Սոթքում ադրբեջանական զորքի ակնդետ աչքի ներքո իրենք իրականացնում են ոսկու կորզման աշխատանքներ. Թովմասյան
Գեղարքունիքի մարզից ընտրված, ապա «Իմ քայլից» անկախացած պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ մթնոլորտ է մարզում, վարդենիսցիներն, օրինակ, իրենց ապահո՞վ են զգում:
«Իրենք միշտ են իրենց ապահով զգացել, որովհետև իրենց հույսը միշտ իրենց վրա է»,- ասաց Թովմասյանը՝ ձեռքով ցույց տալով իրեն, քանզի ինքն էլ է վարդենիսցի: Հետաքրքրվեցինք նաև Սոթքի ոսկու հանքավայրի ճակատագրով՝ աշխատո՞ւմ է հիմա, թե՞ կիսափակ վիճակում է, կամ արդեն գուցե ադրբեջանցիներն են տնօրինում:
«Սոթքի հանքավայրն աշխատում է կիսով չափ, որովհետև, ցավոք սրտի, մենք ունենք այսօր մի իրավիճակ, որ հանքավայրի կեսը գտնվում է թշնամու վերահսկողության ներքո: Ու հիմա նույնիսկ այն հատվածը, որ հայկական կողմը շահագործում է, մարդիկ գտնվում են ուղիղ թշնամու նշանառության տակ: Այսինքն՝ ադրբեջանական զորքի ակնդետ աչքի ներքո իրենք իրականացնում են ոսկու կորզման աշխատանքներ»,-ասաց նա:
Թովմասյանի խոսքով՝ հանքավայրի ադմինիստրատիվ հատվածը մեր կողմում է գտնվում, դա, ինչպես նշեց Տիգրան Ավինյանը, չեն գրավել: «Բայց միայն ադմինիստրատիվ հատվածով հանքը չի շահագործվում, պետք է գնան հանքանյութը հանեն, կորզեն, բերեն, տանեն Արարատում վերամշակեն և վերջնական արդյունք ստանան»,-ասաց նա:
Իսկ ի՞նչ են մտածում մարզպետը, կառավարությունը այս հարցով, Թագուհի Թովմասյանն ասաց. «Սա միջպետական լրջագույն խնդիր է և մեծ բանակցությունների արդյունքում կարգավորվող խնդիր է, որովհետև Ադրբեջանը համարում է, որ ինքը փաստաթղթով ձեռք է բերել այն տարածքները, որոնք իրեն տրվել են, իսկ այդ տարածքի մեջ մտնում է հանք, թե գյուղատնտեսական նշանակության հողատարածք, իրեն քիչ է հետաքրքրում: Հետևաբար, մենք պետք է կարողանանք մեր շահերը սպասարկել, մենք պետք է կարողանանք մեր նախկին փաստաթղթերը, քարտեզները հանել, դնել բանակցությունների սեղանին, բայց ես չգիտեմ՝ այդ բանակցություններն ինչ ընթացքի մեջ են: Ես դիմել եմ, որպեսզի այդ սահմանազատման աշխատանքներում ինձ ներգրավեն, պատասխանն ստացել եմ դրական փոխվարչապետ Ավինյանից, որ, այո, ինձ կներգրավեն, բայց դեռ որևէ արձագանք չկա»:
Կարծիքներ