«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին հրավիրել են ՀՔԾ

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին հրավիրել են ՀՔԾ

Մեր տեղեկություններով՝  քիչ առաջ ՀՔԾ են հրավիրել նաեւ «5-րդ ալիք» հեռուտաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին։ Վերջինիս հրավիրել են Ռոբերտ Քոչարյանի աջակցի կողմից Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ  անելու գործով։ Հիշեցնենք, որ օրերս Ոստիկանությունը տեսանյութ տարածեց այդ մասին։

Նշվում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

«Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի», - ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։