«Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառը Զատիկն էր». Սասուն Գեւորգյան

«Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառը Զատիկն էր». Սասուն Գեւորգյան

Ապրիլի 29-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 1932 դեպք կար: Նախորդ օրվա համեմատ դեպքերի թիվն աճել էր 65-ով: Իսկ ապրիլի 30-ին ռեկորդային թիվ է գրանցվել՝ 2066: Հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրում ավելացել է 134-ով: Ի՞նչ է նշանակում սա: Ո՞րն է կրկնակի աճի պատճառը: 

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սասուն Գևորգյանն իր բացատրությունն ունի՝ պատճառը Զատիկն է: «Դա Զատկի տոներին նախորդող ակտիվ մարդկային շփումներն էին, այդ օրվա աժիոտաժի արդյունքը կարող է լինել: Եթե նայում ես տվյալները, մինչև ապրիլի 12-ը՝ Սուրբ Զատիկի տոնը, թվերն արդեն իջնում էին: Իհարկե, ես միայն ենթադրություն կարող եմ անել: Զատկի տոնը, կարծում եմ, մարդիկ, այնուամենայնիվ, նշեցին, բարեկամներով հավաքույթներ արեցին, ու հիմա, ահա, քաղում ենք պտուղները: Իհարկե, ես չեմ կարող ասել վստահաբար, բայց կարծում եմ, սա իր բացասական դերը խաղաց», - ասաց գիտնականը, պատասխանելով «Հրապարակի» հարցերին:  Սասուն Գևորգյանն իր ենթադրությունը պատճառաբանում է Հայաստանում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թվաքանակի շարժով: Բերված թվերից հանված են ապաքինվածները: Ըստ այդմ, մարտի 12-14-ից հետո մինչև ապրիլի 3-ը «ակտիվ» հիվանդներն ավելացել են, հասնելով 736-ի: Այնուհետև աճը կանգնել է, և մինչև ապրիլի 10-11-ը համեմատաբար կայուն իրավիճակ ենք ունեցել, առանց էական տատանումների: Ապրիլի 11 - 15-ը դինամիկայի նվազում է արձանագրվել, իսկ ապրիլի 15-ից, այսինքն՝ Զատիկից 3 օր անց, կորը կրկին վեր է խոյացել:
Սասուն Գևորգյանը ներկայում բնակվում է կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ հաջողություններ արձանագրած Թայվանում, հետևում է համավարակի տարածմանը և համեմատություններ է անում: 
«Թայվանի տարածքը համարյա Հայաստանի չափ է, բայց բնակչությունը 25 մլն է: Այսինքն, Թայվան կղզու բնակեցման խտությունը Հայաստանից 10 անգամ ավելի է: Բայց մարդիկ այստեղ խստորեն պահում են պետության կողմից սահմանված կանոնները, և արդեն երկար ժամանակ է, հիվանդների թիվը մոտ 420-ից չի անցնում: Կորոնավիրուսի տարածման հիմնական գործոնը մարդն է, որը Հայաստանում կարգապահ չէ: Սա է վարակի դեմ պայքարում Թայվանի հաջողության ու Հայաստանի ձախողումների հիմնական պատճառը», - ասում է գիտնականը: 
«Քանի որ այս երկիրը մի քանի վարակով անցել է, այստեղ բոլոր կանոնները հստակ պահվում են՝ ձեռնոց հիմնականում չեն դնում, բայց դիմակներ պարտադիր հագնում են: Բուժհաստատությունների մուտքերի մոտ ջերմաստիճան են չափում: Եթե առողջությունդ չես ապահովագրել, քեզ բուժհիմնարկին մոտ չեն թողնի: Հայաստանում նման պրակտիկա չկա, գոնե մի պահակ չեն դնում, որ պոլիկլինիկաներ մտնողների ջերմությունը չափեն»: Թայվանում ոչ դպրոց են փակել, ոչ մանկապարտեզ, ոչ տրանսպորտ են կանգնեցրել ու գործարաններ: 
Մետրոյում, մեծ խանութների ներսում դիմակ կրելը պարտադիր է: Հայաստանում, ըստ Գևորգյանի, նույնիսկ իշխանության ներկայացուցիչները՝ ԱԺ-ում, կառավարության նիստի ժամանակ դիմակներ չեն կրում: «Որ ասում են՝ «կամենդանտ», զինվորական բան կա, չէ՞, դրա մեջ:  Իսկ Հայաստանի արտակարգ դրության պարետը համազգեստ չի հագնում, «բաբոչկան» վզին, պտտվում է: Մինչդեռ իրենք պետք է օրինակ ծառայեն: Եթե նրանք չեն հագնում, էն բեսեդկի բլոտ խաղացողն էլ մտածում է՝ սաղ սուտ ա, ինքն ինչու պետք է դիմակ ու ձեռնոց հագնի»: Իհարկե, Հայաստանում նաև դիմակների արտադրությունն է խնդիր, որոնք թանկ են՝ հատը 250 դրամ, ու քիչ, դեղատներում սպառվում են օրվա վերջում: Անցել է երկու ամիս, բայց բավարար թվով դիմակների արտադրությունը չի կարգավորվել: Սա կարո՞ղ է ազդել համավարակի տարածման տեմպի վրա: «Թայվանում օրական 12-13 մլն դիմակ են արտադրում: 2 շաբաթվա համար 9 դիմակ մեծերին է հասնում, 10 դիմակ` փոքրերին: Հայաստանում օրական գոնե 1,5 մլն է պետք», - նշում է Գևորգյանը: 
Նա օրերս «լայվ էր» մտել ու ցուցադրում էր հայրենակիցներին, թե ինչպես են Թայվանում դիմակը բազմակի օգտագործման ենթակա դարձում՝ այն տեղադրում են զուգագուլպայի կտոր հիշեցնող գործվածքի մեջ, որը մանր, սինթետիկ ցանց է հանդիսանում, և օգտագործելուց հետո լվանում այդ կտորը: