Հակառակորդը երեկ կրակոցներ է արձակել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ. ՔԿ

Հակառակորդը երեկ կրակոցներ է արձակել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից հայտնում են, որ 2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու եւ ավելի անձանց կյանքից զրկելու եւ գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ, որի հետեւանքով արկի պայթյունից վնասվել է նշված պահակակետը, իսկ պահակակետում պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի երկու ոստիկաններ ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ  քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 13-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:


Կատարվում է նախաքննություն: