Կեղծ իրականություն
Ինչ-որ պահից իրական կյանքը փոխարինվեց վիրտուալ կյանքով, եւ սոցցանցերում տիրող տրամադրությունները դարձան մեզանում գերիշխող։ Սակայն ռեալ ապրող մարդիկ վստահ են, որ սոցցանցային «բոլոլաները» չեն իշխում ողջ երկրում, եւ մենք, գոնե՝ պաշտոնյաներս ու լրագրողները, ապրում ենք հորինված, արհեստական մի աշխարհում՝ կտրված ռեալ իրականությունից։
Եվ իսկապես՝ եթե մի քանի հարյուր մարդ Ֆեյսբուքում կազմակերպված ինչ-որ քարոզչություն իրականացնի, Ֆեյսբուքում «բնակվող» մարդկանց՝ պաշտոնյաներին ու լրագրողներին կարող է թվալ, որ այդ տրամադրությունները համակել են երկրի 2 միլիոն բնակչությանը եւ գերիշխող են դարձել ամբողջ երկրում։ Սակայն եթե իրատես լինենք, ապա պետք է խոստովանենք, որ երեւի մեր բնակչության հազիվ մի 20-30 տոկոսն է կազմում ֆեյսբուքյան հանրությունը, որի մեջ էլ բավականին մեծ թիվ են ֆեյք-օգտատերերը, որոնք մեկ անձով տասնյակ պրոֆիլներ են կառավարում եւ այդ կեղծ իրականության ակտիվ ճարտարապետներն են։ Բայց սրանում շատ մեծ է երիտասարդ իշխանավորների մեղքը։
Սա իրենց փորած հերթական փոսն է, որի մեջ հայտնվել են իրենք։ Երբ ժամանակին մտածող մարդիկ զգուշացնում էին այս վտանգների մասին եւ հորդորում նրանց՝ դուրս գալ Ֆեյսբուքից ու գործով զբաղվել, նրանք դիմադրում էին, թե Ֆեյսբուքը նոր ժամանակների գործիքն է, եւ այն օգնում է երկրի կառավարմանը։ Սակայն ժամանակ էր պետք հասկանալու համար, որ որքան օգնում է, նույնքան կամ անգամ ավելի վնասում։ Այս մեկ տարվա ընթացքում ինչքա՜ն գործ կարվեր մեր երկրում, եթե մեր պաշտոնյաները՝ վարչապետից մինչեւ շարքային վարչության պետ, «նստած» չլինեին Ֆեյսբուքում։ Եվ ինչքա՜ն հեշտ է հիմա ցանկացած բողոքի ակցիա որպես համաշխարհային ցունամի ներկայացնելը՝ ֆեյսբուքյան ակտիվ մի խմբի միջոցով։
Կարծիքներ