Վախեցած և անվճռական իշխանությունը ապագա չի կարող ունենալ

Վախեցած և անվճռական իշխանությունը ապագա չի կարող ունենալ

Մարտահրավերը յուրաքանչյուր հանրույթի և համակարգի գոյության առաջնային շարժառիթներից մեկն է։ Այսինքն, եթե կա համակարգ, ապա դրա հետ զուգընթաց պետք է լինեն նաև շարունակական մարտահրավերները։ Ասվածի համատեքստում համակարգի խնդիրը կենսունակություն դրսևորելն ու մարտահրավերներին պատշաճ դիմագրավելն է։ 

Հիմա այս խաղընթացը փորձենք խաղարկել հայկական իրականությունում՝ դնելով հետևյալ հարցադրումը․ արդյոք Հայաստանի կառավարման համակարգը կարողանո՞ւմ է դիմագրավել մարտահրավերներին, թե՞ ոչ։ Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի կառավարությունն ու ընդհանրապես ամբողջ քաղաքական ընտրախավը, ոչ միայն չեն կարողանում դիմադրել մարտահրավերներին, այլ փորձում են չտեսնել դրանք, քանի որ ոչ ռազմավարություն ունեն և ոչ էլ գործողությունների հստակ մեթոդաբանություն։

Որևէ կամայական խնդրի կարգավորման մեթոդաբանության համար անհրաժեշտ են հիմնարար կոնցեպտներ, իսկ դրանք էլ իրենց հերթին ի հայտ են գալիս դիսկուրսի և տեսակետների խմորման արդյունքում: Բայց ինչպես տեսնում ենք կառավարող թիմը ոչ միայն տեսակետ չունի, այլ նաև ընդհանրապես վախենում է տեսակետ ունենալու մտքից:  Մոտավորապես ստացվում է հետևյալ պատկերը. կա մարտահրավեր, չկա մեթոդաբանություն, չկա կոնցեպտ, չկա տեսակետ, բայց կա վախ, որը հետապնդում է հեղափոխական թիմին: Այսինքն ոչինչ չկա, միայն վախն ու մարտահրավերն են՝ դեմ դիմաց, լուռ ու անորոշ:

Վերոհիշյալ միտքը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հեղափոխական կառավարությունը Հայաստանի ամենակարևոր հիմնախնդիրների վերաբերյալ տեսակետ չունի և կարծես թե, չի էլ պատրաստվում ունենալ, Ամուլսարից մինչև Ղարաբաղյան հակամարտություն, կրթական համակարգից մինչև տնտեսական քաղաքականություն և այսպես շարունակ։ Իսկ ինչի՞ց է վախենում է «հեղափոխական» կառավարությունը: Փորձենք հասկանալ: Հայկական միջավայրում արդյունավետ կառավարման հարցադրումը երբևէ դիսկուրսի առարկա չի դարձել: 2018 թ.-ի հեղափոխությունը հայ հանրույթին տվեց համանման հնարավորություն, բայց, ցավոք սրտի, այդ պատմական հնարավորությունը մսխվեց, իսկ մսխման առաջամարտիկները բնականաբար «հեղափոխականներն են», իհարկե Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Կարծես թե կառավարող թիմին մտահոգող միակ հարցադրումը հետևյալն է. ինչպե՞ս պահպանել բարձր վարկանիշը: Սա իհարկե անթույլատրելի մոտեցում է, ավելին՝ արդար պետության գաղափարի հետ անհամատեղելի: Հենց այդ հարցադրումից է ձևավորվում ու ճյուղավորվում վախը, որը հանգիստ չի տալիս ոչ ոքի: Նրանք աշխատում են շարունակական վախի պայմաններում, վախենում են ֆեյսբուքից, վախենում են քննադատությունից, վախենում են ընդդիմությունից և վերջապես վախենում են դեմ դիմաց կանգնել ժողովրդի առջև ու բացատրել պետության ընթացքի բովանդակությունը: Փաստորեն «հեղափոխականները» վախենում են տեսակետ ունենալ ամենակարևոր հիմնախնդիրների վերաբերյալ և այդ տեսակետով կիսվել ժողովրդի հետ:

Ինչպես վերևում նշեցինք մարտահրավերի գոյությունն ինքնին բնական երևույթ է, կարևորը ոչ թե մարտահրավերն է, այլ դրան պատասխանելու մեթոդաբանությունը: Ասվածի տրամաբանությունից գալիս ենք այն եզրակացության, որ այսօրվա մեր հիմնախնդիրներն ամենևին էլ սարսափելի չեն, սարսափելին կառավարող թիմի վախեցած անկարողությունն է: Իսկ անկարողության պատճառը ճիշտ հարցադրման բացակայությունն է: «Ինչպե՞ս պահպանել բարձր վարկանիշը» պետք է փոխարինվի «Ինչպե՞ս կազմակերպել արդյունավետ կառավարում» հարցադրումով: Ավելին՝ վերջին հարցադրումը ինչ-որ մի օր պետք է փոխակերպվի պնդման. կազմակերպել արդյունավետ կառավարում՝ թքած ունենալով վարկանիշի և տարատեսակ վախերի վրա: Ահա սա է պատճառը, թե ինչու կառավարությունը հաճախ չի կարողանում որոշում կայացնել, իսկ երբեմն էլ, չդիմանալով ճնշումներին, արագ նահանջում է, ինչն էլ մեր համոզմամբ թուլամորթություն է։ Վարկանիշի վախը թույլ չի տալիս վճռական ու համարձակ լինել, իսկ սա չափազանց լուրջ խնդիր է, քանի որ ամենապատասխանատու պահին վախեցած կառավարող թիմը հնարավոր է և չկարողանա որոշում կայացնել՝ վտանգի տակ դնելով պետությունն ու պետական համակարգը։ 

Վերջաբանի փոխարեն արձանագրենք հետևյալը․ Փաշինյանի կաբինետը նախաձեռնող ու խաղի կանոններ թելադրող քաղաքականություն իրականացնելու փոխարեն ստանձնել  է դիտորդի և արձագանքողի դերակատարություն։ Այսինքն, չկա գործունեության և կառավարման հստակ ռազմավարություն, չկան մարտահրավերների կանխատեսման և կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ։ Ընդհակառակը՝ կառավարությունն այս կամ այն մարտահրավերին արձագանքում է միայն դրա դրսևորման պահին կամ էլ հետո։ Այսինքն պետական կառավարման համակարգը իրադարձային բնույթ ունի, իսկ այս տրամաբանությամբ որոշումներն ու լուծումներն էլ պարտադրված կերպով կարճաժամկետ են ու այս կամ այն իրավիճակով պայմանավորված։ 

Ամբողջ խնդիրն այն է, որ պետությունը չի կարող տևական ժամանակ գործել այս փիլիսոփայությամբ՝ կարճաժամկետ քայլերով ու պահի ազդեցությամբ։ Զարգացման և բնականոն կեցության համար անհրաժեշտ են երկարաժամկետ ռազմավարական լուծումներ ու մոտեցումներ։ Պետության դերակատարությունը չի կարող  սահմանափակվել մեխանիկական ու վախեցած արձագանքողի շրջանակներում, քանի որ համակարգի արդյունավետության առաջնային չափորոշիչը ապագայի հեռանկարն է։