Չկա՝ Սմբատյան ու արտոնություններ, կա՝ 24/7 ռեժիմում աշխատանք

Չկա՝ Սմբատյան ու արտոնություններ, կա՝ 24/7 ռեժիմում աշխատանք

Հարցազրույց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ

-Պարոն Սմբատյան, հուլիսի 10-28-ը Երեւանում անցկացվեց «Music 20» առցանց միջազգային փառատոնը, որի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր։ Ինչպե՞ս հաջողացրեցիք համավարակի այս օրերում կազմակերպել նման փառատոն, ինչի առիթով նաեւ դժգոհություններ հնչեցին։  

-Փաստացի, «Music 20»-ը այն հաջողությունն էր, որ նվագախումբը լինելով Հայաստանում, անհավանական անտիներցիոն պարագայում, երբ ամեն ինչ բերում է նրան, որ մարդ չաշխատի, ապացուցեց, որ կարող ենք եւ պետք է շատ աշխատենք։ Կարծում եմ, որ արժեք ստեղծելը կարող է լինել հստակ ձեւաչափ, մոտեցում։ Հարցը այստեղ ոչ թե կոնկրետ այս կամ այն պրոյեկտն է, այլ մեր պատկերացումը, որ կարող է լինել շատ մեծ հաջողություն, երբ չկա պայման, ամեն ինչ փակ է։ Իմ նպատակն այն էր, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ երաժշտությունը ստրատեգիկ մակարդակի կարեւոր նշանակություն ունի, թե ոնց ենք մենք դա կոմինիկացնում, դա էլ մեր ձեռքբերումն է։ Կարծում եմ՝ ստացվեց լիիրավ միջազգային փառատոն, որին եկել էին միջազգային կլասի երաժիշտներ, որոնք աշխարհում առաջիններից են եւ ընկալեցին Հայաստանը երկիր, որը կարողանում է փոխել միջավայրը։ Ամբողջ երաժշտական աշխարհը իմացավ «Music 20»-ի մասին, իհարկե եղան արտիստներ, որոնք հեռու էին եւ մենք ռիսկ չարեցինք իրենց հրավիրել, որովհետեւ կարող էր խնդիր լինել։ Ես փորձեցի առաջին հերթին այն երաժիշտներին կոմունիկացնել, որ այսքան տարիներ եղել են նվագախմբի կողքին ու նույնիսկ նվագել են անվճար համերգներ՝ հավատալով նվագախմբի ապագային։ Պետությունը իհարկե օգնել է այն իմաստով, որ հավատացել է իմ գաղափարին եւ այնքանով, որ բոլորս ոգեւորվել ենք ու ունեցել աշխատելու պայմաններ։ Կարեն Ղազարյանն էլ, որպես գործընկեր ֆանտաստիկ ձեւով մոտիվացրեց ինձ եւ Մարզահամերգային համալիրը տրամադրեց մեզ, թեպետ ես իմ տեսակով արդեն մոտիվացված մարդ եմ։ Բայց ֆինանսական աջակցության համար կատեգորիկ չեմ դիմել պետությանը, որովհետեւ բարոյական նորման շատ լավ գիտակցում ենք եւ երբեք չենք խախտել, ի տարբերություն շատ մարդկանց, որոնք դժգոհ են իմ նախաձեռնություններից։ 

-Այնուամենայնիվ, պետական աջակցություն՝ ոչ ֆինանսական, բայց թույլտվության տեսքով եղել է․․․։

-Այո, բայց մարդկանց քննադատելու տենչը այնքան մեծ է, որ չեն ծանրաբեռնում իրենց, որպեսզի տեսնեն՝ եղել է աջակցություն, թե՝ ոչ։ Նորից եմ շեշտում, որ մենք նույնիսկ չենք էլ դիմել ֆինանսական աջակցության համար, որովհետեւ դա բարոյական էլ չէր, հիմա չի կարելի պետությունից գումար ուզել, եթե մենք կարող ենք գտնել գումար, որ դա ստեղծենք՝ անում ենք։

-Եվ գտաք այդ գումարը։

-Իհարկե գտանք․ ընկերներ, ընկեր-գաղափարակիցներ, ֆոնդեր, մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն եւ հավատում են նվագախմբի ճակատագրին ու, որ մենք ստեղծում ենք արժեք, որը իքս ժամանակ հետո կարող է կապիտալիզացվել։ Երբ Ֆրանչեսկա Դեգոն‚ Անդրեյ Բարանովը‚ Ջանլուկա Մարչիանոն գալիս են Հայաստան ու ասում են` Հայաստանը երաժշտական քարտեզի վրա առաջին երկիրն է, որ տվեց հույս, որ գնում ենք դեպի կյանք, որտեղ երաժիշտը ունի գործունեություն, դա շատ բան արժե։ Եվ այո, մենք այդ երկիրն ենք՝ միայն փաստերով, իսկ լիրիկաները արժեք չունեն։ 

-Ինչո՞վ արժանացաք այն հատուկ վերաբերմունքին, որ Պարետատունը թույլ տվեց՝ 60 հոգանոց կազմով նվագախումբը ելույթ ունենա համալիրում եւ անցկացվի միջազգային փառատոն՝ տարբեր արտիստների մասնակցությամբ։ Երաժշտական հանրությունը նշեց, որ պետությունը, պարետատունը երկակի ստանդարտներ է կիրառում եւ շարունակում է արտոնյալների արատավոր պրակտիկան։

-Չգիտեմ ինչով ենք արժանանում, բայց ասեմ, որ անգամ հանդիպում չեմ ունեցել Պարետատնից ոչ մեկի հետ։ Ես ընդամենը ներկայացրել եմ ծրագիր։ Մի հայտնի պատմություն կա՝ Կոլոմբոսի եւ իր ընկերների մասին, Կոլոմբոսն ասում է՝ կարո՞ղ եք ձուն այնպես դնել, որ մնա սեղանի վրա, ընկերները փորձում են՝ չի ստացվում, Կոլոմբոսը վերցնում է ձուն ու խփում սեղանին, որից հետո բնականաբար ձուն մնում է սեղանին։ Դրանից հետո ընկերներն ասում են՝ այդպես մենք էլ կարող էինք անել․․․

-Գուցե, պարզապես չուզեցին վտանգել իրենց կոլեկտիվների առողջությունը եւ դրա համար այդպես չարեցին․․․

-Այստեղ գալիս է արդեն կարմայի թեման, կոլեկտիվներ կան, որոնք արդեն այդ վարակի խնդիրը ունեն, ես դա իմացել եմ մի քանի օր առաջ, բայց հարցը դա չէ, մենք առաջարկել ենք փաթեթ, որը կազմել են շատ լուրջ մարդիկ, մասնագետներ, որոնք ուսումնասիրել են միջազգային փորձը, պետական օրենքները, դրանց կարգավորումները եւ այդ ամենը հաշվի առնելով առաջարկել ենք ձեւաչափ՝ մարդկանց աշխատանքային գրաֆիկ, ախտահանումների ժամանակացույց, մարդկանց ելք ու մուտք, նրանց տեղաշարժը դահլիճում, ընդմիջումների դուրս գալու ժամերը։ Ուսումնասիրություն է արվել, թե փողային գործիքների միջեւ ինչ հեռավորություն պետք է լինի, որ մարդիկ չվարակվեն, մի խոսքով արվել է գիտական աշխատանք։ Բոլոր դժգոհող մարդկանց կարելի է լսել, սփոփել կամ հասկանալ, բայց մենք ոչ մեկին չենք խանգարել ու չկա՝ դարձյալ Սմբատյան ու արտոնություններ, կա ընդամենը աշխատանք՝ 24/7 ռեժիմում։ Ու որպես փառատոնի արդյունք, ունեցանք 45 հազար դիտում, որը եթե օրինակ Եվրատեսիլի մասին խոսեինք՝ կասեինք նորմալ չափանիշներ են, իսկ այս դեպքում ուղղակի խելագար թիվ է, ինչը փաստում է հաջողության մասին։ 

-Շատերի պնդմամբ, իրենք էլ են դիմել, բայց չեն ստացել այդ թույլտվությունը։

-Գուցե ուրիշ նվագախմբեր լավ չեն կոմունիկացրել ինչ են ուզում անել, բայց ես կարող եմ ասել, թե ինչու են մեզ թույլատրել։ Մենք ներկայացրել են մասշտաբային մի փաթեթ՝ գիտական հիմնավորումներով, ուսումնասիրություններով եւ արտ ծրագիր։ Մենք դիմել ենք, որպեսզի անենք գործ, իսկ մյուս կոլեկտիվները դիմել են, որ անեն փորձ։ Իսկ ինչի՞ համար եք անում փորձ, դուք գիտեք ե՞րբ կլինի պրոֆեսիոնալ կոմունիկացիան։ Իսկ, երբ ձեզ առաջարկում են՝ փորձ, թե գործ, այստեղ պրագմատիկ դիսկուրսն ավարտվում է։     

-Իսկ փառատոնի ընթացքում վարակման դեպքեր գրանցվե՞լ են։

-Փաստացի ոչ մեկ չի վարակվել, ամեն ինչ աշխատել է շատ հստակ, նույնիսկ ես շենք մուտք չեմ գործել առանց անհրաժեշտ տեխնիկական պահանջների եւ դա է հարգանքը, որովհետեւ եթե հարգանքը լինում է բանավոր, մենք ունենում ենք կոլապս, հարգանքը պետք է լինի գործով մարդկանց հանդեպ։