2019 թվականի նույն օրը բացահայտվեց, թե ով է հրկիզել իմ մեքենան

2019 թվականի նույն օրը բացահայտվեց, թե ով է հրկիզել  իմ մեքենան

Եթե այս գրառումն աներ  շարքային մի քաղաքացի, ով ոչ մի հնարավորություն չունի բացահայտել տարիներ առաջ կատարվածը և զոհի կարգավիճակում ցավով պատմում է անցածը,  կարելի է հասկանալ, բայց երբ այն գրառում է ՀՀ վարչապետը, ով ժամանակին կոնկրետ մարդու անուն էր տալիս ու այսօր խաղում է զուտ մարդկանց հուզական աշխարհի նոտաների վրա, դժվար է հասկանալ։

Այո, մենք այդ ժամանակների կրողն ենք ու լավ ենք հիշում, թե ինչ խոսակցություններ էին գնում, հիշում ենք նաև այն ժամանակվա   «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները կոնկրետ մարդու հասցեին,  որ հանկարծ փոխարկվեց խորհրդավոր լռությամբ։ Ի՞նչ եղավ, ինչու՞ լռեց։ Եվ եթե լռել էր, ինչու՞ է հանկարծ այսօր ցավով բարձրաձայնում։ Ընդունենք լռությունը անզորության նշան էր, այսօր նա ՀՀ վարչապետ է և բոլոր պետական լծակներն իր ձեռքին են, ինչու՞ է նույն անզորության լեզվով հիշեցնում․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի իմ ավտոմեքենան:

Ուրիշ ոչինչ։ Եթե 2004 թվականին 4 հավ գողացած «վիզը ծուռ մի մարդու» ջրի երես եք հանում ու բերման ենթարկում, ինչու՞ ձեր մեքենան պայթեցնողին անտարբերության եք մատնում։ Ասում եք, որ բոլորին ջրի երես եք հանելու, սկսեիք դրանից․

Նոյեմբեր 22, 2004, Ազատություն

«Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրատան առջեւ կայանված եւ խմբագրությանը պատկանող «Նիվա» մեքենան, որը մշտապես վարում է թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, երկուշաբթի երեկոյան այրվել է՝ պայթյունի ձայն արձակելուց հետո: «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը կատարվածի համար մեղադրում է հայաստանյան խոշոր գործարարներից մեկին:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որ կայանված է եղել թերթի խմբագրության դիմաց, սկսել է այրվել երեկոյան 20-ն անց 40-ին, ինչպես պնդում են խմբագրության աշխատակիցները՝ պայթյունի ձայն լսվելուց հետո: Տուժածներ չկան:

Խմբագրակազմի ահազանգով ժամանած հրշեջները մարել են կրակը. ավտոմեքենայի հատկապես վարորդի տեղն էր այրված՝ անիվից մինչեւ ապակիներ: Ժամը 22-ին արդեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայության փորձագետները քննչական գործողություններ էին կատարում:

Մեքենան հրկիզելուց հետո գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի  աղմուկ-աղաղակը, վարկած առաջ քաշելը բնական էր։ Աղմուկից հետո լռելն էլ բնական էր։ Ամենալավը մտածենք․ մտովի իր ուժերը չափել, անհնարին է գտել պայքարելը և լռել է։ Չնայած նրա նման հախուռն մարդու համար լռությունը հենց այնպես լինել չէր կարող։ Բայց ընդունենք, որ լռել է անզորությումից։ Այսօր նա ՀՀ վարչապետ է։ Ինչու՞ քայլ չձեռնարկեց բացահայտելու այդ գործը։ Դա իր համար խաղ ու պար էր։ Վարկած էր առաջ քաշում, պատմում՝ թե իրեն ինչ հետաքննություն անելու համար են ահաբեկել և ում շրջապատից։ Ի՞նչ եղավ։ Այդ գործը  կենցաղային մի երկու ապրանք գողանալուց ավելի՞ անկարևոր էր։ Գործը այն ժամանակ էլ խորհրդավոր էր, լավ հիշում ենք, ավարտն ավելի խորհրդավոր էր, դա էլ ենք հիշում, հիմա էլ շարունակում է մնալ խորհրդավոր։ Ի վերջո ո՞վ էր հրկիզել  մեքենան։

Այսօր Նիկոլ Փաշինյանը կարող էր իր  ֆեյսբուքյան գրառումն այսպես ձևակերպել․ 

2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի իմ ավտոմեքենան։ 2019 թվականի նույն օրը բացահայտվեց, թե ով է արել։ Սա կլիներ նոր ու նախկին իշխանությունների տարբերությունը։ Նախկինը չի բացահայտել, նորը բացահայտում է։ Նախկինում լռում էր, որովհետև իրեն ճնշում էին, այսօր ինքն է «ասֆալտին փռողը, պատերին ծեփողը», բացահայտում է։  Թե չէ հուզական գրառումով խաղալ մարդկանց հույզերի հետ, որպեսզի ինչ որ զանգված լաց լինի, սրտաճմլիկ բառեր ասի, սփոփի իրեն, որ ի՞նչ։ Նման բաներն են, որ դատող մարդկանց թույլ չի տալիս հավատալու ձեզ, վարչապետ, ներող, բայց դա ձեզ օգնելու համար եմ ասում։ Ամենամեծ սգից անգամ մարդը դուրս է գալիս ու հասկանում, որ կյանքը շարունակվում է։ Անընդհատ հուզական վիճակում չեք կարող պահել մարդկանց։