Տապոռով եք աշխատում, տապոռով

Տապոռով եք աշխատում, տապոռով

Վարչապե՞տն էլ սեփական երկրում սեփական մամուլի պես «դեղին» լինի՝ ստախոս, անկապ, մեծամիտ, տեղ-տեղ տափակ, տեղ-տեղ ծակ փիլիսոփա ու այսպես շարունակ: Դուք տեսա՞ք նրա կազմակերպած «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը»: Այդպիսի գագաթնաժողով միայն դեղին վարչապետը կարող էր կազմակերպել, ինքն էլ գար, մասնակցեր և այն բոլոր հիմարությունները, որ մեզ արդեն ասել էր, հիմա էլ «համաշխարհային» մակարդակի գագաթաժողովում կրկներ: Եթե իր բառով ասեմ՝ սա իր հերթական ձախողումն էր: Ինքն էր ասում՝ ես որ նայում եմ, տեսնում եմ որ ամեն օր էլ ձախողում եմ: Չի ձախողում նա, ով ոչինչ չի անում: Եվ խնդրեմ՝ հերթական ձախողումը, որովհետև որոշել էր մի բան անել: Իսկ թե ի՞նչ էր անում, ես այդպես էլ ոչինչ չհասկացա:

Կառավարության կայքն այս առիթով գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով պանելային քննարկմանը»: Տեսնո՞ւմ եք, նույնիսկ կառավարության կայքը չի ուզում բացահայտել այս աննախադեպ «գագաթնաժողովի» կազմակերպիչներին կամ կազմակերպչին: Գրել են, որ Երևանում, այսպես ու այսպես, համաշխարհային գագաթնաժողով էր ընթանում, մեկ էլ Փաշինյանը եկավ ու մասնակցեց: Կներեք, բայց հարց ունեմ՝ ես, որ անգամ Բրազիլիայում անցկացվելիք «գեղեցկության մրցույթի» մասին եմ տեղեկացված, ինչո՞ւ տեղեկացված չէի, որ Երևանում համաշխարհային մակարդակի գագաթնաժողով է տեղի ունենում: Բա այդքան չարչարվել է մեր կառավարությունը, գագաթնաժողովը բերել է Երևան, որ մենք դրա մասին ուշացումով իմանա՞նք: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը զբաղվածության պատճառով հանկարծ չմասնակցե՞ր այդ «պանելային» քննարկմանը… Երևի ընդհանրապես չիմանայինք, այո՞, որ «համաշխարհային հայկական» մեծ ֆորում է կազմակերպվել ամենայն հայոց մայրաքաղաքում:

«Գագաթնաժողով» բառի հետ կապված էլ լուրջ դժգոհություններ ունեմ: Ես այնտեղ որևէ հայկական «գագաթ» չտեսա: Այդ ի՞նչ հայկական գագաթնաժողով էր առանց ՀՀ և ԱՀ նախագահների, առանց Հայ առաքելական եկեղեցու հովվապետերի, առանց գիտության ու մշակույթի մեծերի, առանց քաղաքական լուրջ դեմքերի, սփյուռքի հայտնի հայերի: Իսկ գուցե Նիկոլի պատվի՞ն են այդ ցերեկույթն անվանել գագաթնաժողով: Կատակ չեմ անում: Դուք այնտեղ որևէ գագաթ տեսա՞ք՝ Սինանյանի ճաղատից բացի: Այսպես որ գնա, Փաշինյանի յուրաքանչյուր հարցազրույց կամ ասուլիս, պետք է գագաթնաժողով անվանել: Ինչո՞վ էր այս «համաշխարհային» կոչված հարցազրույցը տարբերվում Պետրոսի մոտ հարցազրույցներից: Իմ կարծիքով՝ Պետրոսի տաղավարում կամ Փաշինյանի աշխատասենյակում շատ ավելի է զգացվում «գագաթնաժողովի» շունչը, քան այսպես, երբ Փաշինյանը ոտքերը չռած նստած էր «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» հարյուրավոր ակամա գագաթների առաջ: Գոնե էն ջահել աղջկանից ամաչեր, մի քիչ հավաքվեր և իրեն գագաթի պես պահեր:

Երկու խոսք աղջկա մասին: Կառավարության կայքը գրում է. «Վարչապետը պատասխանել է բանախոսի և քննարկմանը ներկաների բազմաթիվ հարցերի»: Որ քննարկմանը ներկաներ կային, տեսանք, որ բազմաթիվ պայմանավորված հարցեր եղան, դա էլ տեսանք, բայց որ այնտեղ հարցեր տվող բանախոս կար՝ չտեսանք: «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» բանախոսն ո՞վ էր, այդ աղջի՞կը… Վրիպա՞կ է, շփոթմո՞ւնք, տգիտությո՞ւն… Բա Փաշինյանի աշխատակազմում, որի գագաթը Արայիկ Հարությունյանն է, մեկը չկա՞ր՝ ասեր էս ի՞նչ եք գրում, արա, որտե՞ղ է գրված, որ Փաշինյանը մի բանի մասնակցի, ու օրվա բանախոսն ինքը չլինի: Պատկերացրեք մի պահ, որ գրեին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է օրվա բանախոս Պետրոսի հարցերին: Ասեմ նաև՝ ես այս ամենը չգրեցի, որ աղջիկը վատ զգա: Քավ լիցի: Ուղղակի սա թող այս աղջկան դաս լինի, որ մյուս անգամ սիրուն չհագնվի ու չվազի ամեն հիմար միջոցառման, որտեղ Նիկոլն է փայլելու իր «իմացաբանությամբ»:

Խելացի մարդիկ ասում են, որ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» կոչված այս շոուն սովորական «թոզփչոցի» էր: Փաշինյանին պետք էր իր արևմտյան տերերին որոշակի մեսիջներ փոխանցել յուր անձի՝ համահայկական երևույթ լինելու մասին: Արևմուտքում սկսել էին ինչ-որ չհարգել կամ քիչ հարգել իրեն և, ահա, փորձ արեց պրո-ռուսական վերջին ռևերանսներից հետո վերականգնել իր «միջազգային» իմիջը: ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի մասին զազրախոսությունները, Հայ ժողովրդի մինչ այս ունեցած «սխալ» հայրենասիրության մասին բարբաջանքը, ադրբեջանական պահանջների (միջանցք, սահմանադրական փոփոխություններ) մանիպուլյատիվ մեկնաբանությունները, խաղաղության կիսատ-պռատ փաստաթղթի շուրջ նրա անհասկանալի տվայտանքները, ինչպես նաև հավաքված արևմտամետ հանրույթը (պարզ էլ չէր՝ հայ էին, հայ չէին), խոսում էին այն մասին, որ սա, այո, արհեստական միջոցառում էր Արևմուտքին ցույց տալու, որ Նիկոլը «լավ տղա է»:

Հ.Գ. Հարց Փաշինյանին և Սինանյանին: Պարոնայք, ձեր ցերեկույթները կազմակերպելիս ինչո՞ւ եք խուսափում «Համահայկական» բառից: Եթե համահայկականությանը չեք ձգում, ասեք՝ հասկանանք: Այլապես՝ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»… Տապոռով եք աշխատում, տապոռով: