Նախկինում էլ Նիկոլ Փաշինյա՞նն է վնաս հասցրել քաղաքացու գիտակցությանը

Նախկինում էլ Նիկոլ Փաշինյա՞նն է վնաս հասցրել քաղաքացու գիտակցությանը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու, թե ինչպես են իրականացնելու ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավը։ Ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից, տեւելու է մինչեւ ապրիլի 3-ը։ Ինքը գտնվում է արձակուրդում, հաջորդ շաբաթ՝ որպես նախարար, այց ունի Վրաստան, կվերադառնա աշխատանքի, ապա նորից կգնա արձակուրդ: Վարչապետը եւս նույնկերպ կվարվի՝ կվերցնի արձակուրդ, որ մասնակցի քարոզարշավին։ Թեպետ սա ընդամենը ձեւական կողմն է, նրանք իրականում ե՛ւ աշխատանքի են գնում, ե՛ւ արձակուրդում են գտնվում, ե՛ւ քարոզչությամբ են զբաղվում։ Արձակուրդ վերցնում են վարչական ռեսուրսի չօգտագործման իմիտացիա ստեղծելու համար, որ չասեն՝ նախարարը քարոզչություն է անում։ Առաջիկա 2 ամիսը Սուրեն Պապիկյանը ոչ թե տարածքայինի նախարարն է, այլ շարքային ՔՊ-ական։

Քարոզարշավը կսկսեն հարավից՝ Սյունիքից, կամփոփեն Երեւան քաղաքում։ Վարչապետի գլխավորությամբ բոլոր այցերը կսկսվեն մարտի 10-11-ից, կլինեն հանրապետության բոլոր քաղաքներում, 4 օր կտեւի Երեւանում անցկացվող քարոզարշավը։ Մենք Պապիկյանին հիշեցրինք, որ նախկինում, երբ ՔՊ կուսակցությունը հանդես էր գալիս «Ելք» դաշինքի կազմում, Երեւանի ավագանու ընտրություններից առաջ կազմակերպված դրամահավաք-երեկոյին հավաքվել էր ընդամենը 5 մլն դրամից մի փոքր ավելի գումար, հիմա հավաքվում է 205 մլն դրամ, սա արդյոք կոռուպցիայի դրսեւորում չէ՞, շատերը պարտադրված են իշխող կուսակցությանը գումար նվիրաբերել։ «Ակնհայտ է, որ «Ելք» դաշինքի ժամանակաշրջանի թե՛ մեր քաղաքական ուժը, թե՛ նաեւ համատեղ մեր գործընկերները այս ընթացքում հանրային ընկալման մեջ որոշակի փոփոխություններ են արձանագրել։ Այսինքն՝ փաստ է, որ մեր կուսակցությունը քաղաքական դաշտի նոր կուսակցություն լինելուց դարձել է իշխող կուսակցություն։ Այսինքն՝ մենք ՀՀ-ում նախաձեռնել եւ մեր հանրության հետ իրականացրել ենք թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, մեր հանրային վստահությունն արտացոլվել է 2018 թ․ դեկտեմբերի 9-ի ընտրություններում, եւ որեւէ զարմանալի բան չկա, որ հանրային վստահություն կա նաեւ այս պարագայում։ Այսինքն, եթե մենք իշխող կուսակցություն ենք, ապա հրաժարվենք մեր նախկին սկզբունքներից եւ ընտրություններին պատրաստվելիս գումար սկսենք ստանալ անհատ օլիգարխների՞ց, թե՞ դրամահավաքի միջոցով առավել լայն հանրության աջակցությունն ակնկալել»,- փորձեց բացատրել Սուրեն Պապիկյանը։ Սակայն այդ անհատ օլիգարխները, ինչպես նախկինում ՀՀԿ-ին, այնպես էլ հիմա իրենց կուսակցությանն են գումարներ փոխանցում եւ դա անում են բացառապես մեկ նպատակով, որ հաճոյանան իշխող ուժին եւ որոշակի ինդուլգենցիաներ ձեռք բերեն։

Ի դեպ, մենք փորձեցինք իմանալ նվիրատուների ցանկը, բայց մեզ չասացին՝ հայտնելով, թե դեռ չեն ամփոփել տվյալները, կամփոփեն, կհրապարակեն։ Սուրեն Պապիկյանին հիշեցրինք նաեւ Հովիկ Աբրահամյանի մասին, որ նախկինում էլ նա էր ընտրությունների ժամանակ գլխավորում իշխող ուժի նախընտրական շտաբը, հիմա, փաստորեն, ինչպես շատ հարցերում, այս հարցում էլ պատմությունը կրկնվում է՝ իշխող ուժի նախընտրական շտաբը համակարգում է տարածքային կառավարման նախարարը, ում ենթակայության տակ են բոլոր մարզպետներն ու համայնքապետերը, ով տիրապետում է վարչական ռեսուրսներին։ Պապիկյանին, սակայն, դուր չեկավ մեր համեմատությունը։

«Նախ՝ խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ես որեւէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնը։ Ավելին ասեմ․ ի տարբերություն Ձեր նշած գործչի կամ անձի՝ ես հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ Դրանից զատ, ես որեւէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որպեսզի որեւէ կերպ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նմանատիպ բաների հետ»,-ասաց նա։ Այսինքն՝ Սուրեն Պապիկյանը վատ չի զգում, որ իրենց թիմում կան նախկին ՀՀԿ-ականներ, ՀՀԿ-ի համար ձայն հավաքածներ, թալանի ու կոռուպցիայի մեջ մեղադրված անձինք, որ իրենց կողմից պիտակավորված նախկին «թալանչիները» գումար են փոխանցում իրենց կուսակցությանը, բայց վատ է զգում, որ համեմատվում է նախկին վարչապետի հետ։ Նշենք, որ արդեն իսկ ահազանգեր կան, որ մարզպետներն աշխատանքի ժամերին հավաքում են յուրայիններին, հրահանգներ տալիս հանրաքվեի վերաբերյալ, անօրինական քարոզչությամբ զբաղվում, վարչապետն էլ իր հերթին էր, դեռ քարոզչությունը չսկսված, «այո»-ի քարոզ անում։ Բայց այս ամենը իշխանությունների համար օրենքի խախտումներ չեն։

Անդրադառնալով նրան, որ քաղաքական ուժերից որեւէ մեկը, փաստորեն, չցանկացավ «Ոչ»-ի շտաբ ձեւավորել՝ նախընտրելով բոյկոտել հանրաքվեն, Պապիկյանն ասաց, որ բոյկոտն ամենավատ ճանապարհն է։ «Երբ նշում են, որ չկա «Ոչ»-ի շտաբ, ես կարծում եմ, որ կա ձեւավորված ընդհատակյա «Ոչ»-ի շտաբ։ Եվ նաեւ ուզում եմ նշել, որ բոյկոտի կոչը շատ ավելի վատ երեւույթ է, քան դուրս գալ եւ ասել, որ սահմանադրական փոփոխություններին մենք դեմ ենք այսինչ հիմնավորումներով։ Դա շատ ավելի պարզ է եւ քաղաքացու համար ընկալելի է, քան անորոշ ու որեւէ կերպ չհիմնավորված բոյկոտի կոչերը։ Բոյկոտը շատ ավելի վատն է, ու բոյկոտի հեղինակներն ու ջատագովները շատ ավելի մեծ վնաս են հասցնում մեր քաղաքացուն, մեր քաղաքացու գիտակցությանը։ Եվ քարոզարշավի ընթացքում ես պատրաստվում եմ մշտապես անդրադառնալ մեր շատ սիրելի այդ գործիչներին»,- ասաց նա։

Իշխանությունները, փաստորեն, արդեն իրենք իրենց համար որոշել են, որ կա «Ոչ»-ի ընդհատակյա շտաբ, այսինքն՝ բոքսի տանձիկ  են արդեն հորինել, որի վրա, ինչպես խոստովանեց Պապիկյանը, պարբերաբար հարձակվելու են ու թիրախավորեն։ Ի դեպ, Պապիկյանը, քննադատելով բոյկոտի կոչ անողներին, թերեւս էլի մոռացել էր, թե անցյալում ինչ դիրքորոշում են հայտնել իրենք եւ իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ 2015 թ․ սահմանադրական հանրաքվեն համարելով կեղծ օրակարգ, բոյկոտելով ու չմասնակցելով դրան։ Եվ եթե այն ժամանակ իրենք որեւէ կերպ չէին կարողանում հիմնավորել, թե ինչու են բոյկոտում հանրաքվեն, ինչու են սահամանադրական փոփոխությունները համարում կեղծ օրակարգ, ապա հիմա ընդդիմադիր ուժերը գոնե հիմնավորում են, որ չեն ուզում մտնել Սահմանադրության խախտումներով հայտարարված հանրաքվեի պրոցեսի մեջ։