Ո՞ւմ ենք դիմել օգնության խնդրանքով և ումի՞ց ենք ստացել աջակցություն

Ո՞ւմ ենք դիմել օգնության խնդրանքով և ումի՞ց ենք ստացել աջակցություն

Կառավարությունը երկրում ստեղծված այս ճգնաժամային օրերին օգնությւոնն է ստացել և ստանում մի շարք բարեկամ երկրներից և միջազգային կազմակերպությւոններից։ Hraparak.am-ը դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ ճշտելու, թե այս օրերին ՀՀ կառավարությւոնը ո՞ր երկրներին է դիմել օգնության խնդրանքով, որ երկրներից է ստացել աջակցություն և ինչ տեսքով է եղել այդ աջակցությունը։ Նշենք, որ արդեն հայտնի է, որ Չինաստանի կառավարությունը մեզ թեստերի որոշակի խմբաքանակ է ուղարկել և դրամական օժանադկություն ցուցաբերել։

Վարչապետի խոսնակը մեզ տրամադրեց տեղեկանք, որտեղ նշված է, թե որ երկրներին ու կազմակերպություններից ենք մենք այս օրերին դիմել՝ աջակցության ակնկալիքով և ումից ինչ օգնություն ենք ստացել

Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի դեմ պայքարում Հայաստանի առողջապահության նախարարությունը, Հայաստանի ԱԳՆ և այլ գերատեսչությունների օժանդակությամբ, լայնորեն օգտագործում է նաև միջազգային հանրության ներուժը։ Առողջապահության նախարարության կողմից համագործակցության, ինչպես նաև ներկա պահի կարիքներն արտահայտող աջակցության դիմում-նամակներ են ուղղվել թե օտարերկրյա պետություններ ու կազմակերպություններ, թե միջազգային կառույցներ։ 
Արդեն իսկ Չինաստանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ճապոնիայի կառավարությունների ու պետական մարմինների, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և Նիդեռլանդների Հանրային առողջության և շրջակա միջավայրի ինստիտուտի  կողմից ստացվել է զգալի օժանդակություն: 

Չինաստանի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 1008 թեստ-համակարգ, իսկ դեսպանատունն աջակցել է 20000 ԱՄՆ դոլարով` առաջնային անհրաժեշտության թեստ-համակարգեր, սարքեր ու պարագաներ ձեռք բերելու նպատակով: Չինաստանի դեսպանը խոստացել է ևս 110000 դոլարի աջակցություն ցուցաբերել` թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքեր ու պաշտպանիչ հագուստ գնելու համար:      
 Ռուսաստանն աջակցել է 3000 թեստ-համակարգի տրամադրումով: Բացի այդ, նախատեսվում է, որ ռուսական ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության դաշնային ծառայությունը մեզ կաջակցի ևս 10000 թեստ-համակարգով: 

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից նախատեսված է կորոնավիրուսի թեստի հատուկ խմբաքանակի հատկացում Հայաստանին (թվով 1000 հատ)։ Սերտորեն համագործակցում ենք նաև ԱՄՆ ՄԶԳ հետ` առկա կարիքների բավարարումն ապահովելու նպատակով:
Նիդեռլանդների հանրային առողջության և շրջակա միջավայրի ինստիտուտն  աջակցել է 2000 թեստ-համակարգով:  

Ճապոնիայի Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից նվիրաբերվել է 1000 թեստ-համակարգ, որի առաքում դեռ չի իրականացվել ։  
Աջակցության դիմումներ են ուղղվել նաև Քուվեյթի, Արաբական Միացյալ էմիրությունների և Կորեայի պատկան մարմիններ:

ԵՄ դեսպանության օժանդակությամբ ակնկալվում է ԵՄ-անդամ երկրների աջակցությունը՝ անհրաժեշտ նյութերի, պարագաների ու թեստ-համակարգերի տրամադրման ուղղությամբ։ 
Շվեյցարիայի Կառավարության հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում Հայաստանին տրամադրվել է 40000 շվեյցարական ֆրանկ` ԹԱՕ սարքեր գնելու նպատակով:  
Առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցում են Հայաստանին մեծապես օգնելու պատրաստակամություն հայտնում նաև միջազգային այլ կառույցներ՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Համաշխարհային բանկը, ՄԱԿ Պարենի ծրագիրը, ՄԱԿ մանկական հիմնադրամը. Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը (ԱԷՄԳ) և այլն։ 

ԱԷՄԳ-ն արդեն իսկ պատրաստվում է Վիեննայից Հայաստան առաքել սարքերի, նյութեր ու պարագաների մեծ պաշար, որը մեծապես օգտակար կլինի մեր կարիքների բավարարման հարցում:
ԱԶԲ-ն պատրաստակամություն է հայտնել 100000 ԱՄՆ դոլարի չափով օժանդակություն ցուցաբերելու: Հնարավոր է, որ հետագայում ԱԶԲ աջակցությունը ավելացվի: 
ԱՀԿ-ն Հայաստանին է տրամադրել 1000 թեստ-համակարգ:
         

Միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը ևս ներկայում քննարկում է  ՀՀ ներկայացրած աջակցության հայտը:
Տեղեկությունների, գիտելիքների ու փորձի մշտական փոխանակում և համագործակցության է իրականացվում հարևան երկրիների՝ Վրաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Ռուսատանի Դաշնության, Ճապոնիայի, Չինաստանի, Կորեայի, Գերմանիայի մեր գործընկերների ու դիվանագիտական օղակների հետ։ ԱԳՆ խողովակով պարբերաբար տեղեկություններ են ստացվում նաև այլ՝ մասնավորապես առավել վտանգի ենթարկված երկրներից։ ԱՀԿ եվրոպական գրասենյակը պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում տարածաշրջանի անդամ 53 երկրների առողջապահության նախարարների և նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Հատուկ հեռուստակամուրջներ և հեռակա խորհրդակցություններ են կազմակերպում Չինաստանի, ՌԴ առողջապահության նախարարության և Ռոսպոտրեբնադզորի գործընկերները, ինչպես նաև ԵԱՏՄ ու ԱՊՀ պատկան մարմինները։

Կարևոր դեր է հատկացվում Սփյուռքի հետ համագործակցությանը, ուստի վերջինիս աջակցության դիմում-նամակներ են ուղարկվել Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի միջոցով:
Բոլոր երկրների, միջպետական կառույցների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, Սփյուռքի, անհատ անձանց հետ աշխատանքը կատարվում է հատուկ մոտեցման սկզբունքով` յուրաքանչյուր օրվա կարիքների հաշվարկի վրա հիմնվելով, ինչպես նաև դիտարկելով համագործակցող մարմնի քաղաքականությունն ու պահանջները: