյուս կողմից` գնորդը, որը գնել է Ալեն Սիմոնյանին պատկանող կիսաֆաբրիկատ ալիքը, նպաստել է, որ կոռուպցիոն գործարքի արդյունքում ձեռք բերված արտոնագրի վաճառքից ստացվածը ծառայի երկիրը անդունդի եզրին հասցրած ուժի վերարտադրվելու հավելյալ ֆինանսական միջոցների ավելացմանը։ Մի ուշագրավ փաստ ևս ուրվագծվում է այս պատմության մեջ․ երկրին պարտություն ու աղետ բերած իշխանութjունը վաճառում է ունեցածը․ այսինքն` պատրաստվում է իշխանությունը հանձնելուն և գուցե` արտագաղթելուն կամ ուղղակի ճողոպրելուն»։

Այս ամբողջ տեքստից իրականությանը մոտ է միայն այն, որ իրոք Ավագյանը ֆինանսական խնդիրներ ուներ եւ հեռուստաընկերության՝ եթեր դուրս գալը բավականին ուշացավ այդ պատճառով եւ սեփականատերն անգամ մտադրություն ուներ վաճառելու այն, որովհետեւ հեռուստաընկերություն պահելը լուրջ ծախսերի հետ է կապված, սակայն այդ դժվարությունները կարծես թե հաղթահարվել են եւ հեռուստաընկերությունը հունիսի 1-ից եթեր է մտնելու։
Բնականաբար, աշխատելու է գործող իշխանությունների օգտին, պարզ ասած՝ հեռուստաալիքը պատկանում է Քաղպայմանագիր կուսակցությանը։ Ավելին՝ այն ձեւավորվելու է Civic.am կայքի սկզբունքով, հավանաբար՝ այդ խմբագրակազմի եւ աշխատաոճի կիրառմամբ՝ «տոպկելու» է Փաշինյանի եւ ՔՊ-ի հակառակորդներին եւ փորձելու է եթերային տարածքում եղանակ ստեղծել՝ ի հակակշիռ Արմնյուզի եւ Թիվի 5-ի։