Գուցե փոխնախարա՞րը մտածի հրաժարական տալու մասին

Գուցե փոխնախարա՞րը մտածի հրաժարական տալու մասին

ՀՀ կառավարության որոշմամբ, մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործող Պատմության եւ հուշարձանների պահպանության, ինչպես նաեւ Մշակութային արժեքների պահպանության գործակալությունների կանոնադրությունն ու կառուցվածքը չեղյալ են համարվել: Այդ մասին նախօրեին մեզ հետ զրույցում ահազանգել էր Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը` նշելով, որ դա, ըստ էության, կանաչ լույս կվառի տարբեր ապօրինությունների համար եւ հետագայում կվտանգի հուշարձանների պահպանության հարցը։  

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն էլ, մեզ հետ զրույցում արձագանքելով Աբրոյանի մտահոգություններին, նշել էր, որ կառուցվածքային փոփոխություններն արվում են օրենքի շրջանակում: Ինչ վերաբերում է նրան, որ նախարարությունը հանդես չի գալիս հուշարձանների պահպանության դիրքերից, եւ հուշարձանի շահը ստորադասվում է բիզնես շահին, Թուխիկյանն ասել էր. «Արմեն Աբրոյանը, որպես գործակալության պետ, պատասխանատու էր հուշարձանների համար, եւ ողջ պատասխանատվությունը նա է կրում։ Եթե ինքն ի շահ հուշարձանի ինչ-որ բաներ է առաջարկել, որը չի անցել, ուրեմն հրաժարական պետք է տար»։   

Ի պատասխան փոխնախարարի գնահատականին, Արմեն Աբրոյանը հակադարձում է. «Նախ, կանոնադրությունը նախարարության կայքում տեղադրված չէ, ինչպես նա նշել էր, հետո՝ ես երբեք չեմ ասել, որ գործակալությունը նախարարության մասը չէ․ սխալ է մեկնաբանվում, եւ նույնիսկ անհարմար է մտածել, որ ես կարծում եմ, թե դա առանձին թագավորություն է, որովհետեւ գոնե ես երկար տարիների պետական ծառայության փորձ ունեմ: Ինչ վերաբերում է նախկին տարիներին, մասնավորապես Երեւան քաղաքի պատմական միջավայրի աղճատմանը, ապա ես, անկախ գործակալության պետի պաշտոնից, եղել եմ եւ մնում եմ վերականգնող ճարտարապետ, եւ նույն պայքարը` նաեւ վաղը, լինելու է իմ կողմից: Պատմական  միջավայրն աղճատելու վերաբերյալ ես ասել եմ եւ հեղափոխությունից անմիջապես հետո, երբ Նիկոլ Փաշինյանի` մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեցին գործակալության լուծարման մասին, ինչը նախկին իշխանությունների ժամանակ չէին կարողանում անել շատ խմբեր, որպեսզի խոչընդոտող ոչ մի կառույց չլինի: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նախարարության կազմում կա գործակալություն` ճիշտ անվանումով, եւ այնտեղ աշխատում են պարկեշտ մարդիկ, որոնց եզրակացությունները քաղաքական պատճառներով չեն իրականացվել, չեն թույլատրվել, բայց այժմ նրանց եզրակացությունը պետք է լինի հիմք մյուսների համար, ընդհուպ մինչեւ ոստիկանության համար, եւ այլեւս ոչ մի հուշարձան չպետք է քանդվի»: 

Աբրոյանն ընդգծում է` հետհեղափոխության շրջանում, արդեն մեկ տարի աշխատելով նախարարությունում, Ն. Թուխիկյանը փաստացի շարունակում է պատմական միջավայրի նախկին աղճատումները։ «Նա ուղիղ իմաստով շարունակում է նախկին գործելակերպը, իսկ դրանք օրինակներ են, «Հին Երեւան» ծրագրի դեպքում կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներ կային, բայց դրանք փոփոխեցին, բարձրացրին հարկայնությունը եւ համաձայնություն տվեցին կեղծ գիտամեթոդական նիստով` խմբային շահերից ելնելով: Իսկ դրա համար ինձ տասնյակ անգամներ զանգել են, դիմել են, եւ ես այդ համաձայնությունը չեմ տվել, գրավոր մերժել եմ, պետական վերահսկողության ծառայության միջոցով ստիպել են, որ համաձայնեմ, հարցաքննել են, բայց էլի չի ստացվել, մինչեւ անգամ այդ հարցը կառավարությունում են բարձրացրել, բայց այդ ժամանակ արդեն համաձայնությունը տրվել էր նախարարի տեղակալի գրավոր ցուցումով, նախարարի համաձայնությամբ, խորհրդական Արթուր Հովսեփյանի անմիջական մասնակցությամբ` խախտելով կառավարության որոշման պահանջը: Որտե՞ղ է երեւում այսօրվա իշխանության պատմական միջավայրի պահպանության գործունեությունը, եթե ոչ հակառակը` շարունակվում է ապօրինությունը»,- ասում է Աբրոյանն ու բերում 2-րդ օրինակը` Աֆրիկյանների տան հարցը, որի տեղում հիմա բարձրահարկ հյուրանոց է կառուցվում.

