Թեկուզ ավելի մեծ հանրահավաք կազմակերպի մեր երկրում, ոչինչ չի փոխվելու
ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը եւս միացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու 40-ից ավելի սպաների տարածած հայտարարությանը եւ սատարում է Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։ Բայց հանրահավաքների, ինչպես ինքը մեզ ասաց, չի գնում՝ իր պայքարն այլ կերպ է տանում։ Թեպետ, մեզ ասացին՝ երկու օր առաջ նրան տեսել են Բաղրամյանում, սակայն դիմակով է եղել, շատերը չեն ճանաչել։ Պարոն Համբարձումյանին մի քանի հարց ենք ուղղել այս եւ այլ թեմաների շուրջ։
- Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչ կարծիքի եք Գլխավոր շտաբի տարածած հայտարարության վերաբերյալ։
- Իմ դիրքորոշումը, կարծում եմ, գիտեք, ես 100 տոկոսով պաշտպանում եմ Օնիկ Գասպարյանի դիրքորոշումը, կիսում եմ նրա մտահոգությունները ու համարում եմ, որ մեր երկրում տեղի ունեցող այս բոլոր իրադարձությունները պետք է շատ արագ հանգուցալուծում ստանան, այլապես մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու։
- Իսկ ԱԱԾ-ի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, երբ զբաղված է «ֆեյք» բռնելով։
- Ես հավատում եմ իմ գործընկերների ողջամտությանը, այդքան բան կասեմ։ Մնացածը իրենք կհասկանան։
- Հավատո՞ւմ եք, թե՞ նաեւ ապավինում։
- Հավատում եմ եւ ապավինում եմ։
- Իսկ ողջամի՞տ են այդ գործողությունները։
- Ես ընդհանուր կոնտեքստում եմ սա ասում, առանձին մի դիտեք։ Ես հավատում եմ իմ գործընկերներին, հավատում եմ իրենց ողջամտությանը եւ վստահ եմ, որ իրենք իրենց հայրենիքին նվիրված զավակներ են ու ճիշտ կգնահատեն իրավիճակը։
- Պարո՛ն Համբարձումյան, ԱԱԾ-ն, ըստ Ձեզ, այն կառո՞ւյցն է, որ պետք է «ֆեյք» բռնելով զբաղվի։
- Էստեղ խնդիրը մի նայեք, որ «ֆեյք» են բռնում։ Հարյուրավոր, հազարավոր «ֆեյքեր» կան, էդ «ֆեյքերը» կան ու լինելու են, հարցը դա չէ։ Հարցն այն է, որ այդ «ֆեյքի» մեջ եթե ինֆորմացիա է հրապարակվում, որն ինքնին հանցագործության հատկանիշներ է պարունակում, այսինքն՝ դա իր մեջ հանցակազմ է պարունակում, կամ էդ «ֆեյքերով» հրապարակում են պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, ապա ԱԱԾ-ն ու իրավապահ մյուս մարմինները պարտավոր են դրանով զբաղվել։ Խնդրում եմ՝ սա Դուք հասկացեք ու մի՛ կապեք պարոն Սաղաթելյանի (նկատի ունի ԱԱԾ-ի կողմից կալանավորված Արա Սաղաթելյանին) կամ մյուսի հետ։ Ես սա ընդհանուր եմ գնահատում ու ասում։
- Պարզապես զավեշտալի իրավիճակ է ստեղծվել․ այդ «ֆեյքին» հայտնաբերելու համար մի քանի հոգու ձերբակալել են, սակայն «ֆեյքը» շարունակում է գրառումներ կատարել ու ծաղրել ԱԱԾ-ին։
- Չէ, մենք չենք խոսում էսօր՝ ապացույցներ կան, թե չկան։ Ես Ձեզ ընդհանուր սկզբունքային մոտեցումն եմ ասում։ Եթե կա «ֆեյքում» ինֆորմացիա, «ֆեյքն» ի՞նչ է, «ֆեյքը» ինֆորմացիա տարածելու գործիք է, եւ ինչի՞ համար են «ֆեյք» օգտագործում, որպեսզի տարածողները չերեւան, չերեւան հասարակության աչքին, չերեւան իրավապահների տեսադաշտում։ Այսինքն՝ չկարողանան հասկանալ, թե ով է ինֆորմացիա տարածողը։ Բայց եթե էնպիսի ինֆորմացիա է հրապարակվում, որ, էլի եմ կրկնում, իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում, կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հրապարակվում, էդ ժամանակ իրավապահ մարմինները պարտավոր են դրանով զբաղվել։ Զբաղվել են երեկ, զբաղվելու են այսօր, զբաղվելու են վաղը։
- Այս ամենը չի՞ անլրջացնում ԱԱԾ-ի նման լուրջ կառույցի կերպարը։
- Դուք մի բան էլ իմացեք՝ ԱԱԾ-ն ունի բազմաթիվ ստորաբաժանումներ, եթե ԱԱԾ-ի մի որեւէ ստորաբաժանում դրանով զբաղվում է, դա չի նշանակում, որ մյուս ուղղություններով աշխատանքներ չեն իրականացվում կամ չպիտի իրականացվեն։ Ամեն մեկն իր գործառույթն ունի։
- Շատ լավ, վերադառնանք ԳՇ հայտարարությանը․ Դուք հիմա տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ, երեկ մեծ հանրահավաք էր կազմակերպել․․․
- Թեկուզ ավելի մեծ հանրահավաք կազմակերպի, թեկուզ հարյուր հազար մարդ գնա էդ հանրահավաքին, միեւնույն է, դրանով մեր երկրում ոչինչ չի փոխվելու։ Մեր երկրում կա գլոբալ խնդիր, ու այդ խնդրի լուծումը միայն ու միայն արտահերթ ընտրությունների մեջ է։
- Իսկ իր հեռացմա՞մբ, թե՞ իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունների։
- Իհարկե, իր հրաժարականից հետո, այլապես արտահերթ ընտրությունները դառնալու են անիմաստ։ Ես կհամաձայնեի, որ առանց հրաժարականի արտահերթ ընտրություններ տեղի ունենային, եթե դրանց մասին հայտարարվեր դեռեւս նոյեմբեր ամսին, ու Նիկոլ Փաշինյանը դրան գնար իր նախաձեռնությամբ, այլ ոչ՝ հանրային պայքարի արդյունքում։
- Ի դեպ, Դուք մասնակցո՞ւմ եք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին։
- Ոչ։
- Ինչո՞ւ։
- Հետաքրքիր հարց եք տալիս։ Որովհետեւ ես քաղաքականապես այդքան ակտիվ մարդ չեմ, իմ դիրքորոշումը գիտեք, թե ես ոնց եմ հայտնում։
Կարծիքներ