Ի՞նչ է նշանակում՝ ունենալ «համալսարանի մակարդակ» կամ լինել «համալսարանական»

Ի՞նչ է նշանակում՝ ունենալ «համալսարանի մակարդակ» կամ լինել «համալսարանական»

Ես սովորում էի պոլիտեխնիկում, սակայն միշտ ցանկացել եմ ԵՊՀ-ում ուսանել: Որոշ ժամանակ անց տեղափոխվեցի: Դրսում քաղաքական թեժ իրարանցում էր: Տեղափոխմանս փաստաթղթերով զբաղվող ԵՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյան, տեսնելով ինձ ԵՊՀ-ի բակում քաղաքական ակցիա իրականացնելիս, ասաց, որ ես «համալսարանի մակարդակը չունեմ, փոխարենն ունեմ ցածր, պոլիտեխնիկի մակարդակ»: ԵՊՀ տեղափոխվելս չեղարկվեց: Առայսօր փորձում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում «համալսարանի մակարդակ»:

2018թ․, մինչ ապրիլյան իրադարձությունները, շատ պատահաբար աշխատանքի ընդունվեցի ԵՊՀ: Լավ առիթ էր: Փորձեցի տեղում հասկանալ, թե ինչ է նշանակում ունենալ «համալսարանի մակարդակ» կամ լինել «համալսարանական»: Սկզբում ռեկտորը Սիմոնյան Արամն էր: Դրսում կրկին թեժ էր: Հեղափոխականները փորձում էին պաշտոնանկ անել Սիմոնյանին: Պատճառաբանում էին, թե վերջինս քաղաքականացրել է համալսարանը: Միգուցե ճիշտ էին: Սակայն պաշտոնանկություն պահանջողները եւս քաղաքական սուբյեկտներ էին եւ, հետեւաբար, քաղաքական նպատակներ ունեին: Վերհիշելով նախկինը եւ այն համադրելով ներկայի հետ՝ ես հասկացա, որ «համալսարանի մակարդակ» ունենալը նշանակում է ներքաղաքական թատերաբեմում գործելը, ինչպես նաեւ համալսարանը որպես քաղաքական կարիերայի մեկնարկային հարթակ դիտարկելը: 2019թ․ մայիսին, Սիմոնյան Արամի հրաժարականից հետո, տեսնելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների քաղաքականացվածությունը եւ դրանով պայմանավորված քվեարկությունը, մոտս ամրապնդվեց այն գաղափարը, որ «համալսարանի մակարդակ»-ը քաղաքական ձեւաչափի մեջ է: 

Այնուհետեւ եկավ ԺՊ Գեւորգյան Գեղամը, որն ինձ հրամցրեց «համալսարանի մակարդակ» ունենալու եւ «համալսարանական» լինելու ողջ բերկրանքը: Վերջինիս պաշտոնավարման ընթացքում անձամբ, ինչպես նաեւ հանրամատչելի աղբյուրներից տեղեկացա խոսքի ու մտքի ազատ արտահայտության եւ մամուլի տարածմանը խոչընդոտելու դրսեւորումների, քաղաքական, անձնական, բարեկամական կապերի բացահայտ օգտագործման, տնտեսական եւ հանրային շահերի երեւացող բախման, ոչ իրավաչափ վարչարարության, իրավական անգրագիտության եւ անգործության, անձնական հողի վրա իրականացվող հաշվեհարդարի դեպքերի մասին: Իսկ ամենակարեւորն այն էր, որ այդօրինակ երեւույթներն իրականացվում էին «համալսարանի մակարդակ» ունեցող «համալսարանականների» զգալի մեծամասնության լռության, միգուցե նաեւ հավանության ներքո: Այսինքն, Գեւորգյան Գեղամի պաշտոնավարման ընթացքում ես հասկացա այն, ինչն ինձ մտատանջում էր ուսանողական տարիներից: Ես հասկացա նաեւ, որ Գեւորգյան Գեղամի գործելաոճն օդից չեկավ: Այն նախկին «համալսարանականների» գործելաոճի տրամաբանական շարունակությունն էր: Հակառակ դեպքում կլիներ համատարած ընդդիմացում:
Շուտով կայանալու են ԵՊՀ ռեկտորի ընտրությունները: Առաջադրվել է 5 թեկնածու: Ասում են, որ դրանցից մեկը Հարությունյան Արայիկի «դաբրոն» ունի, մյուսի թիկունքում քաղաքական թիմ կա, իսկ էն մյուսը նախկին ռեժիմին մոտ կանգնած անձ է եղել, ով հիմա նոր փնտրտուքների մեջ է: Պատմությունը կրկնվում է: Այնպես, ինչպես նախկինում, ԵՊՀ-ն դիտարկվում է որպես ներքաղաքական գործընթացների թատերաբեմ, իսկ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը՝ օրվա քաղաքական իշխանության հայեցողական պաշտոն: Այս իրողության դեմ կրկին չկա «համալսարանականների» համատարած ընդդիմացում: 

Այս ամենի մեջ լավ կողմ էլ կա: Անձամբ ես վերջապես հասկացա, թե ինչ է նախկինում նշանակել «համալսարանի մակարդակ» ունենալ եւ «համալսարանական» լինել: Լավ է, որ չեմ ունեցել այդ մակարդակը: Լավ է նաեւ, որ այժմ գիտեմ, թե իմ պատկերացմամբ ինչպիսին չպետք է լինի «համալսարանականը»: Սակայն իմ իմանալն առայժմ շատ քիչ է եւ որեւէ խնդիր չի լուծում, քանի դեռ ԵՊՀ-ում աշխատողների զգալի մասը չի գիտակցում, թե ինչպիսին չպետք է լինի «համալսարանականը»։ Ափսոս, քանզի նրանք դա գիտակցելու համար շատ օրինակներ ունեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