Եթե Շուշին մեր հսկողության տակ է եւ եթե արդեն` ոչ

Եթե Շուշին մեր հսկողության տակ է եւ եթե արդեն` ոչ

Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահականից հայտարարեցին Շուշին գրավելու մասին, ինչը, իհարկե, չի նշանակում, թե մարտեր չեն ընթանում, եւ բեկում չի կարող լինել: Նոյեմբերի 9-ին արդեն Արցախի նախագահականից հայտարարեցին, որ Շուշին իրենց վերահսկողությունից դուրս է, ինչը դարձյալ չի նշանակում, թե Շուշիի շուրջ մարտական գործողությունները դադարել են, կամ իրավիճակում չի կարող բեկում լինել: 

Սակայն հիշյալ հայտարարություններից պարզ է, որ ինչպես էլ դասավորվեն հետագա իրադարձությունները, ադրբեջանական ուժերը մուտք են գործել Շուշի (հուսանք, որ նրանք հնարավորինս արագ պարտության կմատնվեն, դուրս կշպրտվեն եւ այլն): Իսկ այդ սոսկական հանգամանքը` ադրբեջանցիների մուտքը Շուշի, նշանակում է, որ փաշինյանական խառնակույտը հայությանը կանգնեցրեց 90-ականներից ԼՂ-ում հաստատված ուժերի հարաբերակցության եւ հավասարակշռության վերացման փաստի առջեւ: Բոլոր նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ հորինել ու հավատացել էին, թե Արցախում ստատուս-քվոյի պահպանողը հայկական զինուժն է, հիմա կարող են հանգիստ դեգերել իրենց պատկերացումների ու մտքերի ետեւից, եւ լավ կլինի, որ դա անեն լուռ:

Այդ ակամա անմեղսունակները, ինչ քանակ էլ կազմեն մեր իրականության մեջ, լավ կլինի հիշեն, որ ոչ մի զինվորական եւ բանակ աշխարհում ավելին չեն, քան Նապոլեոն Բոնապարտն ու նրա զինակիցները, որոնք հաղթեցին Աուստերլիցում, բայց պարտվեցին Վաթերլոյում, երբ հաղթանակն իրենց շատ ավելի էր անհրաժեշտ: Այդ պատճառով էլ ոչ մի խելացի առաջնորդ երբեք չի փորձում պատերազմով հարց լուծել կամ պատերազմի արդյունքները դիվանագիտության հիմքում դնել, քանի որ ցանկացած պատերազմ էլ վերջնահաշվում ռուսական ռուլետկա է` առանց վերջաբանի երաշխավորության: Ցավոք, Տեր-Պետրոսյանից հետո Հայաստանում չեղավ ղեկավար, որը գիտակցեր, որ պատերազմով խնդիր չի լուծվում, եթե պատերազմում հասել ես հաջողության, պետք է ժամ առաջ բանակցել ու խաղաղություն կնքել, որովհետեւ հաջորդ անգամ հնարավոր է ամենեւին էլ ինքդ չլինես հաղթողը: 

Այդքանով էլ բոլոր նրանք, ովքեր երեսուն տարի ճամարտակել են, թե զինուժով ու ռազմաճակատում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել են ու կրկին կլուծեն, թող հիմա պաուզա վերցնեն եւ լռեն: Հետո կարող են էլի տարիներով շառլատանություն անել, բայց, ի սեր Աստծո` ոչ այս որոշիչ պահին: Բանակը, ինչ խոսք, հերոսաբար պայքարում է եւ պետք է շարունակի իր պայքարը, մինչեւ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայվեն, եւ հրադադար հաստատվի, եւ տա Աստված՝ այդ ընթացքում ռազմաճակատում մեր զինված ուժերն իրադրություն փոխեն: 

Սակայն քաղաքական, դիվանագիտական զարգացումների համար այդ ամենն այլեւս մեծ նշանակություն չունի: Եթե 25-30 տարի Շուշիի, Արցախի եւ ԼՂ շրջակա տարածքների հանդեպ մեր վերահսկողությունը մեծ բան չի փոխել բանակցային սեղանին դրված փաստաթղթերում, դրանց մի մասի` ադրբեջանական վերահսկողության տակ անցնելն առավել եւս չի փոխելու: Դրանից ելնելով էլ՝ այս պահին արդեն այնքան վտանգավոր չեն մարտադաշտերում ընթացող զարգացումները, որքան դիվանագիտական դաշտում զրոյի ձգտող մեր վիճակը: 

