ՀՀ իշխանությունները Հայաստանը ներքաշել են պատերազմական իրավիճակի մեջ․ Բալասանյան

ՀՀ իշխանությունները Հայաստանը ներքաշել են պատերազմական իրավիճակի մեջ․ Բալասանյան

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն այսօր՝ ՀՀ անկախության 29-ամյակի օրվա առթիվ Եռաբլուր պանթեոնում էր։ Պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչպես կարող է մեկնաբանել Ալիևի այն հայտարարությունը, որ բանակցություններ չկան, Բալասանյանը պատասխանեց․

«Կարծում եմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, որ ես «վերելակային դիվանագիտության մասին խոսել եմ, լավ կլինի, որ բավարարվենք այդքանով։ Այս պահին բանակցություններ չկան, այս պահին փակուղում է ՀՀ  քաղաքական իշխանության առաջին դեմքի կողմից»,- պատասխանեց Բալասանյանը։

Բայց չէ՞ որ ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն ասում են, որ կան բանակցություններ:

«Երևի ասում են ասելու համար, չի կարելի նման բաներ հայտարարել, չկա նման հասկացողություն»։

Հարցին, թե այսօր կա՞ պատերազմի վտանգ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը պատասխանեց․

«Ընդհանրապես աշխարհում 3-րդ համաշխարհային պատերազմը շատ շուտվանից է սկսվել, տարածաշրջանը պայթյունավտանգ է, մանավանդ մենք վերջին ժամանակաշրջանում տեսնում ենք Թուրքիայի հայտարարությունները և գործողությունները ոչ միայն Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում, Լիբիայում և այլուր։ Իհարկե, միանշանակ պայթյունավտանգ է իրավիճակը, մանավանդ` Հարավային Կովկասում»,- ասաց Բալասանյանը։

Հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի Արցախի նախագահի այն հայտարարության մասին, որ այն քաղաքական ուժերի հետ, որոնք Արցախի հարցում ՀՀ իշխանությունների հետ տարբեր մոտեցումներ ունեն, ինքն այդ ուժերի հետ չի հանդիպելու, Բալասանյանը հետևյալ կերպ մեկնաբանեց․

«Եթե ես, օրինակ, հանրապետության նախագահ լինեի, այդպիսի հայտարարություններ չէի անի։ Վտանգավո՞ր հայտարարություն է, թե՞ չէ` հարցրեք Արայիկ Հարությունյանին և այն քաղաքական ուժերին, որոնք ցանկություն են հայտնել կամ ապագայում ցանկություն են հայտնելու հանդիպել Արայիկ Հարությունյանին»։

Անդրադառնալով ՀՀ-ի և Արցախի ներքաղաքական իրավիճակին, Բալասանյանը նշեց․

«Ես արձանագրում եմ, որ այսօր ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը ներքին և արտաքին քաղաքական հարցերում շատ վտանգավոր քաղաքականություն են վարում։ Դա վերաբերում է մեր ՀՀ-ի ներքին սոցիալական, կորոնավիրուսի պայմաններում բոլոր ձախողումները, եկեղեցին, անվտանգությունը, Ղարաբաղի հարցը, էլ ի՞նչ կա։ Ես դրական ոչ մի մոտեցում չեմ տեսնում։ Այս իշխանությունները չկարողացան անել այն, ինչ խոստացան մեր ժողովրդին, այս իշխանությունները պիտի հեռանան»։

Իսկ «Հրապարակի» այն հարցին, թե հավատո՞ւմ է, որ տավուշյան դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անձամբ է համակարգել գործողությունները, ինչպես պնդում էր ԱԽ քարտուղարը, Բալասանյանը պատասխանեց․

«Ես չեմ ուզում խոսել տավուշյան դեպքերի մասին, բայց տավուշյան դեպքերից հետո կարող ենք ֆիքսել, հաստատել, որ ՀՀ քաղաքական իշխանությունը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, ինչը շատ վտանգավոր է»։