Քշածս 93թ․-ի «Օպել է», իրանց նման 50 հզր․ դոլարանոց ավտո չէ․ միջադեպ Գյումրիում՝ պարեկների եւ 2 ոտքից հաշմանդամ քաղաքացու միջև

Քշածս 93թ․-ի «Օպել է», իրանց նման 50 հզր․ դոլարանոց ավտո չէ․ միջադեպ Գյումրիում՝ պարեկների եւ 2 ոտքից հաշմանդամ քաղաքացու միջև

Այսօր Գյումրիում միջադեպ է գրանցվել պարեկների եւ մի քաղաքացու միջև, որին ֆեյսբուքում անդրադարձել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ տեղեկացնելով, թե պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանը մոտեցել է Գյումրու մաքսատան մոտակայքում՝ թույլատրելի վայրում  կանգնած  Արթուր Ավետիսյանին,  եւ ոչ իրավաչափ պահանջներ ներկայացրել, քաշքշել, ապա հեռացել։ Եւ որպես ապացույց՝ իրավապաշտպանը լուսանկար է հրապարակել։
Ի դեպ քաղաքացին հայոց բանակում ծառայության ընթացքում կորցրել է երկու ոտքը ։

Hraparak.am-ը զրուցեց Արթուր Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվել։

«46 տարեկան տղա եմ, էսքան ժամանակ հարբած չկամ, իմ օգտագործածը մենակ սովորական ծխախոտ է, թող գան արյան անալիզ անեն, համոզվեն, նառկամաններին թողած իմ հետևից են ընկել։ Ախր, առաջին դեպքը չէ, էս էլ որերորդ անգամ գալիս, կպնում են, հաշմանդամ տղա եմ, երկու ոտքս ծառայության ընթացքում եմ կորցրել , 95-97թթ-ին եմ ծառայել, վիրավորվեցի։

Քշածս էլ 93թ-ի Օպել է, իրանց նման 50 հզր դոլարանոց ավտո չէ։ Պատճառը` թե սխալ ես կանգնել, դեմը մեքենա կար կանգնած, նա պիտի հետ տար, դուրս գար, որ ես կարենայի  առաջ տայի, չհամբերեցին, քաշքշում են, ցավազրկող դեղերս չթողեցին` ընդունեի, արդեն դանակը ոսկորին է հասել.  անցյալ անգամ էլ տղայիս հետ տեղ էի մտնում, էլի նույնը․․․․․, դուք պարկովչի՞կ եք, թե՞ պարեկ․․․․։

Մեջները շնորհքով կան, չեմ ասում, որ լրիվ անշնորհք են, բայց կան էնենց բռի չոբաններ, Նիկոլը նախկիններին էր ասում, նախկինների մեջ էդ աստիճան անմարդկային ոստիկաններ չկային․․․․»,-պատմեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ վեճն ավարտվել է ոստիկանությունում, որտեղ փորձել են ինչ-որ չափով հասկանալ իրեն։

«Արտասովոր ոչինչ չի եղել, պարեկներն իրենց ծառայությունն են իրականացրել»,- միջադեպի վերաբերյալ կարճ պատասխանեցին ոստիկանությունից ։