Ընդհանրապես, այս պատերազմը հնարավոր դարձավ եւ ներկա փուլին հասավ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը լիովին մերժված էր միջազգային ասպարեզում: Ինչպես 2016-ի դեպքերի ժամանակ, այնպես էլ դրան նախորդած բոլոր տարիներին` Հայաստանի անկախությունից ի վեր, Հայաստանի դիվանագիտական ուժը եւ կապերը` ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի մակարդակներում, ի զորու էին եղել Ադրբեջանի միլիտարիստական նկրտումները սանձել` գործնականում լինելով ամենամեծ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու ճանապարհին: Փաշինյանը զրոյացրեց այդ դիվանագիտական վահանը, եւ ստացանք այն, ինչ այժմ ունենք:

Հետեւաբար հիմա, երբ ԼՂ-ում ստատուս-քվոն խախտվել է, մեր առաջնային խնդիրն այն է, որ ռազմական զարգացումները Մինսկի գործընթացի վրա ազդեցություն չգործեն: Իհարկե, բոլորն էլ ասում են, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում, բայց ներկա պահին դրա երաշխիքները հարկավոր են դիվանագիտական դաշտում եւ ամուր կերպով: 

Դրա համար ներկա պահին թիվ մեկ անհրաժեշտությունն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա եւ հեռանա, երեւի նույնիսկ ռազմաճակատային իրադարձություններն այս պահին այնքան էական չեն, որքան Փաշինյանի հեռանալը: Նա ո՛չ սեփական ժողովրդին է որեւէ հոդաբաշխ խոսք ասում, ո՛չ միջազգային գործընկերներին: Նույնիսկ հասկանալի էլ չէ, թե արդեն քանի օր նա առհասարակ որտե՞ղ է: Փաշինյանին հիմա թեկուզ մեկ օր թողնել վարչապետի պաշտոնում, նույնն է, ինչ խորտակվող նավում բարձրախոսը տալ խուլուհամրի ձեռքը: Փաշինյանի հեռացումը պետք է արվի ուղղակի ժամերի ընթացքում, նաեւ այն պատճառով, որ չար լեզուները որովհետեւ ասում են՝ ինքնամեկուսացած, ծանր հոգեվիճակում է, եւ, Աստված մի արասցե, եթե ինչ-որ ճակատագրական բան էլ իր հետ պատահի, դա ստվեր չնետի պետության եւ վարչապետի ինստիտուտի վրա: 
Փաշինյանի հեռացումից հետո երկրում որեւէ ցնցում կանխելու համար, քանի որ պատերազմում ենք եւ չենք կարող մեզ թույլ տալ ներքին հակադրություններ, տրամաբանական կլինի, եթե կառավարությունը ժամանակավորապես մնա իր տեղում, եւ վարչապետի պաշտոնում նշանակվի ներկա կառավարության անդամներից մեկը: Այդտեղ ընտրություն առանձնապես չկա, այս կառավարության կազմում միակ մարդը Պնախարար Դավիթ Տոնոյանն է, որի հետ ե՛ւ ամերիկացիներն են խոսում, ե՛ւ եվրոպացիները, ե՛ւ ռուսները, ե՛ւ ՆԱՏՕ-ն: Ցանկացած ուրիշ մեկը նույն մերժված եւ խուլուհամր վիճակում կհայտնվի, ինչ հիմա Փաշինյանը:

Վերջապես երրորդ ամենաէական քայլը, որ մեզ տրամաբանորեն ինչ-որ տեղ կհասցի, թերեւս կլինի այն, որ Հայաստանի եւ Արցախի նախկին կամ ներկա նախագահները դիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ խնդրելով համապատասխան միջազգային համաձայնագրերի հիման վրա միջամտել եւ ԼՂՀ-ում ու դրա շուրջ բոլոր զարգացումներում կես տարով մորատորիում հաստատեեն, մինչեւ Հայաստանում եւ Արցախում սահմանադրական ճանապարհով հնարավոր ամենասեղմ ժամկետում անցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ, եւ մանդատ ստացած հաջորդ իշխանությունը ժողովրդից իր ստացած մանդատի համաձայն՝ նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի հովանու ներքո, եւ ավարտի տարիների ընթացքում մշակված խաղաղության համաձայնագրի բանակցումն ու կնքումը: Այլ ճանապարհ առանձնապես չկա: