Կալիֆորնիան կհրաժարվի բենզինով աշխատող մեքենաներից

Կալիֆորնիան կհրաժարվի բենզինով աշխատող մեքենաներից

Կալիֆորնիայի իշխանությունները մտադիր են 2035 թվականին ամբողջովին հրաժարվել բենզինային շարժիչով բեռնատար եւ մարդատար նոր մեքենաների վաճառքից։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ամերիկյան առաջատար ավտոշուկան անցում է կատարում այսպիսով էլեկտրամեքենաներին, ինչպես հայտարարել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը։

Արդեն գնված մեքենաների շահագործումը կամ շահագործված բենզինով աշխատող մեքենաների վաճառքը չի արգելվի։ Նյուսոմը կոչ է արել մյուս նահանգներին եւս գնալ այս քայլին։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադդ Դիրը այս որոշումը անհանգստացնող է որակել, քանի որ բենզինով աշխատող մեքենաներից հրաժարումը կնշանակի բազմաթիվ աշխատատեղերի փակում եւ սպառողական ծախսերի ավելացում։ Կալիֆորնիան իր առջեւ նպատակ է դրել 2050 թվականին հասնել վնասակար արտանետումների՝ 1990 թվականի համեմատ 80 տոկոսի կրճատման։