«Աֆրիկյանների տան պայքարի ժամանակ ես արել եմ իր գործառույթները, պարտականությունները, որի համար նկատողություններ եմ ստացել, անգամ պատասխանատվության եմ ենթարկվել: Այսօր Աֆրիկյանների տեղում բարձրահարկ հյուրանոց է կառուցվում, որի շինարարությունը դադարեցված էր մինչեւ ԿԳՄՍՆ-ի համաձայնությունը: Այն դեպքում, որ ես չեմ համաձայնել համալիր փորձաքննության եզրակացության հետ, երբ Վերմիշյանն էր վարում այդ եզրակացությունը, եւ որպեսզի համաձայնեմ դրա հետ, նույնիսկ նախարարը խոսեց ինձ հետ, բայց ես չհամաձայնեցի, ու մեր գրավոր անհամաձայնությամբ` ԿԳՄՍ նախարարությունը թույլ տվեց 20 հարկից ավելի բարձր շինարարությունը: Ինչո՞ւ Աֆրիկյանների շենքը չվերականգնվեց․ որովհետեւ Երեւան քաղաքի ապօրինությունները նույնությամբ շարունակվում են եւ կատարվում են նույն՝ Երեւանի տարածքային բաժնի նախկին պետ Կարո Այվազյանի անմիջական մասնակցությամբ, իր եզրակացությամբ ու միջոցով: Դրա համար հենց ինքը՝ փոխնախարարը պետք է մտածի այն մասին, երբ կոչ է անում հրաժարական տալ, եթե չի ստացվում պայքարել: Գուցե հենց ի՞նքը պետք է հրաժարական տա»: 

Աբրոյանի խոսքով` թե՛ ինքը, թե՛ գործակալությունը մշտապես պայքարի մեջ են եղել, մինչեւ անգամ փորձել են անմիջական ազդեցություն գործել գործակալության աշխատակիցների, պատասխանատուների վրա` փորձելով այս կամ այն հարցում անհատապես ստանալ յուրաքանչյուրի համաձայնությունը, բայց ինքը թույլ չի տվել։ «Սա է պատճառը, ինչի համար պետք է պատասխան տան: Դրանք փաստական տվյալներ են, կա գիտամեթոդական խորհրդի եզրակացությունը, ընդ որում՝ 20-21 հոգանոց խորհուրդը դարձրել են 7 հոգանոց խորհուրդ, 21 հոգուց ընտրում են 7-ին, որոնց համոզում են եւ 7-ից 3 ձայներով կարողանում են իրենց որոշումներն անցկացնել: Խորհրդի ղեկավարը` փոխնախարար Ն. Թուխիկյանը, լինելով ոչ մասնագետ, ունի 2 ձայնի իրավունք, դրա համար կարողանում են եզրակացություններ ձեռք բերել, որի վրա էլ խախտումներ են անում: Ի դեպ, համաձայն կառավարության որոշման, նա դրա իրավունքը չունի, դա արդեն խախտում է, ես զեկուցագիր եմ գրել նախարարին, որը, սակայն, չի շտկվել: Եվ այս ամենի` իր կատարած ապօրինությունների համար պետք է մտածի ու մտահոգվի հենց Նարինե Թուխիկյանը` նույնիսկ հրաժարական տալով»,- ասում է Աբրոյանն ու նկատում, որ գործակալության ռեսուրսները չեն բավարարում թե՛ վերահսկողության, թե՛ այլ ծառայություններ մատուցելու համար:    

«Հետհեղափոխության շրջանում գործակալությունում, ազատված մարդկանց փոխարեն, նոր մարդ չեն ընդունում: Ստացվում է, որ 30 անձից բաղկացած գործակալությունը տարիներ, ամիսներ շարունակ չունի 7 աշխատակից, ավելին` մարզային ծառայությունները չունեն նստելատեղ, համակարգիչներ, տրանսպորտային միջոցներ՝ շրջայցեր անելու համար: Այսինքն՝ գործակալությանը չեն տվել գործիքակազմ, որը պարտավոր է տալ նախարարությունը: Մինչդեռ գործակալությանը քաղաքական հենարան է պետք, դա չի վերաբերում գործակալության ղեկավարին, նրա անձին, այլ` կառուցվածքին: Դա նման է նրան, որ երեխային հաց չտաս, շոր չհագցնես, բայց ասես՝ ձմռանը դուրս արի փողոց»: