«Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն». էկոնոմիկայի նախարարի առաջիկա անելիքները

«Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն». էկոնոմիկայի նախարարի առաջիկա անելիքները

Ինչո՞վ են զբաղված նորանշանակ պետպաշտոնյաները, ի՞նչ քայլեր են ձեռնարկում հետպատերազմյան Հայաստանի բազմաթիվ ու բարդ խնդիրներն արագ լուծելու համար: Մենք շարունակում ենք հետամուտ լինել այս հարցերին՝ գիտակցելով, իհարկե, որ խախտում ենք նախարարների 100 օրվա լռության իրավունքը, ինչը Հայաստանի համար ճգնաժամային այս փուլում բարձրաստիճան պաշտոնյաներն այլեւս չունեն:  

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նշանակումից անցել է մոտ 20 օր: Երեկ նրա առաջին ֆեյսբուքյան ասուլիսն էր, որի ժամանակ նա մեծ-մեծ խոստումներ տվեց՝ որ կվերացնի բիզնեսի առաջ կանգնած բյուրոկրատական քաշքշուկները, փրկօղակ կնետի սպառմանը, որն ամենաշատ տուժած ենթաոլորտն է, բիզնես մթնոլորտի բարելավման, տնտեսությունների լիկվիդայնության հարցերը կլուծի: Նախարարը պատրաստվում է օպտիմալացնել բազմաթիվ ծախսեր, ունենալ ավելի արդյունավետ բյուջե: Պարգեւատրումները չի վերացնի, բայց դրանք կտրվեն միայն «խնդիրները լուծելուց հետո»: Նույնիսկ կբարձրացնի աշխատավարձերը: «Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»,- ասաց նա՝ հստակ ընդգծելով, որ կողմ է հանքի շահագործմանը: Իսկ առայժմ այս 20 օրում սույն պաշտոնյան առավոտից երեկո հանդիպումների մեջ է եղել՝ Իրանի դեսպանի հետ է հանդիպել, ջերմոցատերերի, այգեգործների, նույնիսկ Չիլիի Հանրապետության գործարարների ու պաշտոնյաների հետ է հասցրել վիրտուալ կապով կլոր սեղանի մասնակցել: Ամենաթարմն ԱՄՆ դեսպանի հետ երեկվա հանդիպումն է: 

Նախարարը դեռ խոսնակ չունի: Հանդիպումները լուսաբանող պաշտոնյաները հեռու են լրատվության ոլորտից եւ դիվանագիտական պրեսռելիզներ են գրում Վահան Քերոբյանի համար՝ համապատասխան լեքսիկոնով. «Փոխգործակցության շրջանակը կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել», «համատեղ ջանքերը կուղղվեն խնդիրների լուծմանը», «քննարկվել են նաեւ ինտենսիվ այգեգործության զարգացման համար ոռոգման համակարգերի բարելավմանը, չօգտագործվող հողատարածքների կրճատմանը վերաբերող մի շարք հարցեր», «կողմերը պայմանավորվել են արդյունավետ օգտագործել համապատասխան կառույցների ներուժը»: Փոքր եւ միջին ձեռնարկատիրության, քովիդի հետեւանքների վերացման, խոշոր եղջերավորների հաշվառման ծրագրերը, որոնք ներկայացված են նախարարության կայքէջում, բոլորը հին նախարարի՝ կառավարության կազմում եղած միակ լավ տնտեսագետ Տիգրան Խաչատրյանի օրոք են արվել: Ի դեպ, նա հեռացել է իր կամքով, առողջական խնդիրների պատճառով:

Նոր նախարարն առայժմ միայն հանդիպում ու քննարկում է: «Իսկապես, ուզում է, որ արագ, երեւացող փոփոխություն լինի: Այդ անկեղծ մղումը երեւում է: Բայց նրան ժամանակ է պետք: Նա պետք է սկզբից ծանոթանա, տեսնի՝ ինչն է փոփոխության ենթակա,- ասում է նախարարության հին աշխատակիցներից մեկը, ում բնորոշ է լավատեսական հայացքը շեֆերի հարցում։- Օրինակ, նա գյուղացիներին չարքաշ աշխատանքից ազատելու գաղափար ունի՝ որ ավտոմատացված տնտեսություններ լինեն, իսկ գյուղացին վերամշակող տնտեսությունում աշխատի՝ ցիվիլ աշխատանք կատարի, ոչ թե սեւ հողագործություն, ու չուզենա լքել իր տարածքը: Նա նոր, շատ ակտիվ, պրոակտիվ մարդ է»: Նախարարի պրոակտիվությանը կասկածող չկա:

Էկոնոմիկայով զբաղվելուց հետո Քերոբյանը շաբաթ-կիրակի ընկերների հետ գնացել էր Հադրութ՝ Հին թաղեր՝ կրակելու ու նոր դիրքեր կառուցելու: Իր ֆեյսբուքյան էջում էլ «սելֆին» է տեղադրել՝ թշնամու կողմից պայթեցված զորամասի ֆոնին, ու կից գրառմամբ տեղեկացրել. «Մի քանի ժամ «Ուրալով» ու ոտով տեղ հասնելուց հետո, մի երեք-չորս ժամ էլ քարերը բահերով ջարդելով՝ մեր դիրքերը սարքեցինք ու ահավոր ցուրտ գիշերն անքուն անցկացրինք, լիցքավորված ավտոմատներով, խոստացել էին, որ լուսադեմին «հյուրեր» կլինեն։ Ընդհանրապես, մեր ջոկատի հաջողության գաղտնիքն էն էր, որ մենք ստիպեցինք թույլ տալ մարզվել, կրակել, որ իրար ու ուրիշ որեւէ մեկի չէինք դատում, որ շատ զգույշ էինք ու հիմար-անզգույշ բաներ մեզ շատ թույլ չտվեցինք, որ հարգում ու սիրում էինք միմյանց։ Հարգելն էն խոսքը չի, իրար փայփայում, խնամում էինք, որ մեր օրերը հեշտ անցնեն։ Ոմանք լավ կռվել գիտեին, մյուսները շինարարության մեջ էին լավ կամ ճաշ էին եփում»։

Թե ինչ «ճաշ է եփելու» նախարար Քերոբյանը հայաստանյան էկոնոմիկայից, կտեսնենք առաջիկայում, բայց արդեն հայտնի է, որ նա որոշել է կրճատել որոշ ստորաբաժանումներ: Մեր տեղեկություններով, էկոնոմիկայի նախարարության ենթակայության որոշ հիմնարկներ վերացվելու են, կամ կրճատվելու է դրանց աշխատակազմը: 

Վահան Քերոբյանը, ինչպես հայտնի է, Փաշինյանի ամենահավատարիմ մարդկանցից է, «ՔՊ»-ի քաղաքական նախաձեռնությունները ֆինանսավորողներից: 2018 թվականին նա «Իմ քայլը» նախընտրական դաշինքին փող տվողներից է եղել, իսկ  հանրությանն ավելի հայտնի է որպես «ցանցային» բիզնեսմեն՝ «Մենյու Էյ Էմ»-ի հիմնադիր եւ «Սթար» առեւտրային ցանցի գործադիր տնօրեն, որը սնանկության տարավ այս հիմնարկը՝ «քցելով» բազմաթիվ գործընկեր-տնտեսվարողների: Ըստ դատավճիռների, «Սթարի» պարտքերն այլ տնտեսվարողներին կազմում էին 10 մլրդ դրամ, բայց ընկերության ղեկավարները ջրից չոր դուրս եկան: Նման անձը կարո՞ղ է արդյոք հաջողություն ունենալ պետական բարձրագույն պաշտոնին, եթե չունի տարրական պարկեշտություն՝ իր բիզնես գործընկերների հանդեպ: Հրաշքների հավատալ, իհարկե, կարելի է: