Հը՞… հիմա թուրքը փոխվել է, թե՞ ոչ

Հը՞… հիմա թուրքը փոխվել է, թե՞ ոչ

Անչափ հետաքրքիր է հետևել, թե ինչպես զարմացած լռեցին թրքասեր և ադրբեջանամետ որոշ իշխանական գործիչները և իշխանամետ հանրային «խոսացող գլուխները», որոնք ընդամենը օրեր առաջ իրենց «ճղում» էին` փորձելով համոզել «հպարտ քաղաքացիներին», որ, օրինակ, Արցախը «ապագա» ունի Ադրբեջանի կազմում, «թուրք-ադրբեջանական» ժողովրդի հետ հնարավոր է «խաղաղ» գոյատեւել կամ որ` մեր հայկական Շուշին «ադրբեջանական քաղաք» է (դե այս թեզը առհասարակ լկտիության և դավաճանության մաստեր-կլաս էր)։ Իհարկե, այդ «նախկին հայերին» չափազանց «հիասթափեցրեց» Նիկոլ Փաշինյանի այն անակնկալ «բացահայտումը», որ արի ու տես` պարզվում է Ադրբեջանը նախապատրաստում է հայերի ցեղասպանությունը և ցանկանում է ողջ Հայաստանի տարածքը օկուպացնել։

Ես հիմա չեմ անդրադառնա այն հանգամանքին, որ Փաշինյանը փաստացի հայտարարեց իր իսկ կողմից հռչակված «խաղաղության դարաշրջան» կոչվող հակահայկական կոնցեպտի վախճանը, ես նույնիսկ չեմ հիշատակի այն հանգամանքը, որ ամբողջ տեղեկատվական դաշտը երկու տարի ողողված էր հիմնավորված հոդվածներով, հայտարարություններով, հարցազրույցներով` առ այն, որ իշխանության իբր «խաղաղասեր» քաղաքականությունը բերելու է ահռելի արհավիրքների… սակայն կարևոր է հասկանալ, թե իրականում ինչը ստիպեց իշխանություններին անել մի հայտարարություն, որն, ըստ էության, ուղղակի պայթեցրեց իրենց հետպատերազմյա ողջ քաղաքականության հիմքը։ Եւ այս պարագայում մենք պետք է դադարենք «ուրախանալ» իշխանությունների կողմից արված խոստովանություններից և կենտրոնանաք պատճառների ուսումնասիրության վրա։

Կարծում եմ հիմնական պատճառը նա է, որ իշխանությունը պարզապես սպառել է իր խաղաղասեր «պաչ-պռոշտիների» ռեսուրսը և մերվել է այն իրողության հետ, որ թուրք-ադրբեջանական ոհմակը փորձելու է իրականացնել նոր ագրեսիա Հայաստանի սուվերեն տարածքների հանդեպ և փորձելու է հնարհավորինս շուտ ապակայունացնել իրավիճակը Արցախում։ Այսինքն տեսնելով, որ արդեն էլ տարբերակ չկա մարդկանց կերակրելու սին հույսերով, իշխանությունը փորձում է իրեն ապահովագրել մեղադրանքներից` մոտալուտ բացասական զարգացումների համար։ Իհարկե, կարող են լինել և այլ պատճառներ, սակայն ակնհայտ է, որ ադրբեջանական օկուպացիոն ուժերը գնալու են նորանոր ռազմական սադրանքների։ Ի դեպ, հույս չունենք, որ Հայաստանում գործող ադրբեջանական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչները կդադարեն առաջ մղել Ադրբեջանի շահերը, պարզապես կփոխեն իրենց մարտավարությունը և կգործեն ավելի քողարկված։

ՀԳ Իմիջայլոց, Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար հայերը պետք է կատարեն Ադրբեջանի պայմանները, այսինքն` գնան պետական և ազգային ինքնասպանության։ Հը՞...հիմա թուրքը փոխվել է, թե՞ ոչ։