Թունավոր ջրերը գետ են թափվում, ձկներ են սատկում 

Թունավոր ջրերը գետ են թափվում, ձկներ են սատկում 

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 10կմ հեռավորության վրա գտնվող Արմանիսի հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Սագամար» Փակ բաժնետիրական ընկերությանը, որի միակ բաժնետերը «Գլոբալ Մեթալզ»  լիմիթեդ ընկերությունն է: Այն գրանցված է օվշորային գոտում: Արմանիսի հանքավայրի շահագործումը սկսվել է 2008 թ.-ից: Շահագործման թույլտվությունը ընկերությունը ստացել է 2001-ին: 2004-ին այն վերաձեւակերպվել է որպես հանքարդյունահանման լիցենզիա: Այստեղ հանքը զբաղեցնում է 18 հեկտար, իսկ հարստացման ֆաբրիկան՝ մոտ 10 հա տարածք: Ընկերությունը մինչև 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ունի, սակայն արդյունահանման աշխատանքները 2015 թվականից դադարեցված են: Աշխատակիցներին չէին վճարում նաև աշխատավարձերը: Նրանք հարկադիր պարապուրդում էին: «Սագամար» ՓԲԸ-ի գործունեության հետևանքով բազմիցս բնապահպանական ահազանգեր են հնչել։ Նման մի ահազանգ էլ բնակիչների կողմից ստացանք օրեր առաջ։

Հանքի հարևանությամբ հոսող Ձորագետից սատկած ձկներ են հայտնաբերվել։ Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ հանքից արտանետվող պոչերը լցվում են գետը, որտեղ երեխաներ են լողում, նախկինում հասցվող վնասը գոնե կոմպենսացվում էր աշխատատեղերով, այժմ հանքը չի շահագորվում, սակայն թունավոր արտանետումները շարունակվում են գետը թափվել։

Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը նշեց, որ ընկերության հետ բազմիցս փորձել են համագործակցության եզրեր գտնել, սակայն երբ բանակցությունները հասել են ինչ-որ փուլի, ընկերությունում տնօրեն է փոխվել։Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոստոմ Քոչարյանի խոսքով՝ հանքը չաշխատելով ավելի շատ վնաս է բերում, քանի որ անտերության է մատնված։Ձկների սատկելու դեպքի հետ կապված 2 վարկած է շրջանառվում, Ստեփանավանում դա անվերապահորեն կապում են թունավոր արտանետումների հետ, նաև խոսվում է, որ հնավոր է՝ որսագողերը թունավորած լինեն։ Սրա կապակցությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ կառավարությանն առընթեր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմից, սակայն մեզնից գրավոր հարցում պահանջեցին։