Ջրի շշերը նորից «վերադարձել են» դահլիճ

Ջրի շշերը նորից «վերադարձել են» դահլիճ

Ազգային ժողովում գրեթե «հեղափոխական» փոփոխություններ են տեղի ունեցել: ԱԺ վերին ատյաններում գցել-բռնել ու հասկացել են, որ ընդդիմությունն այլևս վտանգավոր չէ իշխանության, հատկապես իշխանական «ուսապարկերի» համար, ուստի նրանց վերադարձրել են ջուր խմելու իրենց սահմանադրական իրավունքը:

Ավելի պարզ ասած` ԱԺ դահլիճ են վերադարձրել ջրով լի շշերը, որոնք շաբաթներ առաջ ինչ-որ պահի սկսեցին լրիվ այլ նպատակով գործածվել: Օրինակ` ընդդիմադիրներն սկսեցին շշերը նետել իշխանականների ուղղությամբ` փորձելով այդ մի «գործիքակազմը» ևս օգտագործել իշխանության դեմ: Դրանից հետո ԱԺ աշխատակազմը անվտանգության հորդորով որոշեց շշերը հավաքել դահլիճից:

Այսօր`ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին նկատեցինք, որ ջրով լի շշերը նորից վերադարձել են իրենց նախնական դիրքերին` սեղանների վրա: Իշխանականները թերևս երաշխիքներ են ստացել, որ սեղաններին դրված ջուրը բացի խմելուց այլ նպատակներով այլևս չի իրագործվի: Մնում է տեսնել` չորեքշաբթի օրը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ԱԺ է ժամանում Նիկոլ Փաշինյանը` իշխանությունների կողմից թիվ մեկ պահպանյալ անձը դարձյալ շշերը կթողնե՞ն սեղաններին, թե՞ Փաշինյանի դեպքում դեռ ռիսկեր կան, որ շշերը կարող են նորից թռչել տարբեր ուղղություններով: