Եթե ՊԵԿ աշխատակիցները միանան շարժմանը, բնականաբար, թույլ չենք տա` միջոցներ կձեռնարկենք

Եթե ՊԵԿ աշխատակիցները միանան շարժմանը, բնականաբար, թույլ չենք տա` միջոցներ կձեռնարկենք

ՊԵԿ-ի նախաձեռնած մաքսային ծառայողների նոր մրցույթների ու քննությունների անցկացման տակ ոմանք քաղաքական ենթատեքստ են տեսնում, որ ՊԵԿ ղեկավարությունը ցանկանում է այդպիսով մաքրել համակարգը նախկին կադրերից և համալրել նոր՝ իրենց ավելի հավատարիմ կադրերով։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեզ հետ զրույցում այս առնչությամբ ասաց, որ երկու օր առաջ ավարտել են գործընթացը, շուտով կհրապարակեն՝ որքան դիմումատու են ունեցել, նրանցից որքան մաքսային ծառայող է անցել կամ կտրվել, ապա հավելեց, որ այսօր գործող մաքսային ծառայողների 65-70 տոկոսը հաղթահարել է քննական փուլն ու մտնելու է ուսումնական պրոցես։

«Իսկ չհաղթահարածների մասով, ես կարծում եմ, որ  հանձնաժողովը օբյեկտիվ է գտնվել և հանձնաժողովի ցանկացած անդամ սեփական խղճով քվեարկել է՝ իր վերաբերմունքն արտահայտելով, թե ապագա մաքսային ծառայողը վարքագծի ինչպիսի կանոնների պիտի համապատասխանի»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Քանի որ տեղեկություններ ունեինք, որ ՊԵԿ-ում արգելել են մասնակցել հանրահավաքներին, ավելին` անգամ մասնակցողներին սպառնացել էին հեռացնել, Ռուստամ Բադասյանին հարցրինք` եթե ՊԵԿ-ում գտնվեն այնպիսի աշխատակիցներ, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ և ցանկություն հայտնեն դուրս գալ փողոց ու միանալ շարժմանը, ինչպե՞ս կվերաբերվեն դրան։ Բադասյանը նախ ասաց․ «Բնականաբար, թույլ չենք տա և անպայման միջոցներ կձեռնարկենք, որովհետև քաղաքական զսպվածություն պետք է պահպանեն հարկային և մաքսային ծառայողները»։ Հետո մի օրինակ բերեց․ «Երբ խոսվում է ՊԵԿ-ում ինչ-որ հետապնդումների մասին, մենք ունեցել ենք աշխատակից, որը մրցույթին մասնակցել է, եղել է մաքսային ծառայող, և պարզ է եղել բոլորի համար իր քաղաքական դիրքորոշումներն` իր ակտիվությունից, բայց քանի որ ինքը եղել է պատշաճ մաքսային ծառայող՝ լավ գիտելիքներով, մենք, բնականաբար, մեր դիրքորոշումը ոչ մի դեպքում դրանից ելնելով չենք ձևավորել։ Այսինքն՝ մենք փորձում ենք, և կարծում եմ՝ ստացվում է լինել օբյեկտիվ»։

- Իսկ եթե ձեր աշխատակիցները միանան շարժմանը, կազատե՞ք նրանց աշխատանքից։

- Դա, բնականաբար, արդեն կենթադրի ծառայողական քննություն՝ ըստ ընթացակարգերի, որովհետև հստակ ամրագրված է, որ հարկային և մաքսային ծառայողները պարտավոր են քաղաքական զսպվածություն ցուցաբերել։ Ընդ որում, ես էլ իմ կողմից ասեմ, որ թեև իմ քաղաքական դիրքորոշումները, բնականաբար, պարզ են բոլորին և նախկինում քաղաքական պաշտոն եմ զբաղեցրել, բայց ՊԵԿ-ում իմ գործունեության հետ կապված՝ միշտ փորձում եմ լինել ապաքաղաքական, պատասխանել ապաքաղաքական հարցերի և քաղաքական մեկնաբանություններ չտալ։ Որ լրագրողները շատ են ստիպում, ուղղակի իմ կարծիքն ասում եմ։

- Բայց 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը բոլոր պետական կառույցների աշխատակիցներին՝ քաղաքական, թե ապաքաղաքական, կոչ էր անում միանալ իր շարժմանը, և մենք տեսանք, թե ինչպես են Երևանի զորամասերից մեկի զինծառայողները դուրս եկել փողոց ու միացել ընդդիմադիր շարժմանը։

- Եվ այդ զինծառայողների խնդրի հետ կապված, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անմիջապես կոչով հանդես եկավ, որ անմիջապես վերադառնան իրենց ծառայության վայր։

- Բայց բոլորին խրախուսում էին միանալ իրենց։

- Հեղափոխական իրավիճակում, երբ որ տեղի են ունենում այնպիսի զանգվածային ցույցեր, որոնցից ոչ մեկը անմասն չի մնում, այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ լրիվ նոր իրավիճակ է ստեղծվել, դա բացարձակապես այլ իրավիճակ էր։ Հիմա որևէ մեկը ապահովագրված է նման իրավիճակներից, երբ որ ինչ-որ իրադարձությունների կամ քաղաքական պայքարի արդյունքում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվում։ Բայց, բնականաբար, մենք չպետք է մոռանանք, որ պետական ծառայողները պետք է իրենց պարտականությունները կատարեն։