Փաշինյանին ձեռք է տալիս սուպերվարչապետական համակարգը

Փաշինյանին ձեռք է տալիս սուպերվարչապետական համակարգը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ճեպազրույցի ժամանակ չափազանց արտասովոր ու ինչ-որ իմաստով նաև տարակուսանք առաջացնող մտքեր է արտահայտել։ Մասնավորպես նա սուպերվարչապետական համակարգի լինելիությունը պայմանավորել է կեղծված ընտրությունների հանգամանքով։ Այսինքն, եթե ընտրություններն այլևս չեն կեղծվում, ապա ենթադրվում է, որ համակարգն էլ սուպերվարչապետական չէ։ Ձևակերպումն իհարկե անհեթեթ է, քանի որ միահեծան և ավտորիտար համակարգն է ընտրակեղծարարության պատճառը, այլ ոչ թե՝ հակառակը։ Այլ խոսքով՝ ընտրակեղծարարության պրակտիկան ընդամենը հետևանք է և սուպերվարչապետական կառավարման համակարգի գոյությունն ու չգոյությունը չի կարող միայն այդ հանգամանքով պայմանավորվել։ Ի դեպ սա առաջին դեպքը չէ։ Նույն թեմայով ոչ վաղ անցյալում ոչ պակաս տարակուսելի մտքեր է արտահայտել նաև վարչապետ Փաշինյանը՝ սուպերվարչապետական համակարգի հետ առնչվող խնդիրները հավասարեցնելով կենցաղային մակարդակի։ Բայց ելակետային մոլորությունը համակարգի և անձի նույնականացման մոտեցումն է։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ համակարգի կենսունակությունը պայմանավորվում է անհատի անձնական որակներով։ Եթե Սերժ Սարգսյանը վատն էր, ապա նշանակում է, որ համակարգն էլ պետք է վատը լիներ, իսկ ինքը լավն է, ինչից ենթադրվում է, որ համակարգն անպայման լավն է։ Պատկերավոր ասած, Փաշինյանի տրամաբանությամբ ոչ թե կոստյումն է զարդարում անհատին, այլ անհատը կոստյումին։ 

Փորձենք ամփոփել վարչապետի և խմբակցության ղեկավարի ձևակերպումները․ Մակունցի համոզմամբ համակարգն սուպերվարչապետական չէ, քանի որ ընտրություններն այլևս չեն կեղծվում, իսկ վարչապետն էլ միահեծան համակարգի չգոյությունը պայմանավորում է իր անձնական որակներով։ Այսինքն, ինքը պարկեշտ մարդ է և իր բարձր դիրքերից բացել է ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի դարպասները, կանգնել է կարմիր լույսի տակ, ոչ ոքի շաքար ներմուծելու մենաշնորհ չի տվել և այսպես շարունակ։ Ի դեպ թվարկվող կետերը մատնանշել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով հիմնավորել սուպերվարչապետական համակարգի չգոյությունը։ Փաշինյանի և Մակունցի մտքերին ծանոթանալուց հետո տպավորություն է ստեղծվում, թե կառավարող թիմի ներկայացուցիչները լավ չեն պատկերացնում հիմնախնդրի բուն էությունը, հակառակ պարագայում ներքաղաքական այս դիսկուրսը շատ ավելի բովանդակային էություն կունենար՝ կենցաղից և անհասկանալի փայլատակումներից անդին։ Այնուամենայնիվ հակված եմ կարծել, որ բոլորն էլ շատ լավ հասկանում են իրերի կարգն ու իրական դասավորությունը, պարզապես մակերեսային և տարակուսելի ձևակերպումներով փորձում են հեռանալ բուն խնդրից, քանի որ սուպերվարչապետական համակարգն իրականում ձեռք է տալիս Նիկոլ Փաշինյանին։