2021-22 թթ. որսի կենդանիները` սովորական աղվես, գայլ, թխակապույտ աղավնի, փորսուղ, քարակզաքիս

2021-22 թթ. որսի կենդանիները` սովորական աղվես, գայլ, թխակապույտ աղավնի, փորսուղ, քարակզաքիս

Հայաստանում սիրողական որսաշրջանի մեկնարկի մասին լուրը մի քանի օր է` մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում, նախ, որ դրա մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով տեղեկացրել էր հենց ՀՀ շրջակա միջավայրի նախարարը` Ռոմանոս Պետրոսյանը, նշելով, որ արդեն ստորագրել է 2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը: Օգտատերերից շատերն ամոթանք էին տվել Ռ. Պետրոսյանին, նկատելով, որ «դա այն հայտարարությունը չէ, որ պետք է բնապահպանության նախարարը դնի իր էջում», մի մասն էլ տարակուսանք էր հայտնել, թե «սիրողական որսի ժամանակ կենդանիներին կատակո՞վ են սպանելու», եւ «ի՞նչ է նշանակում գնալ որսի` «դրսեւորելով առավելագույն հոգատարություն»»։ 

Փորձեցինք հասկանալ, թե որոնք են սիրողական որսի ենթակա կենդանիները: Համաձայն շրջակա միջավայրի նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի N 314-Ն հրամանի, 2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկում ներառված է 15 կենդանատեսակ, որոնց մեջ.

Թխակապույտ աղավնի - 2021 թվականի օգոստոսի 21-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը (որսի շրջանը), (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 45 150 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում): 

Քարակաքավ - 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 22 800 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում):

Սուլող մրտիմն - 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5 600 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում):

Եղեգնահավ - 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 11 000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում): 

Սեւ փարփար - 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30 000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում): 

Մորակտցար - 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 8 000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում): 

Եվրոպական նապաստակ - 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում): 

Փորսուղ - 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 105 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում): 

Քարակզաքիս - 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 430 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում):

Վայրի խոզ - 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում՝ հաշվի առնելով սույն հրամանի 2-րդ կետով սահմանված պայմանը):

Սովորական աղվես - 2021 թվականի օգոստոսի 21-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ):

2021-2022 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել նաեւ մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:

Հրամանի համաձայն, որս պետք է իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։ 

Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից որսորդական միություններին կտրամադրվեն նախապես հայտագրված քանակի լիցենզիաներ, որոնք կազմակերպությունների ներսում կբաշխվեն որսորդական միության անդամների միջեւ։

Թե ինչպես է նախարարությունը ստուգելու, թե ով քանի լոր ու նապաստակ որսաց` պահպանելով թույլատրելի չափաքանակը եւ բացառելով գերորսը` դժվար է ասել: Մնում է հուսալ, որ որսորդները կհետեւեն նախարարի հորդորին եւ կդրսեւորեն բնության նկատմամբ «առավելագույն հոգատարություն»։