Տրանսպորտային միջոցներում մարդիկ խցկված երթեւեկում են․ ոստիկանությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում

Տրանսպորտային միջոցներում մարդիկ խցկված երթեւեկում են․ ոստիկանությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում

Մինչ ոստիկանները փողոցներում, բակերում, պուրակներում ու զբոսայգիներում զբաղված են մարդկանց տուգանելով՝ դիմակը պատշաճ ձեւով կամ ընդհանրապես չկրելու համար, տրանսպորտային միջոցները իրենց հին գործելաոճով շարունակում են աշխատել՝ նստատեղերի քանակից դուրս մարդկանց տեղափոխելով։ 

Երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, տրանսպորտային միջոցները դադարեցրին իրենց աշխատանքը, մայիսի կեսերից այդ սահմանափակումը հանվեց։ Պարետը որոշում արձակեց, որի համաձայն՝ տրանսպորտային միջոցներում արգելվում է երթեւեկել, եթե լրացված նստատեղերի քանակից ավելի մարդ կա ներսում։ Սկզբում այս որոշմանը ոստիկանությունը խստորեն հետեւում էր, անգամ կանգնեցնում էին ,օրինակ, ավտոբուսը, կանգնած մարդկանց իջեցնում։ Հիմա պատկերը լրիվ այլ է։ 

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները «վերցնում են» կանգառներից բազմաթիվ մարդկանց, խցկված երթեւեկում ,իսկ ոստիկանները նայում են այդ պատկերին եւ ձայն չեն հանում։

Ոստիկանությունից մեզ փոխանցեցին․ «ՀՀ-ում, միայն երեկ ՃՈ կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում և տաքսիներում դիմակ կրելու պահանջները խախտելու համար կայացվել է 91 որոշում»։

Ոստիկանության լրատվական ծառայության ներկայացրած թիվն, իհարկե, չի վկայում այն մասին, թե վերահսկողություն կա։ Մինչդեռ հենց այստեղ է, որ պետք է իրենց ուժերը կենտրոնացնեն, ոչ թե մաքուր օդ շնչող քաղաքացիներին տուգանեն, մեկ-մեկ էլ բռնի ուժ գործադրելով, քաշքշելով բերման ենթարկեն։