Արայիկ Ղազարյանը նախքան մարտական դիրքը թողնելը մարմնական վնասվածքներ չի ունեցել. ՔԿ

Արայիկ Ղազարյանը նախքան մարտական դիրքը թողնելը մարմնական վնասվածքներ չի ունեցել. ՔԿ

Դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանը նախքան մարտական դիրքը թողնելը մարմնական վնասվածքներ չի ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019թ.-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա.Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:

Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 24.07.2019թ.-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա.Ղազարյանի բուժգրքույկում:

Վերոգրյալի մասին Ա.Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: