Բուհերը պե՞տք է զերծ պահել քաղաքական ազդեցություններից
Ինչպես երևում է, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Այլապես ստացվում է, որ ինքը, չգիտես ինչու, վերջերս կրկին հիշում է իր ընդդիմադիր կարգավիճակի սկզբունքային հարցադրումները: Օրինակ՝ նախկիններին և նրանց մերձավորներին կուլակաթափ անելու պահանջը: Ինչն, իր ասելով, մատնվել է անհաջողության: Էլ չասած կրկին «դուխով» երևալու գործընթաց բեմադրելը՝ իր նշանակած բարձրաստիճան պաշտոնյաններին հրաժարական պարտադրելու տեսքով: Չէ, կներեք, խիստ քաղաքավարի ու ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով ընդամենը խնդրելը: Ի դեպ, դրան էր միտված նաև նախորդ օրը Հանրապետության հրապարակում տոնածառի լույս վառելու միջոցառումը: Որին, բնական է, պետք է ձգտեր ներկա լինել հայրենիքի զգացողությունից զուրկ մարդկանց բազմությունը:
Վերջերս էլ կրկին արծարծեց վաղուց փակված հարցերից մեկը՝ բուհերի քաղաքականացման թեման: Եթե հաշվի չառնենք արտահերթ ընտրությունների պատրաստվելու հանգամանքը, ապա մի տեսակ անհարկի է թվում այդ թեմային կրկին անդրադառնալը: Իսկ թեման էլ փակվել էր ոչ թե բուհերին ամբողջական ինքնավարություն տրամադրելով՝ ինչպես ինքն էր պահանջում նախկինների օրոք, այլ դրանց ղեկավարությունը «սեփականաշնորհելով»: Ինչը կատարվել է կուսակցականացվելու կամ ԽԾԲ-ական եղանակով:
Ինչ մնում է ըստ էության հարցի քննարկմանը, ապա Նիկոլը փաստորեն ճիշտ է խոսում՝ բուհերը չպետք է քաղաքականացվեն: Ի դեպ, նույնն էր ասում նաև ընդդիմադիր գործիչ Փաշինյանը: Բայց երբ վերջինս դարձավ «դուխով Նիկոլ», իսկ հետո էլ վերածվեց «խեղճ հարիֆի», չգիտես ինչու, մոռացավ իր սկզբունքները: Չնայած, դրան էլ ենք ծանոթ. ինքն էր, չէ՞, անընդհատ «միամտորեն» հարցնում լրագրողներին՝ «Խի, ես նման բա՞ն եմ ասել»: Մոռացավ այդ ամենն ու որոշեց գերազանցել նախկիններին. համարյա ողջ բուհական համակարգը քաղաքականացվեց: Եթե մի երկու բուհ դեռևս չեն անցել այդ գործընթացի միջով՝ ուրեմն դրանց բանի տեղ չի դրել: Հատկապես որ հիմնականները ՔՊ-ական կամ ենթաքպական դարձնելուց հետո ծագել էր հայաստանյան պայմաններում բուհերի խոշորացման՝ խիստ «հանճարեղ» միտքը:
Նաև ճիշտ է ասում, որ բուհերը պետք է զերծ լինեն քաղաքական ազդեցություններից՝ դրանք քաղաքականացնելուց հետո հատկապես: Ասում է նաև, որ ուսանողներն ու դասախոսները չպետք է ազդեն ներքաղաքական զարգացումների վրա: Երևի մոռացել է, որ, նախ, սովորաբար բոլոր բողոքների շարժիչ ուժը երիտասարդությունն է: Եվ երկրորդ՝ ինքը ժամանակին իշխանություն է զավթել հենց ուսանողական ու նույնիսկ աշակերտական բողոքի բռնկումների արդյունքում: Ու, բնականաբար, չի կարող կողմ լինել նույնի կրկնությանը: Որովհետև այդ դեպքում ինքը կկորցնի իշխանությունը: Կկորցնի ճիշտ այնպես, ինչպես ձեռք էր բերել: Ինչ վերաբերում է ուսանողների ու դասախոսների կողմից երկրի զարգացումների վրա ունենալիք ռազմավարական ազդեցության հարցին, ապա այս դրանում ինքը հերթական մանիպուլյացիոն հնարքն է բանեցնում:
Բուհերի նպատակը ոչ թե ռազմավարական ծրագրեր գեներացնելն է, այլ այդ գործընթացը նախաձեռնելու ունակ կադրեր պատրաստելը: Ուրիշ հարց, որ առանձին հանճարեղ անձնավորությունը՝ լինի վերջինս ուսանող և թե նույնիսկ աշակերտ, կարող է հսկայական առաջխաղացում ապահովել գիտության կամ տեխնիկայի այս կամ այն ճյուղում կամ ոլորտում: Բայց այդպիսիք սովորաբար եզակի դեպքեր են, ու բուհերն էլ սովորաբար նախատեսված չեն նման զարգացումների համար: Ճիշտ է, արևմտյան կրթական համակարգում բուհերին կից գործում են հետազոտական կենտրոններ, սակայն դրանցում ուսանողական ներուժն օգտագործվում է հիմնականում օժանդակ խնդիրներ լուծելու համար: Որոնք առաջադրվում ու որոնց լուծումներն էլ գտնվում են հետազոտող դասախոսների կողմից: Իսկ ուսանողության մեծամասնությունն, այնուամենայնիվ, գնում է բուհ սովորելու և ոչ թե գիտական մտքի թռիչք ապահովելու մտայնությամբ:
Կարծիքներ